06.04.2015 15:18

Տի սուդա նի խաձի, տի տուդա խաձի

Տի սուդա նի խաձի, տի տուդա խաձի

Սերժ Սարգսյանը իր իսկ կողմից հնչեցված հակաքաղաքական, իսկ երբեմն նույնիսկ հակատրամաբանական մտքեր արտահայտելու հարցում անընդհատ նորանոր ռեկորդներ է սահմանում: Օրեր առաջ նա, ինչպես գիտենք` մասնակցում էր Հայաստանի ԳԱԱ տարեկան ժողովին, որտեղ թեեւ ելույթով հանդես չի եկել, բայց չի կարողացել դիմադրել գայթակղությանը եւ ամբիոնից արձագանքել է այդ պահին ելույթ ունեցող ակադեմիկոսներից մեկին: (Ի դեպ, խոսքը մեկ այլ խայտառակ ռեպլիկի մասին չէ, երբ նա ակադեմիկոսներին ասաց`լավ ա` փող չեք ուզում): Խոսքն այլ «միջադեպի» մասին է: Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Սարգսյանն իր ելույթում պնդում էր, որ եթե երկրում առնվազն երեք անգամ կրճատվեն կառավարման ապարատի ծախսերը, մեր բոլոր հարցերը կլուծվեն: Ու այստեղ ժողովրդավարության «հոր» նյարդերը չդիմացան, որովհետեւ դե պարզ է, որ այդ դեպքում ինքն էլ հարստանալու շանս չի ունենալու, եւ միջամտեց. «Եթե ես զբաղվեմ ինժեներիայով, դուք ինձ խիստ կքննադատեք, բայց դուք ինժեներ եք, քաղաքականությամբ եք զբաղվում։ Պետք է քաղաքական ելույթները քաղաքական վայրերում հնչեն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Դեռ մի կողմ թողենք այն տոնը, որով Սարգսյանն արտաբերել է այս «հրաշք» բառակապակցությունը: Փորձենք հասկանալ, թե այս խայտառակ տողերով ինչ է ակնարկում Սարգսյանը: Ընդամենը մեկ բան` «էս երկրում ոչ միայն ես պետք է որոշեմ, թե ով ինչ պիտի անի, այլեւ` ես պիտի որոշեմ` ով ինչ պիտի խոսի»: Կոպիտ ասած, Սարգսյանը արդեն ուզում է վերահսկել նաեւ մարդկանց խոսքերը: Այսպես որ շարունակվի, նա մարդկանց մտքերն էլ որոշելու փորձեր կանի: Վատ չի՞, չէ:

Ընդ որում, սա Սարգսյանի՝ նման առաջին փորձը չէ: Հիշո՞ւմ եք փետրվարի 12-ին ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը` նվիրված Գագիկ Ծառուկյանին: Այդ ժամանակ էլ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, թե Հայաստանում ինքը պիտի որոշի, թե ով զբաղվի քաղաքականությամբ, ով`ոչ, ու որ ինքը հակասահմանադրական եղանակով, ըստ էության, պատերազմ է հայտարարում Ծառուկյանին` ամեն ինչ անելու համար, որ վերջինս է՛լ չզբաղվի քաղաքականությամբ: Մի պարզ պատճառով, որովհետեւ այդպես ինքն է ուզում:

Եւ ուրեմն, մարդն արդեն դուրս է եկել նախկինում իր համար ստեղծված արեւմտամետ ժողովրդավարի կեղծ կերպարից եւ այլեւս չի կեղծում ինքն իրեն, արդեն բացահայտ ցինիզմով ու հրապարակավ հայտարարում է, որ ինքը, հենց ինքն ու միայն ինքը պիտի որոշի ամեն ինչ, որովհետեւ իր նպատակը ոչ միայն մեկ օլիգարխի (ասել կուզի` Սերժ Սարգսյան-Սաշիկ Սարգսյան-Միքայել Մինասյան «եռամիասնության») տնտեսություն, այլեւ` մեկ կուսակցության (ասել կուզի` ՀՀԿ-ի) պետություն, մեկ քաղաքական գործչի (ասել կուզի` իր` Սերժ Սարգսյանի) պետություն ստեղծելն է, (ինչին միտված են նույն սահմանադրական փոփոխությունները):

Ահա այսպիսին են Սերժ Սարգսյանի պատկերացումները պետության եւ իշխանության մասին, սա է նրա «Առա՛ջ, Հայաստանը», նրա «Ավելի լավ Հայաստանը», եւ կարծես` արդեն ամեն ինչ ասված է նրա իսկ կողմից, մարդն էլ ապացուցելու բան չունի իր մտադրությունների հարցում: Ինչ կարող ու ինչպես կարող էր` ասել է:

Իսկ մյուսներին, այդ թվում նույն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի լծի տակ ճկռած, բայց ձայն հանելու վախից սուս մնացածներին, մնում է միայն հիշել Սերժ Սարգսյանի մեկ այլ միտք, որը թերեւս միակ ճիշտ մեսիջն էր, ու որը վաղուց պետք էր գործի դնել. «Գլխից է պետք բռնել, մեծերին»:

Թե չէ՝ մի քիչ էլ, ու չեք էլ նկատի, թե ինչպես ինքն իրեն հռչակեց Հայաստանբաշի, ու իր ազգականների անուններով փոխեց ամիսները:

Պարգեւ Ապրեսյան