25.03.2015 18:13

ՀՀ-ը աջակցում է ՉԺՀ ամբողջականությանը՝ փոխարենն ստանալով «ստանդարտ» ձեւակերպումներ ԼՂ հարցում

ՀՀ-ը աջակցում է ՉԺՀ ամբողջականությանը՝ փոխարենն ստանալով «ստանդարտ» ձեւակերպումներ ԼՂ հարցում

Պետական այցով Չինաստանում գտնվող Սերժ Սարգսյանն ու ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը երկու երկրների միջեւ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման մասին հռչակագիր են ընդունել, տեղեկացնում է President.am-ը:

Հռչակագրում, մասնավորապես, Հայաստանը անվերապահորեն ճանաչում է Չինաստանի միասնականությունը, իսկ Թայվանը համարում է Չինաստանի անքակտելի մասը:

«Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը», - ասվում է հռչակագրի տեքստում։

Թայվանական հարցում ՀՀ նման միանշանակ դիրքորոշման դիմաց հռչակագրի հաջորդ պարբերությունում նշվում է, որ չինական կողմը «հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն»։

Հռչակագրում անուղղակիորեն անդրադարձ է կատարվում նաեւ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրին, թեեւ «ցեղասպանություն» տերմինը չի հիաշատակվում:

«Կողմերը մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին», - ասվում է հռչակագրում: