09.03.2015 18:19

Աֆրիկյան երկրները գրոհ են ձեռնարկել «Բոկո հարամի» դեմ

Աֆրիկյան երկրները գրոհ են ձեռնարկել «Բոկո հարամի» դեմ

Նիգերի և Չադի զինված ուժերը Նիգերիայի հյուսիս-արևելքում  ցամաքային և օդային գրոհ են սկսել իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորման դեմ, հաղորդել են այդ երկրների իշխանությունները:

Հարձակումը, ենթադրաբար, սկսվել է Բոռնո նահանգում գտնվող գրոհայինների դեմ:

Ավելի վաղ Նիգերիայի կառավարությունը հայտարարել էր, որ «Բոկո հարամը» հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը», ինչը, ղեկավարության մամլո քարտուղար Մայք Օմերիի խոսքով՝ իսլամիստներից օգնություն ստանալու փորձ է:

«Բոկո հարամ» անվանում է թարգմանվում է՝ «արևմտյան կրթությունն արգելվում է»: Խմբավորումը Նիգերիայի հյուսիսում իսլամի արմատական մեկնաբանությունը ներմուծելու համար զինված պայքար է մղում 2009 թվականից: Իսլամիստների հարձակումների զոհերի թիվը հասնում է հազարների:

Չադը, Կամերունը և Նիգերն արդեն սկսել են աջակցել Նիգերիային՝ «Բոկո հարամի» դեմ պայքարում: Անցյալ ուրբաթ Աֆրիկյան միությունը հավանություն է տվել խմբավորման դեմ պայքարելու նպատակով ավելի քան ութ հազարանոց տարածաշրջանային ուժեր ստեղծելու գաղափարին: Փոխանցում է BBC-ին: