18.03.2015 16:35

Գիշերը խորհել է, ցերեկը՝ քնել

Գիշերը խորհել է, ցերեկը՝ քնել

Ինքը ամբողջ գիշեր նստել է աշխատասենյակում, տուն չի գնացել, հատուկ բաղադրատոմսով բլինչիկը չի կերել, ըմպել է միայն Կոկա եւ խորհել է: Խորհել է ազգի դարդերի ու ցավերի մասին, մտածել է այնքան, մինչեւ լուսացել է: Մտածել է անդադար, ուղիներ է որոնել, թե էլ ինչ լավ բան կարելի է անել էս անշնորհակալ ազգի համար, որն էսքան լավ բաները չի տեսնում եւ միայն վատն է ասում, ու դրա համար էլ խիյարը բուսնում է թարս, ու մթնոլորտը դառնում է գաղջ: Խորհել է, թե էլ ինչ նոր հարկ կարելի է շրջանառության մեջ դնել, որով կթեթեւացվի աշխատող ժողովրդի բեռը, թե ինչ սակագին կարելի է էլի փոխել, մտածել է սահմանամերձ շրջանների բնակիչների մասին, հատկապես էն տատիկի մասին, որը 2013-ի նախընտրական հանդիպման ժամանակ եկել ու իրեն ասել էր, թե թոշակը քիչ է, չի հերիքում: Չէ, դե ինքը ամենաբարին է, ինքն էլ հո գիտի, որ տատիկին էդ գումարը դեռ մի բան էլ՝ շատ է, բայց քանի որ ինքը բարի է, մտածել է, թե որ ոլորտից մի երկու կոպեկ քերի, տանի էդ տատի թոշակը գոնե մի 1000 դրամով ավելացնի, որ հետո տատին չասի, թե փողն էլի չի հերիքում: Ախր էդ փողն ի՞նչ են անում, ամբողջ գիշեր խորհում էր ինքը, էդքան փող ունեն, ու էլի դժգոհ են: Թոշակները ստանում են, աշխատավարձերը բոլ-բոլ ստանում են, բայց էլի դժգոհում են: Ընդդիմությունն է մեղավոր, որ նրանց ավելի լավ կյանքի մասին երազել է տալիս, էդ մարդիկ էլ գալիս ու իրենից են պահանջներ ներկայացնում: Էդ նաիրիտցինե՞րն ինչ են ուզում, է, էն ա, մի ամսվա աշխատավարձն էլ տվեց, բայց էլի դժգոհ են, եկել ասում են՝ մնացած ամիսների աշխատավարձերն էլ տվեք: Պահանջում են, ասա՝ որտե՞ղ եք էդպիսի դրախտային պայմաններ տեսել. համ չեք աշխատում, համ աշխատավարձ եք ուզում: Լավ, բա էն տատիկի փողը որտեղի՞ց քերի:

Այսպես մտածում էր ու մտածում: Հիշեց, որ պահուստային ֆոնդում դեռ «մի քանի մանեթ» կա: Մտածեց, որ կարելի է էդտեղից քերել, բայց հետո հիշեց, որ էդ երկու կոպեկը ավելի կարեւոր ծախսերի համար է դուրս գրվելու, պիտի Խաչատրյան Գագոյին տա՝ արտասահմանյան ուղեւորությունների համար: Մարդը գնում Հայաստան է ներկայացնում, տատին էլ՝ ոչինչ, թող սպասի, միս քիչ կուտի, համ էլ՝ միսը վնասակար է, շուտ է ծերացնում: Էսպես, ուրեմն, տատիի երիտասարդ մնալու գաղտնիքն էլ գտավ, հետո անցավ մյուս դարդերին: Էդ սահմանադրական փոփոխություններն էլ՝ մի կողմից: Է՛դ ինչ ջարմա էր՝ եկավ կպավ իրեն: Ախր մի ասող լիներ՝ թե դրա վա՞խտն էր, այ Գագիկ ու Դավիթ Հարությունյաններ: Եկել եք էս նեղ մաջալին ու զոռում եք, թե՝ համաձայնվի փոփոխությունների, ու լավ կլինի ազգի համար: Լավ դե, մտածում էր ինքը, եթե ազգի համար է, ուրեմն, մի կերպ կհամաձայնեմ, հո իր համար չէ՞ր անում:

Լրագրողներն էլ էնտեղ հանգիստ չեն տալիս իրեն, ամեն օր մի նոր թեմա են պեղում գաղջ տարածելու համար: Ամեն ինչ անում են, որ մարդիկ հավատան իրենց, չտեսնեն լավն ու արտագաղթեն: Հա, մտածում էր ինքը, լրագրությունը նպաստում է արտագաղթին: Հատկապես՝ ազատ ու անպատասխանատու լրագրությունը: Բայց, մյուս կողմից էլ, քանի որ ինքը շատ ժողովրդավար էր, առավոտվա իր ելույթի տեքստում էլ արդեն գրել էր, որ երկրում մամուլի ազատություն կա, հո չէր խեղդելու ազատ խոսքը: Չէ, ինքն էդ մարդը չի: Հեն ա, մի քանի օր առաջ լիքը քաղգործիչներ եկան իր մոտ, ո՞ր մեկին խեղդեց: Կամ՝ էն Արարատ Զուրաբյանի, Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, կամ էլ էն մյուս նախկին կոնգրեսականների կորացած մեջքերից ու հիացած դեմքերից էդպիսի տպավորություն է՞ր հնարավոր ստանալ: Նրանք հոժար կամքով էին եկել ու կորացել: Ինքն էլ, դե, համեստ մարդ է, նման բաներ չի սիրում, ասել է՝ մեջքներդ մի քիչ ուղիղ պահեք, շախմատի ձի կդառնաք:

Հա, ուրեմն, էսպես ամբողջ գիշեր խորհել է, ու չի էլ նկատել, թե ինչպես է լույսը բացվել, ու արդեն Ազգային ժողով իջնելու ժամանակն է: Եվրանեսթի նիստին պիտի մասնակցի: Էդպես էլ խորհելով գնաց, նստեց ամբիոնի մոտ ու սկսեց էլի խորհել, ու իրենից անկախ՝ ազգի դարդով տառապելու ընթացքում սկսեց նիրհել: Ու էլի էդ չար լրագրողները՝ առանց նախաբանն իմանալու, չնշելով, որ մարդը ամբողջ գիշեր չի քնել, ազգի մասին է մտածել ու անքուն է եկել նիստին, գրել են, թե էս մարդն էլի կարեւոր միջոցառման ժամանակ քնել է:

Նախ՝ չի քնել, նիրհել է, մի թեթեւ: Հետո էլ՝ բա ո՞վ ամբողջ գիշեր նստի ու ազգի մասին մտածի, ու հետո՝ ի վիճակի լինի կարեւոր միջոցառմանը ներկայանալ «կակ ագուռչիկ»:

Ու ոչ մի լրագրող մի տող անգամ չգրեց այն մասին, որ անգամ այդ պահին ինքը ազգի մասին երազ էր տեսնում:

Պարգեւ Ապրեսյան