25.03.2015 11:49

ՀԾԿՀ-ն երբևէ ՀՀ սպառողի շահը չի սպասարկել. «Ժողովուրդ»

ՀԾԿՀ-ն երբևէ ՀՀ սպառողի շահը չի սպասարկել. «Ժողովուրդ»

«Ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարց են բարձրացնում, այդպես էլ հստակ չի պարզաբանվում, թե անցած ժամանակահատվածում ինչն է այդքան կտրուկ թանկացել, որ անհրաժեշտ է էլէներգիայի սակագինը բարձրացնել»,- գրում է այսօր «Ժողովուրդը»: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներով Հայաստանի սպառողներին մատակարարվող էլէներգիան հիմնականում մատակարարում են վեց ընկերություններ և փոքր ՀԷԿ-երը: Ըստ այդմ, ՀԱԷԿ-ից էլէներգիան ՀԷՑ-ը գնում է 5,7 դրամ կվտ/ժ, Երևան ՋԷԿ-ից՝18,1 դրամ կվտ/ժ, Սևան-Հրազդան կասկադից՝ 2,1 դրամ կվտ/ժ. Որոտանի ՀԷԿ-ից՝8 դրամ կվտ/ժ, փոքր ՀԷԿ-երից՝ 21,8 դրամ կվտ/ժ, Հրազդան ՋԷԿ-ից՝36,9 դրամ կվտ/ժ և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից՝ 40,1 դրամ կվտ/ժ:

«Այսինքն՝ էլէներգիայի թանկացման համար Հայաստանի սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին, որոնցից առաջինը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը, իսկ երկրորդը՝ կրկին ռուսական «Գազպրոմ Արմենիային»: Ու թեև այդ երկու ՋԷԿ-երի արտադրած և առաքած էլէներգիան, օրինակ, անցած տարի կազմել է Հայաստանի ընդհանուր պահանջարկի 32,4 տոկոսը, այնուամենայնիվ, հանուն նրանց սակագինն անընդհատ բարձրացվում է: Իսկ ինչու այդ ՋԷԿ-երը չեն գործում Երևան ՋԷԿ-ի սխեմայով, որը օգտագործում է իրանական գազ, որի դիմաց վճարում է արտադրած էլէներգիան: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Հայաստանի բնակչությանը խաբելու և հարստահարելու համար: ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի հարկատուների հաշվին, բայց երբևէ այդ կառույցը ՀՀ սպառողի շահը չի սպասարկել»,–գրում է թերթը։

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել՝ համաձայն որի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Որոշ տվյալներով էլեկտրաէներգիան կարող է թանկանալ շուրջ 15-16 տոկոսով՝ ինչի հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: