30.11.2012 15:58

Կապիկից տուժած ամերիկուհին 4 մլն դոլար փոխհատուցում կստանա

Կապիկից տուժած ամերիկուհին 4 մլն դոլար փոխհատուցում կստանա

Ամերիկուհի Չարլա Նեշը, որը շիմպանզեի հարձակումից հետո կուրացել է և զրկվել 2 ձեռքերից, դատարանի վճռով 4մլն դոլար փոխհատուցում կստանա առողջությանը հասցված վնասի համար, հայտնում է Associated Press գործակալությունը:

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Սթեմֆորդ քաղաքում: 2009 թ. Նեշն այցելել է իր ծանոթներից մեկին, որի տանը Թրևիս անունով 80կգ-անոց շիմպանզեն հարձակվել է հյուրի վրա և սկսել է կծել և ճանգրել վերջինիս:  Կենդանու հարձակման պատճառով Չարլան կուրացել է և զրկվել ձեռքերից, ինչպես նաև մի շարք պլաստիկ վիրահատությունների ենթարկվել:

Վրա հասած ոստիկանները ստիպված են եղել սպանել կենդանու: Ընդ որում՝ տեղի լրատվամիջոցները գրում էին, որ Թրևիսը լավ վարժեցված կապիկ էր. նա ինքնուրույն զուգարան էր գնում, մաքրում էր ատամները, ուտում էր ընտանիքի անդամների հետ նույն սեղանի շուրջ, կարողանում էր համակարգչի օգնությամբ նկարներ դիտել և հեռակառավարման վահանակի օգնությամբ միացնել հեռուստացույցը:

Կապիկի տիրուհին՝ Սանդրա Հերոլդը,  դեպքից մեկ տարի անց մահացել էր: Դատարանը որոշել է վաճառել Հերոլդի ողջ ունեցվածքը և ստացված գումարը գանձել հօգուտ Չարլայի: