04.03.2015 17:20

Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ հետագայում Հենրիխը կսկսի ավելի լավ խաղալ

Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ հետագայում Հենրիխը կսկսի ավելի լավ խաղալ

Ռուսաստանի առաջնության լավագույն դարպասապահներից մեկը՝ «Դինամոյի» ու Հայաստանի հավաքականի 40-ամյա Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել «Известия»-ին՝ խոսելով Հայաստանի հավաքականից ու իր թիմակից Հենրիխ Մխիթարյանից: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

- «Դինամոյում» դարպասապահական գծի լուրջ մրցակցություն կա: Ձեզ պատրաստ զգո՞ւմ եք հիմնական կազմում պայքարելու համար:

- Այսպես ասեմ. ամեն պահի պատրաստ եմ օգտակար լինել «Դինամոյին»: Փառք Աստծո, առողջության հետ խնդիրներ չկան: Իմ կարծիքով, վատ մարզավիճակում չեմ: Արդեն մարտի վերջին կկայանա Եվրո-2016-ի նախընտրական փուլի կարևորագույն խաղը Ալբանիայի հավաքականի դեմ: Հուսով եմ այդ խաղերին մոտենալ օպտիմալ մարզավիճակով:

-Ձեր ընկեր Հենրիխ Մխիթարյանը վերջապես ընդհատեց գոլային երաշտը Դորտմունդի «Բորուսիայում»: Արդյոք «Շալկեի» դարպասը խփած գոլը կվերադարձնի՞ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին վստահությունը սեփական ուժերի հանդեպ: 

- Անկասկած: Ուշադիր հետևում եմ նրա խաղին ու հնարավորության դեպքում փորձում եմ բաց չթողնել «Բորուսիայի» մասնակցությամբ հանդիպումները: Զգացվում էր, որ վնասվածքից հետո Հենրիխը խաղից խաղ առաջընթաց էր ապրում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Լավ է, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, չնայած անհաջող ելույթներին, վստահությունը չէր կորցնում Հենրիխի հանդեպ ու նրան ընդգրկում էր կազմում: Հենրիխը կարողացավ շնորհակալություն հայտնել մարզչին դրա համար: Վստահ եմ, որ հետագայում նա կսկսի ավելի լավ խաղալ, ինչպես և ողջ «Բորուսիան»: Դորտմունդցիները կարող են Բունդեսլիգայում պայքարել Եվրոգավաթային տեղերի համար և հաջողությամբ ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում: