09.04.2015 20:20

Ցարնաևը մեղավոր է ճանաչվել բոլոր հոդվածներով, նրան մահապատիժ է սպառնում

Ցարնաևը մեղավոր է ճանաչվել բոլոր հոդվածներով, նրան մահապատիժ է սպառնում

Երդվյալ ատենակալները, Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողություն կազմակերպելու մեղադրանքի բոլոր 30 հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու, ռումբեր պատրաստելու, հրազեն պահելու, ավտոմեքենա առևանգելու, չորս մարդու սպանության մեջ՝ մեղավոր են ճանաչել Ջոհար Ցարնաևին: Մեղադրանքի 30հոդվածներից 17-ը նախատեսում են մահապատիժ:

Ցարնաևի դատավարությունը մեկնարկել է մարտի սկզբից, այդ ընթացքում դատարանում հանդես է եկել ավելի քան 90 վկա՝ մեղադրանքի, և ընդամենը 4-ը՝ պաշտպանության կողմից: Երդվյալ ատենակալներին՝ 7 կին և 5 տղամարդ, վճիռ կայացնելու համար պետք է եղել 11,5 ժամ:

Ցարնաևի պատժաչափի վերաբերյալ որոշումը կկայացվի դատական լսումների  նոր փուլի արդյունքներով: Դատախազությունը պնդելու է մահապատիժը, փաստաբանները հույս ունեն հասնել ցմահ բանտարկության: Պաշտպանությունն իր ռազմավարությունը կառուցել է այն բանի վրա, որ Ջոհար Ցարնաևն ամբողջապես եղել է իր ավագ եղբայր Թամերլանի ազդեցության տակ:

Բոստոնում պայթյունը որոտացել էր 2013 թ. ապրիլի 15-ին, միջազգային մարաթոնի ժամանակ: Զոհվել էր երեք մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էին:

Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվում են Թամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրները: Ջոհարը ձերբակալվել է ապրիլի 20-ին, իսկ նրա ավագ եղբայր Թամերլանը մահացել է ապրիլի 19-ին, ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից: Փոխանցում է ria.ru-ն: