27.03.2015 13:46

Վլադիմիր Կարապետյան. ԵԱՏՄ-ի մեր անդամակցությունն ու այսօրվա իրողությունները

Վլադիմիր Կարապետյան. ԵԱՏՄ-ի մեր անդամակցությունն ու այսօրվա իրողությունները

Եվրասիական տնտեսական Միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը հիմնավորելու համար ՀՀ իշխանությունները խոստանում էին դրական զարգացումներ, որոնք հետևելու են այդ քայլին:

ԵԱՏՄ-ի անդամակցության ճանապարհին Հայաստանը մեծ հարված հասցրեց ԵՄ-ի հետ հարաբերություններին, որոնք, բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, թե՛ այսօր են օգտակար Հայաստանի համար, թե՛ հեռանկարում խորքային բարեփոխումներ էին խոստանում: Այս իշխանության հիմնական ձախողումն այն է, որ զարգացման մեկ ուղղության հաշվին արտաքին քաղաքականության մեկ այլ վեկտոր ընդունվեց: Դրա պատճառներից են ցածր պրոֆեսիոնալիզմն  ու Հայաստանի զարգացման տեսլականի բացակայությունը: Այստեղ հարկ է նշել, որ նույնիսկ Ադրբեջանը այդ աստիճանի չփչացրեց հարաբերությունները Եվրոպայի հետ, որքան դա արեցին Ս. Սարգսյանն ու բարձրագույն դիվանագիտական կոչումներ ստացած իր արտաքին քաղաքական թիմը: Այսպես, Ադրբեջանը ինչ-որ փուլի պարզապես կանգնեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հասկացնելով, որ այս փուլում պատրաստ չէ առաջ շարժվել, իսկ Հայաստանը դուրս շպրտեց շուրջ 4 տարի տեւած՝ համակողմանի բանակցած և նախաստորագրած փաստաթուղթը՝ մեկ գիշերվա մեջ շրջադարձ կատարելով հակառակ ուղղությամբ: Սա ցույց տվեց, թե որքան անվստահելի բանակցող է Ս. Սարգսյանը, և նույնքան անվստահելի՝ մեր պետությունը, քանի որ այն ներկայացնում է նման պաշտոնյա:

Եվրոպացիների կողմից ՀՀ իշխանությունների հանդեպ արհամարհական վերաբերմունքը շարունակվում էր մինչև անցած տարվա աշուն, երբ Ս. Սարգսյանն ու իր թիմը, փաստորեն, չէին ընդունվում Եվրոպայում: Մեր պետության նկատմամբ բացասական տրամադրվածության ականատեսը դարձան բոլոր այն մարմինները, որոնք համագործակցության ֆորմատ ունեն ԵՄ կառույցների հետ (հիշենք, օրինակ՝ երկու անգամ տապալված ՀՀ ԱԺ-Եվրոպական խորհրդարան համագործակցության հանձնաժողովների հանդիպումները):

Այս իրավիճակը փոխվեց անցած աշնանը կայացած՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո: Ձևավորվեցին ԵՄ նոր Հանձնաժողով, համագործակցության խմբեր, պատգամավորական միավորներ: Խոսվեց Հայաստանի հետ նոր էջից բանակցություններ սկսելու մասին:

Հայաստանը պարտադիր կերպով պետք է օգտվի այս հնարավորությունից՝ հատկապես հաշվի առնելով Եվրամիության Հանձնաժողովում մեր պետության նկատամբ համագործակցության նոր ռազմավարություն որդեգրելու մասին կրկնվող խոսկցությունները: Մենք պետք է բոլոր ուղղություններով փոխշահավետ գործակցություն զարգացնենք ԵՄ հետ և դադարենք անտեսել ԵՄ հայաստանյան պատվիրակության կողմից  հրապարակվող և ամեն տարի մի փաստաթղթից մյուսը փոխանցվող նույն հանձնարարականները. Մարտի 1-ի դեպքերի բացահայտում, Ընտրական օրենսգրքի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության առաջարկությունների հիման վրա փոփոխություններ, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար և ուրիշներ:

Կարծում եմ, որ եվրոպական մեր գործընկերների ակտիվությունը նաև պայմանավորված է ԵԱՏՄ շրջանակներում տեղի ունեցող զարգացումներով: Բոլորը տեսան, թե ինչպես են ԵԱՏՄ երկրները Սերժ Սարգսյանի միջոցով նվաստացնում Հայաստանին: Հայաստանցիներիս նման՝ ԵՄ մեր գործնկերները նույնպես նկատեցին ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի (փոխնախարար Շ. Քոչարյան) անհեթեթ բացատրությունները՝ օրերս կայացած՝ Աստանայի հանդիպմանը Սերժ Սարգսյանին չհրավիրելու վերաբերյալ: Հիշեցնեմ, որ ըստ Քոչարյանի՝ԵԱՏՄ երեք երկրների նախագահները որևէ բան չունեն քննարկելու Ս. Սարգսյանի հետ: Այսինքն՝ Հայաստանը հայտնվել է այնպիսի մի միջավայրում, որտեղ որոշումները կայացվում են առանց մեր մասնակցության: Ավելին, ԱԳՆ-ն արդարացնում է նման խղճուկ վիճակը: Մինչդեռ դրա փոխարեն պետք է ամեն բան արվեր, որ Հայաստանը նույնպես մասնակցեր այդ հանդիպմանը, որում քննարկվող բոլոր հարցերը այս կամ այն չափով վերաբերում են մեզ, քանզի չեն կարող երեք պետությունների ղեկավարներ խոսել ԵԱՏՄ թեմայից դուրս խնդիրների մասին՝ ցանկացած եռակողմ պայմանավորվածություն մոտ ապագայում ամրագրվելու է ԵԱՏՄ փաստաթղթերում և «պարտադրվելու» բոլոր անդամ պետություններին, և այս հանդիպմանը Ս. Սարգսյանի բացակայությունը Հայաստանի մեկուսացման հերթական վկայությունն է: Այս համատեքտում պատահական չէ Ադրբեջանի արձագանքը, որը, տեսնելով Հայաստանի շահերի անտեսումը մեր գործընկերների կողմից, ավելի սանձարձակ ու լկտի պահվածք է որդեգրել շփման գծում:

Իշխանության վախեցած դիրքորոշման փոխարեն՝ մենք պետք է բարձրաձայնեինք մեր հստակ դիրքորոշումը՝ կարևորելով մեր մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակներում բոլոր հանդիպումներին, իսկ մինչ այդ դիվանագիտական խողովակներով հասցնեինք երեք երկրների ղեկավարությանը՝ հանդիպմանը Հայաստանի մասնակցության կենսական անհրաժեշտության մասին: Այս պնդումը ավելի արդիական է դառնում ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության աննախադեպ նվազման, Հայաստանի տնտեսական ցուցանիշների կտրուկ վատթարացման պայմաններում: Չեմ կարող բացառել, որ ՀՀ ԱԳՆ-ն փորձել է ապահովել ՀՀ ներկայությունը Աստանայի հանդիպմանը: Այդ դեպքում ավելի վտանգավոր է դառնում մեր անմիջական դաշնակիցներ ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահների որոշումը՝ հանդիպումը անցկացնել առանց Հայաստանի:

Հայաստանի քաղաքացիները քաջ գիտակցում են, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որ հաշվետու չէ իր քայլերի համար, չի զեկուցում ժողովրդին իր մտադրությունների, գործողությունների մասին, հաղորդակից չէ այն պահանջներին, որ ունեն քաղաքացիները: Բայց մենք նաև տեսնում ենք, որ այս մարդիկ ունակ չեն նույնիսկ սեփական շահերից բխող նպատակներ հետապնդել, անկարող են պաշտպանել մեր պետության շահերը, այլապես ինչպե՞ս բացատրել Ս. Սարգսյանի չմասնակցությունը ԵԱՏՄ եռյակի նիստին և դրան հաջորդած՝ ՀՀ ԱԳՆ-ի՝ վրդովմունք առաջացնող մեկնաբանությունը: Ավերածություններ հասցնելով թե՛ քաղաքական դաշտին և թե՛ տնտեսությանը՝ այս իշխանությունը հիմա էլ դրսում է խաղում Հայաստանի վարկի հետ՝ համաձայնելով այն բանին, որ Հայաստանի վերաբերյալ որոշումները կայացնում են առանց մեզ: