11.03.2015 12:58

Ի լրումն «Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ» հոդվածի

Ի լրումն «Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ» հոդվածի

Փետրվարի 27-ին ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության՝ արդեն թվով երկրորդ մրցույթի հարցազրույցի փուլը:  Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հրապարակում կա այն մասին, որ երկու մրցույթների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այս մասին հայտնի դարձավ միայն նրա՝ «Հետք» լրատվական կայքին 04.03.2015 թ. տրված հարցազրույցից հետո, որտեղ Հայկուհի Հարությունյանը նշել է, թե երկու մրցույթների ընթացքում էլ արձանագրվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգային թերություններ, սակայն դրանք չեն կարող գնահատվել որպես այնպիսի էական խախտումներ, որոնք ազդեցություն ունեցան վերջնական որոշման կայացման վրա, կամ թեկնածուներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ տարբերակված մոտեցման հիմք հանդիսացան:

Հարկ ենք համարում ընդգծել, որ իր հարցազրույցներից մեկում հաղթող թեկնածուներից մեկը՝ Արա Ղազարյանը, նույնպես նշել էր, թե համաձայն չէ այն պնդմանը, որի համաձայն՝ մրցույթի ընթացքում տեղի են ունեցել կոպիտ ընթացակարգային խախտումներ: Հիշեցնենք, որ նախորդ մրցույթի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության մրցույթում տեղ գտած կոպիտ խախտումների մասին՝ մասնավորապես անդրադառնալով հանձնաժողովի ոչ թափանցիկ գործելաոճին, ինչպես նաեւ երեք թեկնածուների կողմից փաստաթղթերը նախատեսված ժամկետից ուշ ներկայացնելու փաստերին:

Անդրադառնալով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության գործունեության օբյեկտիվությանը՝ հարկ ենք համարում նաեւ հրապարակել հետեւյալ փաստերը, որոնք հիմք են հանդիսանում ենթադրելու, որ վերոնշյալ հ/կ-ն սույն մրցույթում ունեցել է ակնհայտ շահագրգռվածություն: Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք մի շարք հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում այն պնդումը, որի համաձայն՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահը իրականացրել է դիտորդական առաքելություն: Մանրամասնենք.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ վերոնշյալ հասարակական կազմակերպությունը ակնհայտ շահագրգռվածություն ունի մրցույթը լեգիտիմացնելու հարցում: Մեր այս պնդումը հիմնավորենք այն հանգամանքով, որ Արա Ղազարյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում գործընկերական հարաբերությունների մեջ է գտնվում սույն հ/կ-ի հետ, ինչը կարող ենք փաստել ստորեւ հրապարակված լուսանկարներով, որոնք ապացուցում են, որ առաջին մրցույթի անցկացման ժամանակահատվածում, երբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն իբրև թե դիտարկել է մրցույթն ու զեկույց ուղարկել Ստրասբուրգ, Արա Ղազարյանը ներգրավված է եղել այդ հ/կ-ի ծրագրերում:

Ի հավելումն մեր նախորդ հրապարակման, որտեղ նշում էինք, որ 2009-2013 թթ. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահը եղել է Սիրանուշ Սահակյանը, ով դադարեցրել է հ/կ-ի նախագահությունը 2013 թվականին, հայտնենք, որ նույն Սիրանուշ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի՝ 2013թ. դեկտեմբերի 30-ին ստորագրված հրամանագրով, եւ Վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկով նշանակել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ: