27.11.2012 20:44

Արդարադատության նախարարությունը տեղյակ չէ՝ հայց կա՞, թե՞ ոչ

Արդարադատության նախարարությունը տեղյակ չէ՝ հայց կա՞, թե՞ ոչ

Որևէ բան չեմ կարող ասել, գիտեմ որ աշխատանքները շարունակվում են: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Եվրադատարան ներկայացվելիք հայցն արդեն պատրա՞ստ է, թե՞ ոչ: Մամուլի քարտուղարից փորձեցինք ճշտել՝ «աշխատանքները շարունակվում են» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, սակայն նա այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց:

«Ես Ձեզ ասում եմ՝ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը»:

Քալանթարյանին խնդրեցինք տրամադրել հանձնաժողովում ընդգրկված անդամներից որևիցե մեկի կոնտակտները՝ «շարունակվող աշխատանքների» մասին տեղեկություն ստանալու համար, սակայն նա մեր այս խնդրանքը ևս մերժեց՝ պատճառաբանելով, թե դա նախարարության մամուլի քարտուղարի իրավասություններից դուրս է:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնել էր, որ ամբողջ թափով ընթանում են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, նրա կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանի իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային դատական ատյաններ դիմելու աշխատանքները, ստեղծված է համապատասխան աշխատանքային խումբ, աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով:

Ավելի վաղ iLur.am-ի հետ զրույցում Բուդապեշտի դատարանում տարիներ շարունակ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացրած փաստաբան Նազելի Վարդանյանը դժգոհություն էր հայտնել, որ Սաֆարովի արտահանձնումից արդեն երկու ամիս է անցել, սակայն կոնկրետ գործողություններ չեն արվել: