27.02.2015 17:00

«Հարցազրույց Հայաստանի հետ»: Վահե Գրիգորյան. Սահմանադրությունն այլևս մեր պաշտպանության կարիքն ունի

«Հարցազրույց Հայաստանի հետ»: Վահե Գրիգորյան. Սահմանադրությունն այլևս մեր պաշտպանության կարիքն ունի

Հատված 1. Սահմանադրությունը «ինքնիշխանությունը զիջելու» որևէ ակնարկ անգամ չի պարունակում

ԵՏՄ անդամակցության համատեքստում խոսակցություններ կան ինքնիշխանության կորստի վտանգի մասին, սակայն հարցի իրավական կողմին այդպես էլ չեն անդրադարձել: Խոսենք հարցի իրավական կողմի մասին. որևէ միջազգային միության միանալիս` Սահմանադրությամբ հնարավո՞ր է ինքնիշխանության թեկուզ մասնակի կորուստ: Մասնավորապես, արդյո՞ք ՀՀ-ն, անդամակցելով ԵՏՄ-ին կամ որևէ այլ միջազգային կառույցի, զիջում է իր ինքնիշխանությունը:

Մինչ որևէ կազմակերպության կամ միավորման անդամակցության հարցին անդրադառնալը, պետք է առնվազն հպանցիկ կերպով հստակեցնենք ինքնիշխանություն հասկացության և դրա այսօրեական բովանդակության, ինչպես նաև դրա զիջման հնարավորության հարցը միջազգային պայմանագրից ավելի բարձր իրավական ակտի՝ Սահմանադրության կարգավորումների շրջանակում:

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է». սա Սահմանադրության 1-ին հոդվածից ամբողջական մեջբերում էր: Այս հոդվածի, ինչպես և դրա անփոփոխության մասին Սահմանադրության 114 հոդվածի բովանդակությունն անփոփոխ է:

Արձանագրենք, որ սույն դրույթով ամրագրված հիմնարար դրույթից շեղման նվազագույն իսկ հնարավորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ: Միաժամանակ նաև,  Սահմանադրությունը չի պարունակում «ինքնիշխանությունը զիջելու» կամ «ինքնիշխանությունը մասնակի զիջելու» որևէ ակնարկ անգամ. ինքնիշխանության բացարձակության բնույթը ինքնին և առաջնահերթությամբ բխում է Սահմանադրության անփոփոխ հոդվածում նախատեսված լինելու փաստից:

Իսկ ի՞նչ նկատի ունենք «ինքնիշխանություն» ասելով. այս հասկացության միջազգային-իրավական այսօրեական բովանդակությունը ձևավորվել է Եվրոպայում դեռևս 17-րդ դարի երկրորդ կեսին և մինչ այսօր, չնչին վերափոխումներով, դեռ շարունակում է միջազգային իրավունքում մնալ «պետության ինքնիշխանություն» հասկացության առանցքը: Եթե հնարավոր լիներ մի քանի բառով այն հակիրճ նկարագրել մեր Հանրապետության վերաբերությամբ, ապա սա հանգում է հետևյալին. Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ներքին գործերում բացառիկ իշխանազորություն իրականացնելու և արտաքին աշխարհում միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ համահավասար հանդես գալու պետության իրավական հնարավորությունն է:

Ի դեպ, ևս մեկ հստակեցում: Պետության «անկախություն» և «ինքնիշխանություն» հասկացությունները նույնաբովանդակ չեն: Պետության «անկախությունը», ամենահակիրճ ձևակերպմամբ, վերը նշված ինքնիշխանության իրական, փաստական վիճակին է վերաբերում, մինչդեռ պետության «ինքնիշխանությունը» պետության անկախության իրավական կարգավիճակն է՝ պատշաճորեն ամրագրված այդ ինքնիշխանության աղբյուրի (մեր Հանրապետության դեպքում՝ ժողովրդի) կողմից և ճանաչված մյուս բոլոր (կամ միջազգային իրավական ճանաչման համար անհրաժեշտ չափով) ինքնիշխանների (սուվերենների) կողմից:

Չնայած «պետության ինքնիշխանություն» եզրը հիմնականում և առավելապես մասնագիտական (քաղաքագիտական, իրավագիտական, պատմագիտական և տնտեսագիտական) ոլորտներում քննարկվել է դրա արտաքին՝ միջազգային ասպարեզում պետության ունեցած իրավասուբյեկտության և այլոց հետ ունեցած արտաքին հարաբերությունների համատեքստում, այդուհանդերձ «պետության ինքնիշխանություն» հասկացության բովանդակության առաջնային տարրը դրա ներքին՝ ինքնիշխանության կրողի կամ հավակնություն ունեցողի ձևակերպված և հռչակած դիրքորոշումն է՝ նրա կամքն առ ինքնիշխան կարգավիճակ:

Այսինքն, մինչև որևէ սուբյեկտ չի հռչակել իր «ինքնիշխանությունը» իր ներքին կարգի պահպանմամբ, այն չի կարող հավակնել միջազգային հարաբերություններում այդպիսի կարգավիճակի գործնական ճանաչման: Եւ նույն սիմետրիայով, երբ խոսքը վերաբերում է ինքնիշխանության կորստին կամ դրա զիջմանը, կրկին այն չի կարող տեղի ունենալ որևէ այլ կերպ, քան ինքնիշխանությունից հրաժարվելու կամ այն զիջելու ձևով:

Մասնավորեցնելով մեր դեպքի վրա և առանց մեր Հանրապետության անկախության և ինքնիշխանության իրավական պատմության ընթացքի մանրամասներին անդրադառնալու՝ ընդամենը նկատենք, որ անկախության հռչակմամբ ինքնիշխանության կարգավիճակի արձանագրմանն է միայն հաջորդում միջազգային իրավական ճանաչումը: Այլ խոսքով, մեր պետության՝ որպես ինքնիշխանի  միջազգային ճանաչումը տեղի է ունեցել նախ և առաջ ի պատասխան Հայաստանի ժողովրդի՝ 1991 թ.-ին ընդունած Անկախության հռչակագրի: Հետագայում՝ Հայաստանի Հանրապետության (ինքնիշխանության) միջազգային իրավական գործընթացը գերակշռաբար լրացավ 1992թ.-ին՝ մեր Հանրապետության՝ ՄԱԿ անդամակցությամբ:

Չնայած մեր պետության ինքնիշխանության ձեռքբերման գործում Անկախության հռչակագիրը կատարել է Հայաստանի ժողովրդի՝ ինքնիշխան պետության հիմնադրմանն ուղղված կամքի արձանագրման առաջին իրավական փաստաթղթի դերը, Հայաստանի ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը ընդունվել է 1995թ.-ին. դա մեր Սահմանադրությունն է, որի 1-ին հոդվածով էլ սկսեցինք այս զրույցը:

Ամենևին էլ չնսեմացնելով մեր Անկախության հռչակագրի իրավական նշանակությունը՝ պետք է արձանագրեմ, որ այն նախ և առաջ և գերակշռաբար քաղաքական բովանդակության ակտ է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության 4 բնութագրիչ և անփոփոխ որակները («ինքնիշխան», «ժողովրդավարական», «սոցիալական» և «իրավական») իրավական ամենակայուն և մնայուն կերպով արձանագրված են Սահմանադրությամբ: Ոչ ոք, նույնիսկ մեր Հանրապետության իշխանության տերը՝ ժողովուրդը, իրավունք  չունի այս հոդվածի որևէ փոփոխություն կատարելու: Իրավական այսպիսի լուծումը (չթաքցնելով հիացմունքս՝ արձանագրեմ՝ հանճարեղ) եղել և շարունակելու է մնալ մեր Հանրապետության ինքնիշխանության առաջնային և անփոփոխ երաշխիքը:

Այսինքն, Սահմանադրությունից ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտի, ներառյալ նաև ԵՏՄ կամ հավանական ՄՄ պայմանագրի կնքումն ու վավերացումը չեն կարող սահմանափակել Հայաստանի ինքնիշխանության իրավական բովանդակությունը և չի սահմանափակում, եթե համապատասխան փոփոխություն չկատարվի Սահմանադրության մեջ. ինչպես նկատեցինք` այդ փոփոխության հնարավորությունը բացառվում է մեր Սահմանադրությամբ: Հայաստանի Հանրապետության ինքիշխանության մասին Սահմանադրական անփոփոխ դրույթի բովանդակությունը պայմանավորված չէ վավերացված միջազգային պայմանագրերի բովանդակությամբ: Այդ դրույթը չի սահմանափակվում կամ դադարում որևէ պայմանագրի կնքմամբ: Ավելին, Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերն առհասարակ իրավական ակտ են համարվում և հանդիսանում մեր օրենսդրության բաղկացուցիչը` հենց Սահմանադրության ուժով: Առանց Սահմանադրությամբ  իրավական ակտ ճանաչված լինելու հանգամանքի՝ նման միջազգային պայմանագրերի արժեքը մեր իրավակարգի համար ավելին չէ, քան այն թուղթը, որն օգտագործված է դրանց արձանագրման համար: Մինչդեռ ի տարբերություն սրա՝ Սահմանադրությունը գործում է անկախ որևէ պայմանագրի առկայությունից, գործողությունից կամ դրա դադարումից:

Սակայն, այսքանն ասելով՝ ես նկատի չունեմ, որ գործնական քաղաքականության կամ տնտեսության կառավարման ոլորտում ԵՏՄ պայմանագրի վավերացմամբ Հայաստանի փաստացի անկախության նվազման համար չեն ստեղծվի նպաստավոր պայմաններ՝ արտաքին քաղաքականության, տնտեսության կառավարման, մշակութային քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Սա արդեն ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի գործունեություն կծավալի կառավարությունը` կնքված միջազգային պայմանագրի շրջանակներում: Եթե այն իրապես հանգեցնելու է Հանրապետության անկախության նվազման, ապա սրա իրավական և քաղաքական առաջնային նշանակությունը լինելու է այն, որ նման կառավարությունը խախտում է Սահմանադրությունը:

Իսկ այսպիսի ելքի կանխման համար ոչ թե պետք է անհանգստանալ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման չհանգեցնող  միջազգային պայմանագրեր վավերացնելուց կամ դրանց գործողությունը դադարեցնելուց (նման իրողությունների առջև մենք միշտ կանգնելու ենք միջազգային քաղաքականության հորձանուտում մեր դիրքերը պահելու համար), այլ ունենալ այնպիսի կառավարություն, որը պետության ինքնիշխանության հրամայականով կաշկանդված` մշտապես և նախանձախնդրորեն հետամուտ կլինի մեր  Հանրապետության ինքնիշխան կարգավիճակին համահունչ անկախության ապահովմանը:

Հատված 2. Սահմանադրական փոփոխությունները ինքնիշխանության զիջման մեխանիզմ են ստեղծելու

Փաստորեն Սահմանադրությամբ ինքնիշխանության զիջման, սահմանափակման կամ դրա ծավալի նվազեցման որևէ իրավական մեխանիզմ նախատեսված չէ՝ հաշվի առնելով մանավանդ առաջին հոդվածի՝ անփոփոխ դրույթում արձանագրված լինելը: Կոնկրետ այս հարցի առնչությամբ տարբերություն կա՞ Սահմանադրության և դրանում առաջարկվող փոփոխությունների միջև:

Առաջարկվող փոփոխությունների հայեցակարգում ինքնիշխանության հարցին  անդրադարձ է կատարված հայեցակարգի՝ հանրաքվեներին վերաբերող հատվածում: Բառացի մեջբերեմ. «Հանրաքվեի ինստիտուտի զարգացման համար հայեցակարգային հիմնական մոտեցումներն են. ... նախապատվությունը տալ հանրաքվեների շրջանակի որոշակիացման այն տարբերակին, ըստ որի՝ հանրաքվեի են դրվում այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, ինչը հանգեցնելու է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումների»:

Հայեցակարգի հեղինակների կողմից ինքնիշխանության զիջման այս վտանգավոր գաղափարը փորձ է արվել քողարկել նման իրավասությունը «մեծահոգաբար» ժողովրդին վերապահելու իրենց «ժողովրդանպաստ» նպատակով: Մինչդեռ գործ ունենք գավառական խորամանկության անհաջող փորձի հետ. ինքնիշխանության զիջման որևէ հնարավորության բացակայության դեպքում այս հայեցակարգի հեղինակների կողմից խնդիր է դրվել առաջին հերթին Սահմանադրության 1-ին հոդվածի էությանը հակառակ գործունեության համար «սահմանադրական մեխանիզմ» ձևավորել:

Բացի այդ, նման մոտեցումն ինքնիշխանության մասնակի զիջումը ժողովրդի իշխանության տիրույթ բերելու և քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու, այլ խոսքով՝ նաև օրվա քաղաքական իշխանությունն իրականացնողի քաղաքական, իրավական և պատմական պատասխանատվության փոշիացումը ինքնիշխանության զիջման հակասահմանադրական ակտի համար ապահովելու և մեղքն ամբողջությամբ նման որոշումը կայացրած ընտրողի վրա բարդելու նպատակ ունի:

Այսպիսով, մի կողմ դնելով առաջարկվող փոփոխությունների պարունակած այլ վտանգները (որոնցից յուրաքանչյուրն առանձին հարցազրույցների թեմա կարող է լինել)՝ հենց միայն այս փաստի բերումով ինձ համար հստակ է սահմանադրական փոփոխությունների հեղինակների անթաքույց նպատակը ինքնիշխանության մասով՝ ստեղծել այն պատուհանը, որով հնարավոր է ինքնիշխանության զիջումը: Թեպետ Սահմանադրության առաջին հոդվածը անփոփոխ է, այդուհանդերձ այս փոփոխությունների «հաջողության» դեպքում Սահմանադրության տեքստում ինքնիշխանությունը զիջելու մեխանիզմ է  նախատեսված լինելու, ինչն ուղղակի վտանգ է արդեն Հանրապետության անկախության փաստացի և անխոչընդոտ զիջման համար, ինչպես և սահմանադրական դատարանի կողմից նման զիջման սահմանադրականության որոշման վրա կնիք դնելու համար:

Իսկ ինչ վերաբերում է ինքնիշխանության զիջման իմաստով փոփոխությունների հայեցակարգում օգտագործված «մասնակի» բառին, ապա այն այնքան առաձգական բնորոշիչ է, որ մեր սահմանադրական դատարանի կողմից սահմանադրաիրավական հասկացությունների տրամագծորեն հակառակ մեկնաբանությունների պրակտիկայում դժվար է տարբերել նույն դատարանի ձեռքին դրա և «ամբողջությամբ» բնորոշչի տարբերությունը: Իսկ ինչ է, կասկածու՞մ եք, որ նման արտահայտության առկայությամբ վաղը մեզ չի ասվելու, որ 1000 քառակուսի մետր հողակտորի «մասնակի» զիջում է նաև դրա 999 քառակուսի մետրի զիջումը: Նման գավառական խորամանկությունն ուղղակի ծիծաղ կարող է առաջացնել:

Մինչդեռ Սահմանադրության 1-ին հոդվածի անփոփոխությունը և ինքնիշխանության զիջման հնարավորության բացակայությունը լրջագույն անվտանգության երաշխիքներ են: Այն առաջնահերթությամբ անվտանգության երաշխիք է հենց Սահմանադրության փոփոխություններ կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտի՝ ժողովրդի համար: Եթե հնարավոր չէ նման փոփոխության կատարումը ժողովրդի միջոցով, ապա և անիմաստ է լինելու նույն ժողովրդի նկատմամբ որևէ ճնշման, սպառնալիքի և պահանջի գործադրումը: Եթե մի սուբյեկտ օժտված չէ ակտիվ փոփոխություններ կատարելու իրավասությամբ, ապա ցանկացած նման փոփոխության կատարումն անիմաստ և անվավեր է:

Միաժամանակ, վստահ եմ, որ մեր Հանրապետությունը բնութագրող 4 անփոփոխ բացարձակ հատկանիշներից/որակներից մեկի՝ «ինքնիշխանության» բացարձակության զիջումն այսպիսի ապիկար ձևով և նույն անձանց կողմից` բանալին է մյուս 3 սահմանադրական անփոփոխ հիմնարար հատկանիշներից/որակներից («իրավական», «ժողովրդավարական» և «սոցիալական», նույն՝ 1-ին հոդվածում) աստիճանական զիջումների դռների:

Այլ խոսքով, այս փոփոխությունները ոչ թե, ինչպես հայտարարում են դրանց ջատագովներն ու քարոզիչները, Սահմանադրության փոփոխություններ են, այլ, ըստ էության, մեր Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված բնութագրիչ և անփոփոխ որակներից և արժեքներից, բայց նախ և առաջ ինքնիշխանությունից հրաժարվելու ճանապարհային քարտեզ:

Եւ սա անսպասելի չէ. Սահմանադրության փոփոխություններն առաջարկողներն այն մարդիկ են կամ նրանց ներկայացնողները, ովքեր մոտ երկու տասնամյակ քամահրաբար և մեծագույն դժկամությամբ են հանդուրժել Սահմանադրության պահանջների կատարումը, իսկ առիթի դեպքում՝ դրա որոշ դրույթների բովանդակությունն այնպես են ձևախեղել, որ հրաշալի և պարզ լեզվով շարադրված պարզ իրավական տեքստերը վերածվել են անհասկանալի և անբովանդակ բառակույտերի: Ավելին. տեսեք, որ այս փոփոխություններն առաջարկողները և հայեցակարգով Սահմանադրության դրույթների որակի և բովանդակության մասին լայնածավալ քննադատություն տեղացողները պետական ծառայողներն են, որոնք նախ և առաջ և ի պաշտոնե էին պարտավոր ապահովել այս Սահմանադրության նկատմամբ հանրության բարձր վստահությունը և իրենց իսկ աշխատանքով Սահմանադրության նորմերի կիրառմամբ այն դարձնել մարդկանց աչքերում նրանց բարեկեցության, ապահովության և պաշտպանության երաշխիքը:

Մինչդեռ փոփոխությունների հայեցակարգի ուսումնասիրությունից կարելի է եզրահանգել, որ դրա հեղինակները եղել են գաղութարարներից կեղեքված ժողովրդի ծոցից դուրս եկած ազատարարներ, որոնք արտահայտվում են այն գաղութային սահմանադրության մասին, որը տարիներ շարունակ եղել է ժողովրդի բարեկեցության և դրա օրինապաշտ կառավարողների առաքինի վարքի և նպատակների արգելքը: Ցանկացած՝ իրավական պետությանը նույնիսկ հեռավոր նմանություն ունեցող պետությունում նման պետական պաշտոնյաները, որոնց տրված երդման առանցքը Սահմանադրության պաշտպանությունն է, անվերադարձ հրաժեշտ կտային իրենց հանրային պաշտոններին՝ որպես իրենց զբաղեցրած պաշտոնի հետ ակնհայտորեն անհամատեղելի վարք դրսևորածներ:

Ի վերջո` ցանկանում եմ, որ ուշադրություն դարձնեք նաև այն կարևոր հանգամանքի վրա, թե ովքեր են այդ փոփոխություններն առաջարկողները և դրանց կատարման համար պատրաստակամորեն ինքնաառաջադրվողները: Գրոշ չարժե սահմանադրական փոփոխությունների քննարկման համատեքստում մշտապես շրջանառվող և հանրությանը հրամցվող այն մտավարժանքը, թե «կարևոր չէ, թե ովքեր են ասում, կարևոր է, թե ինչ են ասում»: Այս մոդելը միշտ առաջադրում են նրանք, ովքեր ի սկզբանե անշահեկան վիճակում են հայտնվելու, եթե հանկարծ կարևոր եղավ, թե «ովքեր են ասում»:

Մի՞թե դուք երբևէ կհամաձայնեիք ուղեղի վիրահատության այն բժշկի խորհրդով և կողմից, որը, առաջին, ի վիճակի չէ ձեզ հանգամանորեն բացատրել այդ վիրահատության անհրաժեշտությունը, որի նշանակած դեղամիջոցների և բուժումների արդյունքում հյուծվել և բազում հիվանդություններ եք ձեռք բերել ամբողջ մարմնով, և որից բացի` որևէ այլ մասնագետ խորհուրդ չի տալիս այդ վիրահատությանը դիմել, և այդ վիրահատությունը մահացու վտանգավոր է ձեզ համար, և, վերջապես` ձեր վիրաբույժը տարիներ շարունակ ձեզնից գանձել է ահռելի գումարներ, որոնք դուք ձեր առողջության համար կարող էիք օգտագործել, և այդ գումարների գանձումը շարունակելու իր միակ հնարավորությունը ի՛ր առաջարկած վիրահատությունն է: Պատկերն ամբողջացնելու համար պատկերացրեք նաև, որ ձեր խորհրդական բժիշը ո՛չ վիրաբույժ է, ո՛չ նյարդաբան: Եւ ի վերջո, չէ՞ որ դուք բոլորդ տեղյակ եք, թե ինչպես է այդ «բժիշկն» իր տիտղոսներն ու պաշտոնները ձեռք բերել:

Հատված 3. իրավունքի պաշտպանության միջազգային ստանդարտներն ու Սահմանադրությունը

Անդրադառնանք ԵՏՄ անդամակցությանը վերաբերող մտահոգությունների մյուս մասին, որ վերաբերում է անհատական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Կարծիքներ կան, որ ԵՏՄ անդամակցությունը էական վտանգ է պարունակում այդ իրավունքների և ազատությունների սահմանափակման առումով: Արդյո՞ք անհատական ազատությունների և իրավունքների պաշտպանության սահմանափակման վտանգից զերծ մնալու հնարավորություններ տալիս է Սահմանադրությունը:

Մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարություններից և զեկույցներից, ինչպես և իմ մասնագիտական փորձից գիտեմ, որ ԵՏՄ անդամ պետություններում խիստ ցածր է անհատական ազատությունների պաշտպանության ինդեքսը: Այս հանգամանքը չի կարող ազդեցություն չունենալ նաև մեր պետությունում այդ ազատությունների պաշտպանության վրա, եթե, իհարկե, դրա դեմ գործուն դիմադրություն չցուցաբերվի. առաջին հերթին՝ պետության կողմից:

Բայց նման հիմնարար թեմայի վերաբերյալ խոսելիս մտքի կարգապահությունը պահպանելն անհրաժեշտ պայման է, մանավանդ իրավական հարցերի շուրջ քննարկումներում միշտ պետք է հաշվի նստել կանոնների աստիճանակարգության հետ: 

Նախ, մեր հիմնարար ազատությունների և իրավունքների իրավական առաջնային հիմքը Սահմանադրությունն է: Այդ իրավունքների գերակշիռ մասն ուղղակիորեն նախատեսված է Սահմանադրությամբ: Մնացած մասով, այնքանով, որքանով նախատեսված չէ Սահմանադրության տեքստով, նկարագրված է  Սահմանադրության համապատասխան դրույթի մեկնաբանություններում՝ ՍԴ որոշումներում: Այսինքն՝ մեր ազատությունների և իրավունքների պաշտպանության առաջնային գործիքը Սահմանադրությունն է:

Եթե որևէ իրավունք կամ ազատություն նախատեսված է Սահմանադրությամբ, ապա, անկախ դրա վերաբերյալ որևէ այլ իրավական ակտով նախատեսված սահմանափակումներից, այդ իրավունքը գործում է անմիջականորեն, և այդ իրավունքով սահմանափակված են պետությունն ու դրա հաստատությունները՝ դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները և դրանց պաշտոնատար անձինք:

Սահմանադրությունից և Հայաստանի այլ՝ ներպետական իրավական ակտերից զատ, իրավունքներ և ազատություններ նախատեսված են նաև միջազգային իրավունքով: Ամենապարզ օրինակը ՄԻԵԿ-ով նախատեսված իրավունքներն են, որոնց գերակշիռ մասը նախատեսված էր նաև Սահմանադրությամբ, մինչև ՄԻԵԿ ուժի մեջ մտնելը Հայաստանի համար: Եթե որևէ հիմնարար իրավունք կամ ազատություն նախատեսված չէ Սահմանադրությամբ, սակայն նախատեսվում է Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրով, ապա այդ միջազգային պայմանագրի պայմանները անմիջականորեն դառնում են Հայաստանի օրենսդրության բաղադրիչ, հետևաբար և պարտավորեցնում են պետությանը այդ իրավունքի մասով:

Միաժամանակ, եթե միջազգային որևէ պայմանագրով նախատեսվում է կոնկրետ հիմնարար իրավունքի կամ ազատության սահմանափակում, ապա Հայաստանի օրենսդրությամբ (ներառյալ՝ Սահմանադրությամբ) այդ իրավունքի համար չի կարող նախատեսվել առավել խիստ սահմանափակում, քան նախատեսված է միջազգային իրավունքով:

Այսինքն, մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքով նախատեսվում են նվազագույն ստանդարտները, որոնք պետությունները պարտավոր են ապահովել իրենց իշխանազորության տիրույթում: Սակայն, միջազգային իրավունքը երբեք չի ունեցել և չի կարող երբևէ ունենալ ներպետական օրենսդրությամբ (մեր դեպքում՝ ներառյալ և նախ և առաջ Սահմանադրությամբ) նախատեսված իրավունքների սահմանափակման հնարավորություն՝ հակառակ Սահմանադրության պահանջների: Այդպիսի նորմերն առաջին հերթին չեն կարող գործել Սահմանադրության հակասության հիմքով, և, ոչ պակաս կարևոր է, Սահմանադրությամբ նախատեսված այդ իրավունքը կամ ազատությունը շարունակելու է գործել անկախ որևէ միջազգային իրավական ակտում դրա սահմանափակված լինելու վիճակից, քանի որ Սահմանադրության նորմերը և մարդու հիմնարար իրավունքները մեր պետությունում գործում են անմիջականորեն, անկախ որևէ միջազգային պայմանագրում դրանց նկատմամբ կիրառելիք սահմանափակումների:

Սրա հետ մեկտեղ, նաև տարբերենք իրավունքի պաշտպանության փաստացի կամ գործնական ստանդարտը, այսինքն՝ իրավունքի պաշտպանության իրական վիճակը` այդ իրավունքի համար նորմատիվ ձևակերպում ունեցող իրավական ստանդարտից: Երբ խոսում ենք Սահմանադրության փոփոխության մասին, մենք խոսում ենք միայն երկրորդի մասին՝ իրավունքի պաշտպանության իրավական ստանդարտի մասին: Այդ իրավունքի պաշտպանության փաստացի վիճակը պայմանավորված է գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմինների կողմից այդ իրավունքի պաշտպանության ուղղությամբ իրականացված գործունեությամբ և քաղաքականությամբ: Եթե այն գործունեությունը չի իրականացվել կամ իրականացվել է անպատշաճ և անարդյունավետ, ապա իրավունքի պաշտպանության իրական վիճակը ցածր է լինելու: Մինչդեռ դա չի ազդում Սահմանադրությամբ նախատեսված ստանդարտի վրա, որն այն հանձնարարություն/նշաձողն է, որը ժողովուրդը հանձնարարել է պետությանն` ապահովել: Փաստացի ստանդարտի ցածր լինելը նշանակում է, որ այն ապահովելու և գործադրելու համար վարձված անձինք ստանձնած պարտավորությունը չեն կատարել, ձախողել են:

Միաժամանակ, իրավունքի պաշտպանության միջազգային իրավական ստանդարտն  արդեն ոչ թե ժողովուրդներն անմիջականորեն են ընտրում, այլ ընտրում են հենց այն մարմինների միջոցով, որոնց իրենք հանձնարարել են ապահովել անհատի իրավունքները: Ապաև, հաշվի առնելով, որ այդ իրավունքի պաշտպանության բեռը կրելու են հենց նույն պետությունները, որոնք բանակցում, նախագծում, ստորագրում, կնքում և ապա վավերացնում են այդ միջազգային պայմանագրերը, որոնք պարունակում են այդ միջազգային իրավական ստանդարտները, նրանք այդ պարտավորությունները ընդունելիս դրանք ստանձնում են բարձր զգուշավորությամբ:

Հիմա, ԵՏՄ անդամակցության առնչությամբ մասնավորեցնեմ ասածս վերը նշվածի լույսով: Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական ստանդարտի վրա ԵՏՄ անդամակցությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ այդ ստանդարտը պաշտպանված է Սահմանադրությամբ: Պետք է նշել նաև, որ դրա հետ մեկտեղ, Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների սահմանափակման առավելագույն սահմանն էլ գծված է նաև Հայաստանի վավերացրած շուրջ 30 տարբեր միջազգային պայմանագրերով (ՄԻԵԿ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր և մի շարք այլ միջազգային պայմանագրեր՝ խտրականության դեմ պայքարի ոլորտում, ինչպեսև` կանանց ու երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին և մարդու իրավունքների այլ ոլորտներում), որոնք, ի դեպ, ուժի մեջ են նաև ԵՏՄ անդամ բոլոր պետությունների համար: Այդ պաշտպանության ստանդարտն այլևս չի կարող նվազեցվել որևէ առանձին վերցված միջազգային պայմանագրով՝ նշված միջազգային պայմանագրերի՝ Հայաստանի համար ուժի մեջ մնալու պայմաններում: Այսինքն, ԵՏՄ շրջանակներում որևէ միջազգային պայմանագիր, որով նախատեսվելու է մարդու իրավունքների և ազատությունների ոլորտի մասին սահմանափակող նորմ, չի գործելու Հայաստանի տարածքում առաջնահերթությամբ Սահմանադրության, ապա և Հայաստանի արդեն իսկ ստանձնած միջազգային այլ պարտավորությունների ուժով:

Մինչդեռ, սա որևէ կերպ չի նշանակում, որ իրավապահ և իրավապաշտպան այն արատավոր ավանդույթները և սովորությունները, ընդհանրապես՝ մշակույթը, որ ձևավորվել է ԵՏՄ անդամ պետություններում, բացասաբար չի ազդի մեր Հանրապետության իրավակարգի վրա: Բայց այն կանխելու միակ և հասանելի ձևը, միջոցը Սահմանադրության պահանջների կատարումն է և այնպիսի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության մարմիններ ունենալը, որոնք անդավաճան են Սահմանադրության պահպանման, կատարման և պաշտպանության մասին իրենց տված երդմանը, այլ ոչ ակնհայտ անարդյունք պայքարին այս կամ այն միության դեմ կամ օգտին:

Հակառակ դեպքում նմանվում ենք հողմերից անպաշտպան այն գյուղացուն, որ փոխարենը իր տունն ամուր կառուցի և պատսպարի, հողմի ժամանակ դուրս է եկել և կացինով կատաղի պայքար է ծավալել հողմի դեմ: Եթե այդ բանն անելիս մեկ րոպե ավելի մտածեինք, մի՞թե նույնը մենք կանեինք:

Հատված 4. հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանությունն ու սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը

Իսկ Սահմանադրության և սահմանադրական  փոփոխությունների հայեցակարգում անհատական ազատությունների և իրավունքների պաշտպանության վերաբերյալ եղած մոտեցումների միջև ի՞նչ տարբերություններ կան:

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում էջերով բացատրություններ կան այն մասին, թե ինչ նպատակով են հայեցակարգի հեղինակները ցանկանում այդ փոփոխությունները կատարել: Իմաստը, իբր, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի բարձրացումն է:

Մինչդեռ, իմ կարծիքով, միակ իրական բացատրությունը պարփակված է այդ հայեցակարգի մեկ նախադասությամբ. «Սահմանադրությունը սահմանում է իրավունքներ, որոնց սահմանափակման մեխանիզմը Սահմանադրությամբ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտ է»: Նկատեք, որ մինչ այսօր որևէ պարզաբանում չի տրվել առ այն, թե կոնկրետ որ իրավունքները նկատի ունեն այս ընդհանրական խնդրի ներքո:

Չեմ կարծում, թե անհիմն են այն կասկածները, որ խոսքը վերաբերում է բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավունքներին: Այսօրվա դրությամբ թեպետ փաստացի կան քաղաքացիական և քաղաքական իրավունքների և ազատությունների նկատմամբ ոտնձգություններ, բայց դրանք համատարած չդարձնելու միակ խոչընդոտը դեռ Սահմանադրությունն է:

Այնուամենայնիվ, ինչքան էլ բարձր լինեն սահմանադրական ստանդարտները, միևնույնն է՝ ես հստակ կարող եմ ասել, որ անհատական իրավունքների և ազատությունների փաստացի վիճակի չվատթարացման որևէ այլ երաշխիք չի կարող լինել, քան Սահմանադրության տառին և ոգուն համահունչ արդյունավետ ժողովրդավարությունը: Արդեն ակնհայտ է, որ ոտնձգությունը հիմնարար իրավունքների ու ազատությունների աղբյուրի նկատմամբ է, և դրա նախաձեռնողները դա չեն էլ թաքցնում այլևս, անգամ վերահաստատում են իրենց առաջադրած հայեցակարգի նախագծից մինչև հայեցակարգի հաստատված տեքստը:

Տարօրինակ էլ չէ, չէ՞, արդեն: Մարդիկ հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության աշխարհացունց հայտարարություններով գլխապատառ նախաձեռնում են Սահմանադրության փոփոխությունների գործընթաց, բայց արի ու տես, որ այս ամենն այլ բանի մասին էր առհասարակ:

Քիչ առաջ խոսեցի այս փոփոխությունների դեպքում ինքնիշխանության նկատմամբ վերահաս վտանգի մասին: Հավելեմ նաև, որ ինքնիշխանության նույնիսկ մասնակի զիջման հնարավորությունը պատուհան է, որ ինքնիշխանության զիջված չափաբաժինն իրականացնող որևէ վերպետական մարմին որոշի իրավունքների պաշտպանության իրավական ստանդարտը քո տարածքում:

Ավելին, ինքնիշխանության՝ որպես ժողովված հավաքականության՝ իր հայեցողությամբ իր գործերը տնօրինելու իրավունքը և անհատական հիմնարար իրավունքների՝ որպես այդ հավաքականության կազմի յուրաքանչյուր անդամի իրավունքները միմյանց հետ օրգանապես փոխկապակցված սուբստանցներ են: Դրանք մեկը մյուսի նկատմամբ հանդես են գալիս որպես հանրագումար (Հանրապետության ինքնիշխանությունը) և դրա բաղադրիչը (յուրաքանչյուրիս անհատական ազատությունը): Ապաև, դժվար է պատկերացնել որևէ ոտնձգություն հավաքական ազատության՝ ինքնիշխանության նկատմամբ, որը չի հանգեցնելու կամ չի զուգակցվելու նաև անհատական իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ: Նույնը և` հակառակը:

Այսինքն, քիչ առաջ նկարագրած ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը  զուգահեռաբար նույն ուղղությամբ նախապատրաստվում է նաև անհատական իրավունքների և ազատութունների ուղղությամբ՝ որպես ժողովրդի ինքնիշխանության որակական բաղադրիչի: Եւ սա, անխոս, իրական սպառնալիք է:

Հատված 5. Սահմանադրական փոփոխությունները և միջազգային իրավական ստանդարտները

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները հաճախ վկայակոչում են միջազգային ստանդարտները՝ նշելով, որ մեր Սահմանադրությունը պետք է հասցնել միջազգային ստանդարտների մակարդակին, այնինչ հայտնի է, որ ՀՀ Սահմանադրությունը նույնիսկ ավելի բարձր ստանդարտներ է դնում, քան միջազգային ստանդարտներն են: Ո՞րն է այդ դեպքում սահմանադրական ստանդարտները իջեցնելու իմաստը:

Բազմիցս հնչում են և հնչել են դիրքորոշումներ, որ այս փոփոխությունների նպատակը Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի պաշտպանության իրավական ստանդարտը համապատասխանեցնելն է միջազգայինին: Սա նշանակում է, որ կա՛մ այս դիրքորոշումն ունեցողներն իրապես նպատակ ունեն իջեցնելու մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանադրաիրավական ստանդարտը միջազգային ստանդարտի աստիճանի, կա՛մ  նրանք տեղյակ չեն վերը նկարագրված պարզ իրողությունից և իրենց կիսագրագետ համառությամբ իրենք իրենց, ապա և հանրությանը համոզում են, որ միջազգային իրավական ստադարտն ավելի բարձր է: Ինչպես նշեցի արդեն, սա մոլորություն է՝ բավական հաճախ հանդիպող և ապակողմնորոշող տարբեր առումներով:

Մարդու իրավունքների և ազատությունների ոլորտում որպես Սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտություն` վերը նշված իրավունքները սահմանափակելու անհրաժեշտությունից զատ, ներկայացվում են նաև կիսագիտական և վիճելի (համաչափության սկզբունքի և օրենքի որակի մասին չափանիշները սահմանադրական մակարդակում արձանագրելու անհրաժեշտության մասին) և խմբագրական բնույթի փոփոխություններ (տնտեսական և սոցիալական իրավունքները խմբավորել քաղաքական և քաղաքացիական իրավունքներից տարբեր բաժնում), որոնք որևէ էական ազդեցություն չեն ունենալու իրավունքների պաշտպանության վրա ինքնին, իսկ առանց դրա այդ իրավունքները ու ազատությունները կարող էին պաշտպանվել, եթե Սահմանադրությամբ նախատեսված և այդ իրավունքների պաշտպանության գործառույթն ունեցող պետական մարմինները (սկսած սահմանադրական դատարանից) քիչ թե շատ արդյունավետ գործեին: Ընդ որում, արդյունավետ գործել ասելով՝ նկատի չունեմ հրաշքներ գործել. եթե նրանք գոնե գործադրեին այն ջանասիրության մեկ տասներորդը, ինչով որ Սահմանադրության փոփոխություններն են քարոզում, ապա մենք անճանաչելիորեն և անհամեմատ ավելի բարենպաստ վիճակում կգտնվեինք նույնիսկ մեր իմացած արագ զարգացում ապրած շատ հասարակությունների համեմատ:

Հատված 6. Սահմանադրական փոփոխությունները կատարողներ. «մենք այս Սահմանադրության պահանջների կատարումը չենք կարողանում ապահովել, ուրեմն պետք է այն փոփոխել»

Փաստորեն Սահմանադրության փոփոխությունները մի կողմից նախատեսում են ինքնիշխանության զիջման մեխանիզմի ստեղծում Սահմանադրության տեքստում, մյուս կողմից՝ իրավունքների սահմանափակում, ապաև՝ Սահմանադրության ստանդարտների իջեցում: Ո՞րն է Սահմանադրությունը նման փոփոխությունների ենթարկելու ցանկության պատճառը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պահանջը ժողովրդից չի բխում:

Ցանկության պատճառի մասով, թերևս, անկեղծ լինելու դեպքում,  կարող են Սահմանադրության փոփոխությունները նախաձեռնողները պատասխանել: Բայց ես կցանկանայի պարզ նկարագրությամբ ընթերցողի համար ներկայացնել Սահմանադրության փոփոխությունների այս ողջ բեմադրությունը:

Սահմանադրությունը միակ ակտն է, որ ժողովուրդն է ընդունում և դրանով սահմանում իր պետության գործունեության, իրավասությունների և իշխանազորության սահմանները: Սա նախանշում է այն սահմանը, որի շրջանակներում պետությանը, դրա ներկայացուցիչներին թույլատրված է գործել, ինչպես և` այդ գործունեության կարգը: Այլ խոսքով, Սահմանադրությունը նախ և առաջ պետության, դրա մարմինների և պաշտոնատար անձանց (ինչպես և` տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց) տրված հրամանը կամ հանձնարարությունն է՝ իրենց ծառայությունը դրանով նախատեսված սահմաններում, կարգով և նպատակներով իրականացնելու համար:

Հիմա, քիչ առաջ նշված ուղեղի վիրահատություն առաջարկող բժշկի օրինակի հետ մեկտեղ, պատկերացրեք, որ եկել է ծառան և դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, որ իրեն դուր չի գալիս այդ հրամանը, և ինքը մասնագետների խումբ է բերելու, որ վերցնեն և փոխեն այդ հրամանը, որովհետև մի կողմից ինքը չի կարողանում այն կատարել, իսկ մյուս կողմից էլ` ուղղակի իրեն դուր է գալիս փոփոխված հրամանը: Իսկ երբ ծառայի տերն ասում է նրան, թե չի տեսնում որևէ անհրաժեշտություն իր հրամանը փոխելու, այլ կա անհրաժեշտություն այդ հրամանը կատարելու, որը տասնամյակներով ծառան անտեսել է, դրա որևէ դրույթ ի կատար չի ածել առհասարակ, մասնակի ի կատար ածածներն էլ որևէ իրական արդյունքի չեն հանգեցրել, և այդ ծառան ավելի շատ խախտել է իրեն տրված հրամանը կամ անտեսել, քան այն ի կատար ածել, ընդհուպ մինչև նրա՝ իր տիրոջը ծառա դառնալու ընթացակարգն է շարունակաբար խախտել, և տերն առ այսօր չգիտե, թե արդյո՞ք իր ընտրությամբ է այս ծառան հայտնվել իր տանը, ծառան դեմքի լուրջ արտահայտությամբ հակադարձում է, թե «քո պատճառաբանությունները «անհրաժեշտությունը չկա»-ից այն կողմ չեն անցնում, ինչը լուրջ չի»: Ի՞նչ կանեիք նման ամբարտավան ծառային:

Սա է, հակիրճ, սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական-իրավական մասնագիտական բանավեճի պատկերավոր էությունը: Մնացածը այս փոփոխությունները քարոզող բազում մասնագետների և իրենց այդպիսին համարողների դժվարընթեռնելի և անբովանդակ մտքերի ու գաղափարների տարափ է այն մասին, թե ինչպես կարելի է Սահմանադրության իրենց առաջարկած փոփոխությամբ  Հայաստանը վերածել Նյու Վասյուկիի:

Սրանով, իհարկե, չեմ ցանկանում ասած լինել, որ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնման համար պետք է հանրության մեծամասնության համաձայնությունը կամ համընդհանուր կոնսենսուս: Իհարկե, չկա նման անհրաժեշտություն: Իհարկե, սահմանադրական փոփոխությունները խիստ մասնագիտական և ոչ հանրային լայն տարածում ունեցող գիտելիքների անհրաժեշտություն ունեցող ոլորտ է: Այդպիսի գործընթացն անխուսափելիորեն պետք է ներգրավի բազում ոլորտների մասնագետների և այդ նպատակի համար ծառայեցնի նաև հանրային ռեսուրսը, ներառյալ պետության տնօրինության տակ գտնվող հնարավորությունները:

Սակայն, մեր դեպքում այս փոփոխությունների ամբողջ համատեքստը ամփոփվում է այն գաղափարի մեջ, որ գործող Սահմանադրության պայմաններում գործող ծառաները չեն կարողանում ապահովել Հանրապետության առաջընթացն ու զարգացումը, մարդկանց տարրական քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և սոցիալական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Եւ հռետորաբանությունը նույնպես ամբողջությամբ և անթաքույց սրա մասին է:

Այսինքն՝ փոխանակ Սահմանադրությունը դիտարկվի այն անփոփոխ և կայուն ուղեցույցը, որով սահմանած նշաձողին պետք է ձգտի ողջ ծառայակույտը, իսկ այդ պարտականությունը չկատարելու դեպքում ուղղակի հեռանա ասպարեզից,  մարդկանց փորձում են ապացուցել բոլորովին հակառակը՝ այն, որ հենց այս փոփոխությունը քարոզող ծառաներն են անփոփոխ և հավերժ. «մենք այս Սահմանադրության պահանջների կատարումը չենք կարողանում ապահովել, ուրեմն պետք է այն փոփոխել»: Մինչդեռ մեր Սահմանադրության այս փոփոխությունների ինքնաառաջադրված ստախանովական քարոզիչներից բացի, այլ փոփոխելու բան վաղուց արդեն չի մնացել, եթե ոչ` նրանցից հետո օդում կախված գաղջ օդը:

Հատված 7. Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները՝ սպառնալիք ինքնիշխանությանը և հիմնարար իրավունքներին ու ազատություններին

Կարծես թե հստակ է, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որևէ անհրաժեշտություն կամ կարիք չկա, ավելին՝ նախատեսվող փոփոխությունները լուրջ վտանգներ են պարունակում: Նշեցիք, որ դրանք ավելի շատ ոչ թե փոփոխություն են, այլ մեր Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բնութագրիչ որակներից և արժեքներից հրաժարվելու ճանապարհային քարտեզ: Ըստ Ձեզ՝ նման իրավիճակում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենան հասարակության տարբեր շերտերը, քաղաքական, քաղաքացիական և այլ դաշտերի ներկայացուցիչները:

Երբեք չեմ հոգնի կրկնելուց, որ ասել, թե Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը չկա, նույնն է թե` ոչինչ չասել: Եթե բառերի ճիշտ ընտրությամբ է պայմանավորված նկարագրվող իրողության համարժեք ընկալումը, ապա ոչ թե անհրաժեշտություն չկա Սահմանադրությունը փոփոխելու, այլ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունը այս կերպ և այս խմբի կողմից ուղղակի սպառնալիք է ի թիվս բազում արժեքների և նպատակների՝ նաև առաջնահերթությամբ մեր Հանրապետության ինքնիշխանությանը՝ որպես մեր բոլորիս կողմից հավաքականորեն մեր ազատ կամքով որոշումներ կայացնելու հնարավորության, և մեզնից յուրաքանչյուրի հիմնարար անհատական իրավունքներին և ազատություններին՝ որպես մեր մարդկային արժանապատվության առաջնային բնութագրիչի:

Հայաստանի ինքնիշխանության և անկախության կորստի վտանգով անհանգստացած յուրաքանչյուր ոք պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ:

Ես իմ խոսքն ուղղում եմ իմ բոլոր ընկերներին և չընկերներին, որոնց ցանկությունը չի եղել քաղաքական թիմերի միջև բանավեճերին մասնակից լինելը, կամ ովքեր համարել են, որ քաղաքացիական դիրքորոշումները տարբեր կարող են լինել քաղաքականներից, այն խմբերին, որոնք քաղաքացիական համարվելով կամ ինքնահամարվելով՝ մերժում են իրենց քաղաքական լինելը, իրեն անկախական  համարող յուրաքանչյուրին, Հանրապետության ինքնիշխանությունը և դրա պաշտպանությունն իրենց գերակա նպատակ համարողներին, Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ մտահոգներին, լինեն դրանք իրավապաշտպաններ, թե ոչ, նրանց, ովքեր անհանգստացած են ԵՏՄ, ՄՄ, ՀԱՊԿ, ԱԳԼՃԿ կամ ՀԴՄ և բազում այլ հապավումներով ժամանակավոր ու հավերժ կառույցներին Հայաստանի անդամակցությունից. թե՛ Հայաստանի ինքնիշխանության՝ որպես մեր հավաքական ազատության, և թե՛ մեզնից յուրաքանչյուրի անհատական ազատությունների իրավական առաջնային աղբյուրը մեր բոլորի՝ մեր Հանրապետության Սահմանադրությունն է:

Եւ եթե դու քեզ անկախական ես համարում, և մեր Հանրապետության ինքիշխանությունը քեզ համար բարձրագույն արժեք է, ապա դու չես կարող հանդուրժել Սահմանադրության այս փոփոխությունները: Եթե դու այս կապակցությամբ ԵՏՄ պայմանագրին անդամակցության դեմ պայքարելու ջանք ու եռանդ չես խնայում, սակայն անտեսում ես և առնվազն տասնապատիկ ավել ջանք չես գործադրում Սահմանադրության փոփոխությունների դեմ, ապա կարիք չկա՝ ինքդ քեզ մոլորության մեջ պահես, թե դու իսկապես անկախական ես կամ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանը. դու ընդամենը ԵՏՄ անդամակցության նման արտաքին քաղաքական ժամանակավոր ընտրության դեմ մեկն ես: Համապատասխանաբար, քո արտաքին քաղաքական նախընտրությունները մի՛ հրամցրու Հայաստանի ինքնիշխանության համար մարտիրոսի թեկնածուի անունից:

Նմանապես, եթե դու դեմ ես Եվրոպական Միությանն ասոցացման գործընթացին, սակայն որևէ գործնական քայլ կամ առնվազն հստակ դիրքորոշում չունես Սահմանադրության նկատմամբ այսօրեական ոտնձգությունների դեմ, ապա դու ԵՏՄ անդամակցության դեմ պայքարողի սիամական երկվորյակն ես Հայաստանի համար, այն խմբագրական տարբերությամբ, որ քո նախընտրությունը այլ արտաքին քաղաքական վեկտոր ունի: Համապատասխանաբար, Հայաստանի ինքնիշխանության անձնուրաց պաշտպանի դիրքը քեզ վերագրելիս մի փոքր ինքնազսպվածությունը քեզ հաստատ չէր խանգարի:

Իսկ եթե դու իրավապաշտպան ես կամ քաղաքացիական ակտիվիստ, որին օրական մի քանի ժամ հուզում են Հայաստանի անդամակցությունը կամ չանդամակցությունը այս կամ այն տարածաշրջանային, ռազմաքաղաքական, տնտեսական կամ այլական միություններին, սակայն սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարության պահից ի վեր որևէ րոպե անգամ քեզ չես ծանրաբեռնել՝ հասկանալու համար՝ ինչ վտանգներ է պարունակում այն Հայաստանի ինքնիշխանության համար, ապա դու կա՛մ չես գիտակցում այս վտանգը, կա՛մ քեզ այն չի անհանգստացնում: Եթե չես գիտակցում այս փոփոխությունների ազդեցությունը Հայաստանում մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և սոցիալական իրավունքների և ազատությունների համար, ապա ավելի ճիշտ կանես անմիջապես փոխել գործունեությանդ տեսակը: Մի՛ անհանգստացիր. իրավապաշտպանությունը ոչինչ չի կորցնի:

Իսկ եթե գիտակցում ես գործընթացի հետևանքների վտանգը, բայց դա կրկին քեզ չի անհանգստացնում, ապա պետք է արձանագրես, որ որևէ դեպքում քո պայքարը Հայաստանում իրավունքների և ազատությունների պաշտպանության համար չէ: Արդեն անկարևոր է, թե ինչի և ում համար է: Այն թերևս արդեն միայն կարևոր է նախորդ, այս կամ այն ռազմաքաղաքական միությանը միանալ-չմիանալու համար պայքարողների համար: Իրավապաշտպանական համայնքի համար ոչ թե օրահաս խնդիր է չմասնակցել, չնպաստել փոփոխությունների գործընթացին կամ իներտ ու նեյտրալ ձևով արտահայտվել, որ անհրաժեշտություն չկա, այլ պետք է առաջին անգամ մեր պատմության մեջ կանգնել այդ Սահմանադրության պաշտպանության դիրքում. եթե մենք չպաշտպանենք Սահմանադրությունը, մենք շատ արագ ենք զգալու դրա պաշտպանությունից զրկվելու հետևանքները:

 Սահմանադրությունն այլևս մեր պաշտպանության կարիքն ունի և ոչ թե չեզոք և «անհրաժեշտություն չկա փոփոխության» վերաբերմունքի:

Այս առումով շատ կարևոր է գիտակցել, որ անկախ քաղաքական դաշտում և քաղաքական ուժերի միջև եղած հակասություններից, քաղաքացիական հասարակությունում ընթացող գործընթացներից, այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի, քաղաքացիական հասարակության այս կամ այն անդամի նկատմամբ ունեցած հակակրանքից, համակրանքից, նախկինում կամ ներկայում ունեցած հարաբերությունների բովանդակությունից, թիվ մեկ օրակարգային հարցի առկայության դեպքում, եթե քեզ համար այդպիսին է Հայաստանի ինքնիշխանության և անկախության ու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցը, չես կարող քո ռեսուրսը ծախսել նույն հարցում քեզ հետ նույն դիրքորոշումն ունեցող կամ նույն խրամատում գտնվող մյուսի դեմ պայքարելու վրա:

Հատված 8. Սահմանադրության նկատմամբ հարձակումները չեն ավարտվել

Այս պահին կասեցվել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացը. ի՞նչ եք կարծում՝ այն երբևէ կվերսկսվի՞:

Չեմ կարծում, որ Սահմանադրության նկատմամբ այս հարձակման հեղինակները բավարարվելու են այսքանով: Վստահաբար, Սահմանադրության փոփոխությունների գործընթացում դրանք դեռ իրենց մասին հիշեցնելու են, և նկատվում է, որ ոչ հեռու ապագայում: Նրանց կողմից Սահմանադրության փոփոխության գործընթացի կասեցման հիմնական պատճառը անբավարար ռեսուրսի և միջազգային ասպարեզում բավարար աջակցության բացակայությունն էր, ինչը փորձելու են վերականգնել այս ընթացքում: Անձամբ տեղյակ եմ, թե ինչ ջանք ու եռանդ է գործադրվում հատկապես հեղինակավոր սահմանադրագետ իրավաբանների և քաղաքագետների շրջանում այս փոփոխությունների նկատմամբ դրական դիրքորոշումներ կորզելու, իսկ չհաջողելու դեպքում՝ առնվազն իրենց բացասական դիրքորոշումը չբարձրաձայնելու ուղղությամբ: Այնպես որ՝ այս գործընթացը դեռ տեսադաշտից դուրս շարունակվում է, թեկուզև ոչ հրապարակայնորեն:

Ամփոփելով ՝ ի՞նչ հետևություններ կարելի է անել:

Եթե հակիրճ, ապա՝

առաջին. մեր Հանրապետության ինքնիշխանության առաջնային աղբյուրը երբեք և երբեք չի եղել Հայաստանից դուրս: Այն եղել և մնում է միշտ մեր հասանելիության տիրույթում: Դա մեր Սահմանադրությունն է: Այն անտեսանելիորեն շատ երկար եղել է մեր անկախության և յուրաքանչյուրիս անձնական ազատությունների պաշտպանը, բայց հենց հիմա՛ ունի մեր պաշտպանության կարիքը: Վաղուց ժամանակն է պաշտպանել այն` դրա նկատմամբ բոլոր ոտնձգություններից և ոչ պակաս կարևոր է՝ ոտնձգողներից:

Երկրորդ. պետք է հիշել, որ քանի դեռ մեր անձնական ազատությունների և մեր հավաքական ինքնիշխանության միջնաբերդը՝ Սահմանադրությունը, անփոփոխ է այն տեսքով, որով մենք ունենք հիմա, Հայաստանի ստատուս ինքնիշխանությունը կամ մեր հիմնարար սահմանադրական ազատությունները իրավաբանորեն անհնար է սահմանափակել առավել, քան այդ Սահմանադրությամբ է նախատեսվում:

Երրորդ. Սահմանադրության նկատմամբ հարձակումները չեն ավարտվել: Բավարար ռեսուրս չունենալով այդ աննկարագրելի ջանքեր պահանջող փոփոխությունն առանց լուրջ դիմադրության կատարելու համար՝ այն ընդամենը ժամանակավորապես նահանջել է, սակայն  այդ հարցը երբեք չի հանվել օրակարգից, իսկ իմ դիտարկմամբ՝ բոլոր հնարավոր քայլերն արվելու են վերջնանպատակին հասնելու համար: Արտաքին ռեսուրսի որոնումներով և ներքին՝ Սահմանադրության դեմ արտահայտված ուժերի չեզոքացման նպատակով վերցված այս ընդմիջումն անվերջ չի լինելու: Դրա ավարտից հետո, թերևս, գործընթացը էլ ավելի արագ անցկացնելու մարտավարությամբ է նետվելու ասպարեզ:

Չորրորդ և ամենակարևորը. Հայաստանի գոյությունն ու դրա զարգացումն ունի ընդամենը մեկ օրակարգ՝ Սահմանադրության պաշտպանությունը, իսկ առաջընթացը՝ մեկ իրատեսական, իրական, իրավական և տեսանելի ճանապարհ՝  Սահմանադրության պահանջների կատարումը: Մնացածը իրական նպատակից և ուղուց շեղող տեղեկատվական աղմուկ է և ժամանակի ու, առանց այս էլ արդեն, անխնա մսխված ռեսուրսի կորուստ:

Ռիմա Գրիգորյան