23.03.2015 13:20

Տիեզերական մասշտաբի գործիչ. Մենք ձեզ հրամայո՛ւմ ենք հաշտվել

Տիեզերական մասշտաբի գործիչ. Մենք ձեզ հրամայո՛ւմ ենք հաշտվել

Ուրեմն, ինքը գնացել էր Եվրոպա տեղ, ու քանի որ ինքը տիեզերական մասշտաբների գործիչ է, իրենից հարցազրույց են վերցրել: Հարցազրույցն էլ, բնականաբար, մանր թեմաների մասին չէր կարող լինել, միանգամից խոշոր թեմաներից էր խոսել՝ Արեւմուտք ու Ռուսաստան: Լրագրողը, իմանալով իր տիեզերական մեծության մասին, հարցրել էր, թե այս հարցում միայն իր կարեւոր խոսքն է պակասում, եւ խնդրել էր ներկայացնել իր տեսակետը: Ու ինքը իր ծանր տեղից մեծավարի ասել էր, որ «Հայաստանը (դե ինքը իր մասին էդպես համեստ ձեւակերպումներ է անում՝ սովորաբար, Հայաստան որ ասում է՝ իրեն նկատի ունի, բնականաբար, սակայն) ձեռնարկում է ամեն ինչ՝ Եվրոպային եւ Ռուսաստանին հաշտեցնելու նպատակով»:

Ու պատմել է, որ վեր է կացել մի պայծառ առավոտ ու ազգի մասին դարդոտվելուց հետո՝  մի կոշտ տեքստ է գրել, երկու օրինակով, թե՞, չէ՝ երեք օրինակ էր, մեկն, ուրեմն, ուղարկել է Բարաք Օբամային, երկրորդը՝ Եվրամիություն, երրորդը՝ Վլադիմիր Պուտինին: Ու զգուշացրել է, որ՝ հերիք եղավ, մեծ մարդիկ եք, բավական է իրար հետ վիճեք, զսպեցի ինձ, չմիջամտեցի, ձեն չհանեցի, մտածեցի՝ ինքներդ լուծում կգտնեք, բայց  քանի որ չեք գտնում, ստիպված եմ արդեն ծանր տեղս թեթեւացնել ու միջամտել: Զգուշացնում եմ, ուրեմն, խելոք պահեք ձեզ, դա ես եմ ձեզ զգուշացնում՝ ձեր ավագ ընկերը, հաշտվեք իրար հետ, հակառակ դեպքում կպատժեմ բոլորիդ, հավասարապես, ոչ մեկիդ չեմ ընդունի, ոչ մեկիդ հետ չեմ հանդիպի, ու եթե դա էլ բավարար չլինի, պատժամիջոցներ կկիրառեմ: Բայց մի՞թե  կա ավելի դաժան պատժամիջոց, քան իմ լուսապայծառ ու երկնային պատկերը տեսնելու հնարավորությունից զրկվելն է:

 Ուրեմն, այսպիսի մի դաժան նամակ է գրել ու ուղարկել կողմերին: Կողմերն էլ կարդացել ու քարացել են: Որովհետեւ մտածում էին, որ ինքը իր բարձրությունից չի էլ նկատել իրենց գժտությունները, բայց պարզվում է՝ ինքն ամեն ինչից տեղյակ է ու գիտի ամեն ինչ, ու դեռ մի բան էլ՝ արդեն գործուն քայլեր է ձեռնարկում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ու քանի դեռ իրենք կարծում էին՝ ինքը իր վեհ բարձրությունից իրենց գոյությունն անգամ չի նկատել, ու մանկան պես գզվռտվում էին՝ մշակելով արդեն առաջիկա մի տարվա հակամարտության գործողությունների ծրագիր, ինքը եկել ու դադարեցնել է տալիս էդ ամենը, ու հիմա իրենք չգիտեն՝ ինչ անել: Թեեւ լավ էլ գիտեն, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ եթե չենթարկվեն, ապա ինքը խիստ կջղայնանա,  իսկ թե ինչ է լինում այն ժամանակ, երբ ինքը ջղայնանում է, իրենք բոլորը գիտեն: Ու կամուկացի մեջ էր աշխարհը, ինքը՝ Սերժ Սարգսյանը, որոշել էր հաշտեցնել Ամերիկային ու Ռուսաստանին, ու ինքը էնքան կար, որ էդ մասին հրապարակավ հայտարարում էր՝ անհարմար դրության մեջ գցելով Ամերիկային էլ, Ռուսաստանին էլ:

Ահա այսպես անցավ նրա հերթական օրը: Այդ օրը կիրակին էր, իսկ կիրակին միակ օրն էր, երբ ինքը ոչ թե ազգի՝ նեղ ազգային դարդերով էր տապակվում, այլ գլոբալ հարցերով էր զբաղվում եւ քաշում էր ամբողջ աշխարհի ու ողջ մարդկության դարդը: Էդպես էր մտածում ինքը՝ մատը տկտկացնելով աշխարհի գլոբուսի վրա, ու մտորում էր, թե էս անգամ ո՞ր մի երկրում ծագած հակամարտության լուծմամբ զբաղվի, որովհետեւ բոլորը միասին լուծել չէր կարող, բոլորին միաժամանակ հաշտեցնել չէր կարող, պետք էր անել այդ ամենը հերթով, բայց ինչպե՞ս որոշել թե առաջնահերթությունը ում պետք է տալ:

Պարգեւ Ապրեսյան