12.03.2015 17:35

Վահան Բաբայան. Մեր տեսակետը, բնականաբար, մնում է նույնը

Վահան Բաբայան. Մեր տեսակետը, բնականաբար, մնում է նույնը

iLur.am-ը ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ զրուցել է ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հետ

- Պարոն Բաբայան, նախ՝ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում այս օրերին ԲՀԿ-ում:

- Քանի որ կուսակցությունում բավական մեծ փոփոխություններ եղան վերջին 1-2 շաբաթվա ընթացքում, առայժմ միայն ներքին կազմակերպչական ու հետագա ծրագրային խնդիրներ են քննարկվում, որով ԲՀԿ-ն շարունակելու է գործել Հայաստանի քաղաքական դաշտում, որոնք դեռ ընթացքի մեջ են, իսկ մանրամասների ու արդյունքների մասին կհայտարարենք ավելի ուշ, երբ գործընթացն ավարտվի։

- Այս օրերին ականատես ենք լինում ԲՀԿ-ից արտահոսքի: Սպասելի՞ էր Ձեզ համար կուսակցությունից նման արտահոսքը:

- Այն, որ որոշակի արտահոսք սպասվում էր, ակնհայտ էր բոլորի համար, իսկ այս կամ այն չափի մասին, կարծում եմ՝ չարժե խոսել, քանի որ մեր նախկին և ներկա գործընկերները ազատ են իրենց որոշումներում։

- Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետեւանք է տեղի ունեցողը:

Պարզապես՝ քաղաքական պրոցեսներ են, որոնց արդյունքում միշտ էլ նման երևույթներ լինում են, կուսակցություններում հիմնականում համախմբվում են համագաղափարակից ու միևնույն նպատակներ ունեցող անձինք, սակայն բնավ պարտադիր չէ, որ բոլորը բոլոր հարցերում համաձայն լինեն։ Սա նաև ժողովրդավարության հիմնական թեզիսներից է։

- ԲՀԿ-ն հայտարարել է իրեն ընդդիմադիր: Ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ի գործունեությունն ընդդիմադիր դաշտում:

- Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ԲՀԿ-ի գործունեությունը միշտ էլ ավելի ընդդիմադիր է եղել, և կարծում եմ՝ արդեն ժամանակն էր, որ ԲՀԿ-ն հայտարարվեր ընդդիմություն, քանի որ դա էր պահանջում նաև հասարակությունը, ուստի, կարծում եմ, սա օրինաչափ ու բնականոն որոշում էր։

- Ո՞ր ուժերի հետ եք տեսնում ձեր համագործակցությունը:

- Այս պահին չեմ կարող և չեմ ուզում որևէ քաղաքական ուժ նշել, քանի որ մեր ներքին քննարկումները դեռ չեն ավարտվել, դեռ մենք ինքներս պետք է հստակեցնենք մեր առաջիկա ծրագրերն ու անելիքները, որից հետո կներկայացնենք դրանք մյուս ուժերին և հասարակությանը, ըստ դրա՝ կորոշվի՝ ում հետ ենք համագործակցելու և ինչ ֆորմատով։

- Ի դեպ, իշխանափոխության խնդիր շարունակո՞ւմ եք դնել ձեր առաջ, թե՞ ոչ:

- Այս պահին մենք դեռևս մեր ռեսուրսները հստակեցնելու խնդիր ունենք, որպեսզի ինքներս մեզ համար հասկանանք՝ ինչ կարող ենք առաջարկել հասարակությանը, ինչ կարող ենք անել և ինչ չենք կարող, ուստի այս հարցին դեռևս թույլ տվեք չպատասխանել։

- Իսկ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ձեր տեսակետը մնում է նո՞ւյնը, եւ մերժո՞ւմ եք այն, թե՞ ոչ:

- Մեր տեսակետը, բնականաբար, մնում է նույնը, քանի որ մեր բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստացել, բայց այս թեման ևս մեր մարտավարության մեջ է մտնում և գտնվում է քննարկման փուլում, թե ինչպես ենք արձագանքելու, մասնակցելու ենք դրանց քննարկումներին, թե ոչ և այլն։

- Պարոն Բաբայան, մամուլում նաեւ տեղեկություններ եղան, որ ԲՀԿ-ին վարչապետն է ֆինանսավորելու: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ցավոք, մեր մամուլի որակն այսօր այնպիսին է, որ ցանկացած ցնդաբանություն պատվերի շրջանակներում կարող են մատուցել որպես բացարձակ իրականություն, այնպես որ չարժե նույնիսկ անդրադառնալ նման լուրերին ու դրանց հեղինակներին։

- Իսկ որտեղի՞ց է ԲՀԿ-ն գտնելու ֆինանսական միջոցներ՝ կուսակցությունը, տարածքային կառույցները պահելու համար:

- Առայժմ կգործի նոր կենտրոնական գրասենյակը և այնքան տարածքային գրասենյակներ, որտեղ մենք տարածքի վարձակալության խնդիր չունենք, իսկ կառույցների ղեկավարները կուսակցությունում շարունակելու են աշխատել, մնացած տարածքներում մեր աշխատանքները վերակազմակերպելու խնդիր կա, որոնք ևս մոտ ապագայում, հուսով ենք, կկարգավորվեն։

- Տեսակետ է շրջանառվում, թե ԲՀԿ-ն լինելու է կառավարելի ընդդիմություն: Ձեր կարծիքով՝ այդպե՞ս է լինելու, թե՞ ոչ:

- Ընդդիմություն լինելու իմաստը իշխանություններին ու նրանց մոտեցումներին հակադրվելն ու սեփական մոտեցումներն առաջ քաշելն է, ոչ թե իշխանության կողմից կառավարվելը։ Որոշ հարցերում գուցե ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք էլ լինեն, բայց դա չի նշանակում, որ նրանց միջև տարբերություն չկա, ինչպես շատերը գրում են։ Նման խոսակցություններ պտտվում էին դեռ 2012-ից, երբ ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, բայց այս ընթացքում շատերը համոզվեցին, որ սխալվել են։ Այս տիպի լուրերը միայն վարկաբեկելու նպատակ ունեն, ուրիշ ոչինչ։

Արման Գալոյան