07.04.2015 17:11

Գրանորություն. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»

Գրանորություն. Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»

Օտարումը, որպես կանոն, հայտնվում է աննկատ, աներևույթ օտարատիզի նման կպչում է հարաբերությունների առողջ հյուսվածքների, քամում, քայքայում, ամայացնում է: Ու մարդու ներսում հասունանում է մեկ այլ մարդ՝ կոստյումով, երբեմն՝ բարեկիրթ, բայց անպայմանորեն՝ գայլային վարքագծով: Ով իր մեջ ոչ մի գայլ չունի՝ չունի կարիք երջանիկ լինելո՞ւ… Նրանց փայլող մորթին, սահուն քայլվածքը, նրբագեղությունը, սլացքն ու տոկունությունը, նույնիսկ ինքնասպանության փորձ անելու գեղեցկությունը: Տոկուն բռնությունը… Ձևափոխված բառեր, ձևափոխված զգացողություններ: Իսկ միջի գայլը գայլ է փնտրում… Ու բոլորովին անսպասելի լաքած-փայլեցրած, ճերմակ սփռոցներով ու վառված լապտերներով քաղաքում, միջի գայլի ու մարդու ատամ-ատամ բախումը ավարտվում է միջավայում տափաստանային անեզր օտարումով:

«Մեր Տափաստանի գայլն ապրում էր այնպես, որ թեև իրեն մեկ զգում էր գայլ, մեկ՝ մարդ, ինչպես բոլոր խառնուրդ էությունների դեպքում է, բայց երբ գայլ էր դառնում, մարդը նրա մեջ միշտ դարան էր մտնում՝ իբրև դիտող, քննադատող և իբրև դատավոր, իսկ այն ժամանակ, երբ նա մարդ էր, նույն էր անում գայլը»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված՝ Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը՝ Արա Առաքելյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան