20.03.2015 15:54

Թե՞ քնել եմ...

Թե՞ քնել եմ...

Եւ ուրեմն, չար լրագրողներն էլի չարախնդացել էին, երբ իմացել էին, որ նա, ճիշտ այն պահին, երբ Աստանայում տեղի է ունենում ԵԱՏՄ անդամ մյուս երեք երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, ինքն ընդունել էր Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին: Եւ ուրեմն, իրեն չէին կանչել,- չարախնդում էին լրագրողները՝ չհասկանալով, որ ինքը՝ ինքզինքը, էնքան մեծ է, հզոր է ու ինքնաբավ, որ չի բարեհաճել գնալ: Թե չէ՝ էդ ո՞նց կարող էր պատահել, որ իր մասին մոռանային երեք նախագահները: Չէին մոռացել, որովհետեւ դա չլինելու բան է, կանչել էին, խնդրել էին, որ ինքը ներկայանա, բայց դե իր սիրտը հիմա էլի Եվրոպաներում է, ուստի մերժել է, ասել է՝ ես ձեր ժամանակը չունեմ, ես ավելի կարեւոր գործեր ունեմ: Ասել է՝ իմ ի՞նչ գործն է էս նեղ մաջալին, երբ ազգիս մասին պիտի նստեմ ու գիշերը դարդ անեմ՝ վեր կենամ գամ Աստանա: Դուք գնացեք քննարկեք հարցերը, հետո ինձ տեղյակ կպահեք, ես էլ եթե տեսնեմ՝ լավ բաներ եք որոշել, համաձայնությունս կտամ: Դե, իսկ համաձայնություն տալու հարցում էլ իր ժլատությունը բոլորը գիտեն: Մինչեւ արտաքին խաղացողներից մեկին «հա» է ասում՝ էդ խաղացողները ծերանում են: Չի եղել նույնիսկ մի դեպք, որ մեկին մի գիշերում «այո» ասի, ամիսներ, նույնիսկ տարիներ է մտածում՝ ծանրութեթեւ անում, նոր ասում իր «ծանրակշիռ այո»-ն: Ու, առավելեւս, չի եղել մի դեպք, որ միաժամանակ բոլորին «այո» ասի: Որովհետեւ էդպես միայն քաղաքականության մեջ պատահականությամբ հայտնված ժուլիկներն են անում, իսկ ինքը լուրջ է, այսինքնՍ՝ լուրջ գործիչ է, քաղաքակա՛ն, էլի:

Դե քանի որ ինքը գործիչ է, էն էլ՝ քաղաքական, էն էլ՝ միջազգային մասշտաբի, իսկ «Տիեզերքի խաղաղ օգտագործման մասին» օրենքի ընդունումից հետո նաեւ՝ համատիեզերական, ուստի եւ իրեն ծանր է պահում: Երբեւէ լսե՞լ եք, որ մի տեղ մի ավել բառ ասի: Տեսած կա՞ք, որ իրեն թույլ տա ասել՝ «խիյարը թարս ա բուսնում», «էկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», «իյա, իրո՞ք», «ինչքան ուզենք՝ էնքան խփենք», «տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»:

Իհարկե, չեք լսել: Որովհետեւ ինքը բանասեր ա, բանը, որ խոսքն է, ուսումնասիրել է, սերտել է ու սիրել: Ու ինքը գիտի՝ որտեղ ինչ ասի, որտեղ ու երբ՝ ինչ անի: Եւ եթե էնպես է ստացվել, որ ինքը երեք նախագահների հանդիպմանը ներկա չի եղել, ուրեմն՝ էդպես էր պետք: Առավելեւս՝ Հարավային Կորեայում ցողունաբուժության կուրս անցնելուց ու տեղական հեռուսաընկերությունների աստղը դառնալուց հետո: Համ էլ՝ էսա Արտաշես Մամիկոնիչը, նույն ինքը՝ Դատարկ Դհոլը (ժամանակին ինքն էր նրան այդպես անվանակոչել, ու դա իր երեւի ամենաճիշտ խոսքերից մեկն էր) ոնց որ արդեն հազարարերորդ գիրքն է լույս ընծայում, դեռ պետք է հասցնի գնա շնորհանդեսին: Ի դեպ, ինքը համ էլ շատ գրասեր է: Բազմաթիվ գրքերի շնորհանդեսների է մասնակցել, ճիշտ է՝ դրանց 90 տոկոսը նույն Գեղամյանի գրքերն են եղել, բայց դա կապ չունի, գիրքը մնում է գիրք, անգամ՝ եթե հեղինակը Արտաշես Գեղամյանն է: Էդպես խորհում էր ինքզինքը, ու չնկատեց, թե ինչպես ավարտվեց հանդիպումը Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարների հետ: Օգնականի ուսին թփթփացրեց, թե՝ վերջում ի՞նչ ասին տղերքը: Օգնականը ինչ-որ բաներ ասաց՝ չլսեց: «Կարեւորը՝ ոնց որ էս անգամ հանդիպման կեսից չեմ քնել»,- մտածեց ինքն ու գնաց ազգի դարդերով տապակվելու:

Պարգեւ Ապրեսյան