26.03.2015 14:06

Սերժ Սարգսյանի չինական «կայծերը». ԼՂ հարցում զիջում՝ պետական այց կպցնելու դիմաց

Սերժ Սարգսյանի չինական «կայծերը». ԼՂ հարցում զիջում՝ պետական այց կպցնելու դիմաց

Սերժ Սարգսյանն իսկապես որ շատ «ինքնատիպ» գործիչ է: Վատ իմաստով, իհարկե: Այնքան «ինքնատիպ», որ ինքը վտանգներ է կախում մեր գլխին անգամ այն ժամանակ, երբ կարծես որեւէ բան տեղի չի ունենում: Ահավասիկ: Առավոտ էր, Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտներից մեկը, եւ ինչպես դասականն էր ասում՝ ոչինչ փոթորիկ չէր կանխատեսում: Համենայնդեպս, գոնե այդ օրը: Միակ լուրն այդ առավոտյան այն էր, որ Սարգսյանը վեր է կացել ու գնացել Չինաստան. այսքան տարիների միջազգային մեկուսացման ու արհամարհանքի ֆոնին վերջապես մի պետական այց էր կպցրել: Եղան մարդիկ, որ ազատ շունչ քաշեցին, մտածեցին՝ դե լավ, էս անգամ փորձանք չի բերի գլխներիս, անշառ տեղ է գնացել, Չինաստանն ո՞ւր, մենք՝ ո՞ւր, կգնա, իրեն լավ կզգա, որ պետական այցով է ժամանալ այնտեղ, մի երկու անիմաստ ելույթ կունենա, սիրտը կփառավորվի մի քանի պիոներիկ տեսնելիս ու հետ կգա: Բայց չէ, ռուսների ասած՝ «նի տուտ տը բըլո»: Փորձանքն ավելի շուտ եկավ, քան մենք հասցրինք մոռանալ Սերժ Սարգսյանի ու նրա չինական կայծերի մասին:

Դե փորձանքն էլ, ինչպես արդեն գիտենք՝ մենակ չի գալիս: Պարզվեց՝ Սարգսյանն էլի չի դիմացել գայթակղությանը ու հայ-չինական «մի ֆանտաստիկ» հռչակագիր է ստորագրել՝ համագործակցության եւ այլնի մասին: Համագործակցությունն, իհարկե, լավ բան է, այն էլ՝  Չինաստանի նման հզոր պետության հետ, ու եթե իսկապես Սերժը կարողանար նման բան ստորագրել, էլի բան էր: Բայց այդպես հնարավոր էր մտածել միայն հռչակագրի վերնագիրն ընթերցելիս, որովհետեւ տեքստն արդեն ամեն ինչ իր տեղը դրեց ու ապացուցեց հերթական անգամ, որ այդ մարդուն, առաջին հերթին, պետք է խստիվ արգելվի Հայաստանի անունից որեւէ բան ստորագրել, անգամ եթե վերնագիրը լինի Հայաստանի համար ամենաբարենպաստ, ամենահրաշալի նախադասությունը, որովհետեւ փորձն արդեն ցույց է տվել, որ նույնիսկ ամենալավ վերնագրով տեքստի մեջ Սարգսյանը կճխտի ամենախայտառակ ձեւակերպումները:

Ահավասիկ, ուրեմն:

Սարգսյանի եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի միջեւ ստորագրված` երկու երկրների միջեւ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման մասին հռչակագրից մի հատված.

«Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։

Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։

Եւ ուրեմն, Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից պարտավորվել է աջակցել մեկ Չինաստանի քաղաքականությանը, հանդես գալ որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատել, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում` փոխարենը ստանալով այն, որ չինական կողմը հանդես է գալիս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին» ընդհանրական ձեւակերպումներով: Ո՞րն է խնդիրը:

Թայվանի հակամարտությունը հակամարտություն է, որի վերաբերյալ (ինչպես եւ մյուս բոլոր հակամարտությունների զգալի մասի պարագայում) ցանկացած երկիր կարող է ունենալ այս կամ այն դիրքորոշումը՝ կախված այդ պահին իր պետական շահերից: Բայց Հայաստանի դեպքում երկու նրբություն կա, որոնք երկուսն էլ փոխկապակցված են ԼՂ հիմնախնդրի հետ, ու որոնք Հայաստանը պարտավոր է հաշվի առնել:

Բացի այդ, նույն Սերժ Սարգսյանը ինքն է հայտարարել, որ Հայաստանի համար ամեն ինչից վեր է ինքնորոշման իրավունքը: Ու դա՝ չնայած այն բանին, որ հենց իր օրոք առաջին անգամ հայտնվեցին փաստաթղթեր, որտեղ բացակայում էին պաշտոնական Ստեփանակերտի ստորագրությունները: Ահա մի օրինակ նրա՝ իտալական առաջատար «Corriere della sera» թերթին տված հարցազրույցից: «Երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև ընդունեց, Հայաստանը դեմ քվեարկեց: Ոչ թե այն բանի համար, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել, ինչպես գուցե ենթադրում եք: Դուք գիտեք, որ Հայաստանը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի գործընթացում` մեծամասամբ հայերով բնակեցված մի տարածք, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել»,- հարցազրույցի ժամանակ ասում էր Սարգսյանը:

Ասել է թե, մի կողմից՝ Հայաստանը հայտարարում է, որ, նախեւառաջ, առաջնահերթ է համարում ինքնորոշման սկզբունքը, բայց այսպիսի հակամարտության պարագայում իր կողմից հռչակված սկզբունքին հակառակ քայլ է անում: Բայց այս նրբությունն էլ, հաշվի առնելով որոշ քաղաքական ու աշխարհագրական հանգամանքներ, դեռ կարելի էր անտեսել, եթե չլիներ մեկ այլ նրբություն, որն է՛լ ավելի է ուժեղացնում առաջին նրբությունը: Եթե դու գնում ես այսպիսի զիջման, ապա միայն  առնվազն հավասարազոր որեւէ քայլի դիմաց: Կոպիտ ասած՝ դու կարող ես հայտարարել, թե քեզ համար անկախ Թայվան չկա ու գոյություն չունի (եթե ենթադրենք՝ այդպես է թելադրում քո պետական շահը), բայց միայն այն դեպքում, եթե դու դրա դիմաց ստանում ես նույն հավաստիացումները ԼՂ հիմնախնդրի հարցում: Ասել է թե՝ քաղաքական համահավասար բարտեր:

Բայց առնվազն անհեթեթություն է դեմ գնալ երկրիդ կողմից հռչակված սկզբունքներին՝ ընդհանրական ձեւակերպումների դիմաց, որոնք առանց այդ էլ անում է աշխարհի երկրների մեծ մասը: Հիշեցնենք, որ ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը շատ ավելի քիչ երկրներ են սատարում, այն դեպքում, երբ նրանց մեծ մասը հանդես է գալիս նույն ընդհանրական ձեւակերպումներով, որոնք ամրագրված են այս հռչակագրում:

Առավելեւս, որ նման ստորագրությունները անհետեւանք չեն մնում: Դիցուք, եթե վաղը Չինաստանը ՄԱԿ-ում որեւէ փաստաթուղթ ներկայացնի Թայվանի դեմ, ապա Հայաստանը (քանի դեռ չի հրաժարվել այդ հռչակագրից), համաձայն իր կողմից ստանձնած պարտավորության, պիտի կողմ քվեարկի: Այսինքն, այս հռչակագրով Չինաստանը մի ձայն էլ ունի իր «ոսկե պահուստում»: Իսկ եթե, օրինակ, նույն բանը նախաձեռնի Հայաստանը, Չինաստանը կքվեարկի այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար համարում այդ պահին, որովհետեւ ինքը որեւէ պարտավորություն չի ստանձնել:

Ու այստեղ էլ ահա հարց է ծագում: Այդ դեպքում ինչո՞ւ այս ձեւակերպումներով փաստաթուղթը ստորագրեց Սարգսյանը: Շատ պարզ պատճառով: Որովհետեւ սա Սերժ Սարգսյանն է, եւ նրա արարքներում պետական շահով թելադրված որեւէ բան փնտրելն առնվազն միամտություն է: Այնքան միամտություն է, որ կարելի է նույնիսկ կարծել, որ Սարգսյանն այս քայլին գնացել է շատ ավելի տրիվիալ պատճառներով՝ ԼՂ հարցում զիջում՝ պետական այց կպցնելու դիմաց:

Պարգեւ Ապրեսյան