13.03.2015 13:24

Վլադիմիր Կարապետյան. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցի որոշ առանձնահատկություններ

Վլադիմիր Կարապետյան. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցի որոշ առանձնահատկություններ

Մարտի 10-ին հրապարակվել է Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսի զեկույցը՝ 2014թ. հոկտեմբերի 5-9-ին Հայաստան կատարած այցելության արդյունքներով:

Այն հիմնականում բաղկացած է երկու բաժնից.

-         Արդարադատության վարչարարություն

-         Կանանց իրավունքներ, գենդերային հավասարություն

Մինչ զեկույցի որոշ դրույթներին անդրադառնալը, նշենք, որ ԵԽ Մարդու իրավունքների նախորդ հանձնակատար Թոմաս Համարբերգի՝ 2011թ. Հայաստան այցելության նպատակը, կարծես, առավել ընդգրկուն էր՝ այն վերաբերում էր արդարադատության համակարգը կազմաքանդած Մարտի 1-ի դեպքերի և դրանց հետևանքների (որոնք արդարադատության համակարգի՝ իշխանության հլու-հնազանդ ծառան դառնալու հիմնական պատճառն էին դարձել) վերհանմանը և համապատասխան հանձնարարականների մշակմանը: 

Վերջիններիս կյանքի կոչումը հնարավորություն կտար մեր երկրին ազատվել պետական համակարգի գործած բազում անարդարությունների ծանր բեռից՝ հնարավորություն ընձեռելով մեր երկրում նոր հիմքների վրա դնել արդարադատության համակարգը:

Թ. Համարբերգի զեկույցի 77 հոդված նվիրված էր մարտիմեկյան դեպքերին և դրանց հաջորդող հետապնդումներին՝ ձերբակալություններ, պատվիրված դատավարություններ, մարտիմեկյան զոհերի հարազատների նկատմամբ իշխանության ցուցաբերած արհամարհանք ու անտարբերություն: «Մարտիմեկյան դեպքերի չբացահայտման հետևանքով բնակչության շրջանում հուսահատությունն ու դժգոհությունը կարող է պատճառ հանդիսանալ ներքաղաքական մթնոլորտի վատթարացման համար: Իշխանությունները պետք է կարողանան այնպես աշխատել ընդդիմության և զոհերի հարազատների հետ, որպեսզի հնարավոր լինի նպաստել հայկական հասարակության մեջ համերաշխության վերականգնմանը»,- եզրակացրել էր ԵԽ Մարդու իրավունքների նախորդ հանձնակատարը:

Վերջինս առանձնահատուկ կարևորել էր տասը սպանությունների բացահատումը՝ ընդգծելով, որ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելով և իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվությունից ազատելով՝ հասարակության շրջանում միայն խորանում է պետության մեջ գոյություն ունեցող ընտրովի արդարադատության սուր զգացումը:

Զեկույցի 53-րդ և 54-րդ հոդվածներով Հանձնակատարը խոսում էր սպանություն կատարած ոստիկանների մասին՝ հորդորելով բացահատել և պատասխանատվության կանչել նաև հրամաններ արձակած հրամանատարական շղթային: Առանձին շեշտվում էր զոհերի հարազատներին պատշաճ փոխատուցում տրամադրելու անհրաժեշտությունը:

Հայաստանում գտնվելու ընթացքում ԵԽ Մարդու իրավունքների նոր Հանձնակատարը թեև ուներ իր նախորդի այդ համապարփակ զեկույցը և, փաստորեն, քաջատեղյակ էր արդարադատության հիմնախնդիրների խորացման պատճառների մասին, սակայն, կարծես՝ փորձ է անում նոր էջ բացել այս ոլորտում:

Նոր զեկույցի հանձնարարականների բաժնում կրկին խոսվում է արդարադատության անկախության ամրապնդման, դատավորների նշանակման ընթացակարգերում բացերի, կոռուպցիայի մեղադրանքների հարցով քննություն անցկացնելու, դատարաններում դատախազության գերհզոր դերակատարության և այս համատեքստում պաշտպանների իրավունքների ընդլայնման, օրենսդրական փոփոխությունների, Հատուկ քննչական ծառայության անկախության բարձրացման, ոստիկանությունում բռնությունների բացառման, անմեղության կանխավարկածի սկզբունքի հարգման և այլ բազում խնդիրների մասին: Կարդալով այս զեկույցը՝ տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է հեռավոր 90-ական թվականներին, որովհետև նույն խնդիրներն առկա էին այն ժամանակվա Հայաստանում: Կարծես՝ մենք նոր ենք անդամակցել Եվրոպայի Խորհրդին և նոր ենք ստանձնել այդ ոլորտներում բարեփոխումներ անկացնելու պարտավորությունը, կարծես՝ Ոստիկանությունը, որը մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է ստացել ԵԱՀԿ-ից և միջազգային այլ կազմակերպություններից, որևէ բանով տարբերվում է 15 տարի առաջվա ՆԳՆ-ից (վերջին շրջանի բռնությունների դեպքերի կապակցությամբ Ոստիկանության փաստացի անզորությունը դրա վառ վկայությունն է): Թե՞ Հանձնակատարը տեղյակ չէ, թե Արդարադատության համակարգը որքան աջակցություն է ստացել 1998-2014 թվականներին այս խնդիրները չլուծելու, համակարգը կարծրացնելու, դատավորներին իշխանությունների հպատակ դարձնելու համար:

Հանձնակատարը թերևս կարող է համարել, որ պարտաճանաչ կերպով արել է իր գործը. եկել և ֆիքսել է արատները, խորհուրդներ և հանձնարարականներ տվել: Որպեսզի չմեղադրվի մարտիմեկյան էջը «փակելու» համար, նա նաև 3 պարբերություն նվիրել է այդ դեպքերին (72, 73 և 74 հոդվածներ)՝ նկարագրական ոճով արձանագրելով քննության առաջխաղացման բացակայությունը: Հանձնարարականների բաժնում Հանձնակատարը այլևս չի անդրադառնում խնդրին՝ այս ամենով համարելով, որ արդարադատության բնագավառում խնդիրները կարծես կապ չունեն այդ ոլորտում այն խայտառակ նահանջի հետ, որ հաջորդեցին Մարտի 1-ի դեպքերին: Մեր հասարակությունն էլ պետք է նկատի, որ ԵԽ մարդու իրավունքների Հանձնակատարների երկու զեկույցներում (2011 և 2014 թթ.) բացակայում է հստակ կապը, փորձ չի արվել պայմանավորել հայաստանյան արդարադատության «ավանդական» և չլուծվող խնդիրները քաղաքական համակարգի լճացման, կարծրացման հետ, մարտիմեկյան դեպքերն ու սպանությունները իշխանությունների կողմից պարտակելու հանգամանքով:

Այնուամենայնիվ, վստահ ենք, որ Հայաստանի հասարակությունը մոտ ապագայում կստանա լիարժեք տեղեկատվություն արդարադատության համակարգի վիճակի վերաբերյալ: Վստահաբար՝ այն կտարբերվի պարոն Մուժնիեքսի տված գնահատականներից. առաջիկա ամիսներին սպասվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները մարտիմեկյան դեպքերի հետևանքով ձերբակալված անձանց, նաև 10 զոհերի հարազատների հայցերով: Դրանք կներկայացնեն մեր դատարանների, դատախազության, նախագահականում գործող խորհրդականների թե՛ գիտելիքների պաշարը, թե՛ սկզբունքայնության աստիճանը, թե՛արդարադատության մասին պատկերացումները: Կարծում ենք՝ սպասվող վճիռները ավելի լավ հնարավորություն կընձեռեն Հայաստանում արդարադատության համակարգով հետաքրքրված անձանց և ինստիտուտներին՝ պատկերացում կազմել, թե ինչ է իրականում կատարվում մեզ մոտ, քան վերոնշյալ զեկույցը, որը, ինչպես ցույց է տալիս հենց ինքը՝ փաստաթուղթը, երկու-երեք տարի հետո ոչ ոք չի էլ հիշելու: