08.04.2015 15:31

Լեւոն Զուրաբյանի պատասխան-նամակը Մեծ Այրում համայնքի բնակիչներին

Լեւոն Զուրաբյանի պատասխան-նամակը Մեծ Այրում համայնքի բնակիչներին

ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանել է Մեծ Այրում համայնքի բնակիչների (ի դեմս Օլեգ Դուլգարյանի) Կոնգրեսի խմբակցությանն ուղարկված նամակին:

Պատասխանում մասնավորապես, ասված է.

«Մեծ Այրում համայնքի հարգելի բնակիչներ,

Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ստացել է Ձեր համայնքի բնակիչների կողմից մեզ ուղղված նամակը Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի կառուցման հիմնախնդրի վերաբերյալ:

Նախ ասեմ, որ մենք մեծապես ոգևորված ենք այսպիսի մեծ քանակությամբ հավաքված ստորագրությունների փաստից՝ դա վկայում է, որ համայնքն անտարբեր չէ սեփական բարեկեցության և անվտանգության հարցում, ինչը վկայում է իր հողի վրա ապրելու և արարելու ցանկության մասին: Գործող հանցավոր ռեժիմի ստեղծած պայմաներում շատ մարդիկ հուսալքված պարզապես հեռանում են իրենց բնակավայրից՝ չցանկանալով նույնիսկ պայքարել: Դուք ընտրել եք ձեր հողին տեր կանգնելու ուղին՝ դրանով ոգևորելով թե՛ մեզ, և թե,՛ վստահաբար, այլ համայնքների բնակիչներին:

Այս ամենը հաշվի առնելով ձեզ տեղեկացնում ենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը իր պատգամավորական խմբակցության, տնտեսական և բնապահպանական հարցերով հանձնաժողովի և ոլորտի մասնագետների հետ միասին, հիմնովին ու մանրակրկիտ ուսումնասիրում է խնդիրը, իրավասու պետական մարմիններից պահանջել է տրամադրել տեղեկատվություն և կարճ ժամանակահատվածում ձեզ կրկին կիրազեկի կատարվելիք քայլերի մասին: Այդ քայլերը կարող են ներառել լայն շրջանակ՝ սկսած Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի և Շամլուղի հանքավայրի գործունեության օրինականության հարցերից, մինչև հողի կատեգորիայի փոփոխման օրենսդրական մեխանիզմների բարեփոխման հարցեր:

Հայտնում ենք նաև, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, և 33.1-րդ հոդվածների համաձայն՝ համայնքի բնակիչների համար սահմանված իրավունքների շրջանակներում, համայնքի ղեկավարը և ավագանին պարտավոր են բնապահպանական, կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների և համայնքի կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցերում համայնքի բնակիչներին մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին՝ նախքան որևէ տնտեսական նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի սկսվելը: Հետևապես, համայնքի ղեկավարության հետ ձեր հարաբերություններում կարող եք լիարժեք կերպով օգտվել օրենքով ամրագրված ձեր բոլոր իրավունքներից:                           

Մենք սատար ենք կանգնելու ձեր նախաձեռնությանը և միջոցներ ենք ձեռնարկելու ձեզ հետ միասին Մեծ Այրում համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանությունն ապահովելու, ստեղծված հիմնախնդրին լիարժեք լուծում գտնելու համար:

Հարգանքով, Լևոն Զուրաբյան                                             

Հայ Ազգային Կոնգրես պատգամավորական խմբակցության համակարգող»: