04.03.2015 21:39

Գրանորություն. Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»

Գրանորություն. Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»

Վատ բնակարաններում չհրկիզվող պահարաններ կան՝ լցված մատնագրերով, գնդակահարության տարվող մարդկանց ֆաս-պրոֆիլ լուսանկարներով, ԿԳԲ-ի պադվալներում կորզված «խոստովանություններով», աղավաղված փիլիսոփայությամբ ու ականջներ ունեցող պատերի չդադարող շշուկներով: Լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ… Լինել Հռոմի պապից ավելի կաթոլի՞կ… Վատ բնակարաններում աղավաղված օդը լվում է ցախավելներին հեծած հավերժ կոմսոմոլ, նացիստ, յակոբին կամ ինկվիզիտոր կուսակցականներով: Գրամեքենա-կուսակցականներով, որոնք միայն մահվան դատավճիռներ են տպում: Անվերջ դատավճիռներ: Ի վերջո, կարմիր ժանտախտի էս տարածքում հայտնվում է Նա՝ վերծանելու չհրկիզվող պահարանում պահվող մահահոտ ձեռագրերը…

«-Պրոֆեսոր, որպես խորհրդատո՞ւ եք հրավիրվել մեզ մոտ,-հարցրեց Բեռլիոզը:

-Այո, որպես խորհրդատու:

-Դուք գերմանացի՞ եք,-տեղեկացավ Անապաստանը:

 -Ո՞վ, ե՞ս…,-հարցին հարցով պատասխանեց պրոֆեսորը և հանկարծ մեջ ընկավ:

-Այո, թերևս գերմանացի…-ասաց նա:

-Շատ լավ եք խոսում ռուսերերն,-նկատեց Անապաստանը:

-Օ՜, ընդհանրապես բազմալեզու եմ ես և շատ ու շատ լեզուներ գիտեմ,-պատասխանեց պրոֆեսորը:

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք,-հարցրեց Բեռլիոզը:

-Ես սև մոգության մասնագետ եմ:

«Ա՛յ քեզ բան…,-շամփրեց Միխայիլ Ալեքսանդրովիչի ուղեղը: -Եվ… և այդ մասնագիտության համա՞ր են ձեզ հրավիրել մեզ մոտ,-կմկմալով հարցրեց նա:

-Այո, դրա համար են հրավիրել,-պատասխանեց պրոֆեսորը և պարզաբանեց:

-Այստեղ, պետական գրադարանում, հայտնաբերվել են կախարդ Հերբերդ Ավրիլակեցու բնագրերը՝ տասներորդ դար: Եվ ահա պահանջում են, որ վերծանեմ: Ես միակ մասնագետն եմ աշխարհում…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան