30.11.2012 15:13

Ըստ ոստիկանության՝ պարզվել է «Քարերի սիմֆոնիան» թալանողների ինքնությունը

Ըստ ոստիկանության՝ պարզվել է «Քարերի սիմֆոնիան» թալանողների ինքնությունը

Գառնու տարածքում գտնվող «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերը կոտրելու և գողանալու առնչությամբ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:

Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպան ակտիվիստ Սամվել Հովհաննիսյանը  ասել էր, որ Գառնու «Բազալտե երգեհոն» կամ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը շարունակում է ծառայել որպես մեծահարուստների առաձնատների շինանյութ: Իսկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ ինչ-որ մարդիկ կոտրում են «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերը: