27.02.2015 20:55

Երկարակեցության գաղտնիքը՝ ըստ Զիմբաբվեի նախագահի

Երկարակեցության գաղտնիքը՝ ըստ Զիմբաբվեի նախագահի

«Լավ սնվել, բայց չափը չանցնել»՝ ահա թե որն է երկարակեցության գաղտնիքը՝ ըստ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի:

Նախագահը, որն անընդմեջ իշխում է Զիմբաբվեում 1980 թ. երկրի անկախացումից ի վեր, ներկայում համարվում է պետությունների ու կառավարությունների գործող ղեկավարներից ամենատարեցը:

Իր ծննդյան 91-ամյակի տոնակատարության նախօրեին, որը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ օրը Վիկտորիա ջրվեժի մոտ, Մուգաբեն հարցազրույց է տվել Զիմբաբվեի հեռուստատեսությանը, որում պատմել է իր սովորությունների մասին: «Ես հետևում եմ այն կանոններին, որոնք, կարծում եմ, երկարացնում են իմ օրերը,-ասել է նախագահը:- Ես ուտելիքի հարցում ինձ ոչնչից չեմ զրկում, բայց նաև ստամոքս չեմ ծանրաբեռնում մինչև վերջ, սննդի մեջ օգտագործում եմ օգտակար մթերքներ: Հարկավոր է լավ սնվել, բայց շատ չտարվել դրանով, քանի որ դա գայթակղիչ բան է, ու դրա արդյունքում՝ կարող ես սեղանից չհեռանալ, քանի դեռ չես պայթել»:

Տոնական ընդունելությանը նախատեսվում է ավելի քան 20 հազար հյուր: Ճաշացանկում էկզոտիկ ճաշատեսակներ են՝ փղի, գոմշացլի, նախագահին ընծայաբերված կովերի մսից, նաև՝ հսկայական տորթ: Փոխանցում է ТАСС-ը: