13.04.2015 13:58

Մեկ տասնյակ պատճառ, թե ինչու չի կարելի շահագործել Ամուլսարը

Մեկ տասնյակ պատճառ, թե ինչու չի կարելի շահագործել Ամուլսարը

Teghut.am

 

Ամուլսարը Հայկական լեռնաշխարհի գագաթներից է, որը գտնվում է ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա, տեղակայված է Վայոց ձոր և Սյունիք մարզերի միջև և ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա է Հայաստանի գանձերից մեկի՝ հիդրոլոգիական հրաշք Ջերմուկից:

 

Բոլոր նրանց համար, ովքեր կլսեն Լիդիանի հրամցրած գովազդը, ստորև ներկայացնում ենք Ամուլսարում ոսկու հանքի շահագործման ռիսկերի ուղեցույց.

1. Ամուլսար լեռը և նրա շրջակայքը , ջրային պաշարների ստրատեգիական կարևորություն ունեն և ընդգրկվում են Սևանի ջրային ավազանի մեջ։ Արփա և Որոտան գետերի ակունքն այս լեռն է, և այս բացահանքը ոչ միայն խեղելու է այս գետեր թափվող աղբյուրների ձևավորումը, այլ նաև անխուսափելիորեն աղտոտելու է դրանք, որի արդյունքում այդ գետերի ավազանները թունավորվելու են մակերևույթ դուրս եկած ծանր մետաղներով (ավելի քան 1000 հա հող փոխելու է իր լանդշաֆտային տեսքը)։ Փաստն առ այն, որ Ամուլսարի շահագործումը կործանարար սպառնալիք է Սևանի համար, արձանագրվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2012թ․։ Ըստ Սևանա լճի մասին ՀՀ օրենքի՝ արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Բաց հանքը ազդեցություն է ունենալու նաև Դարբ գետի վրա, որն օգտագործում են խաղողի այգիներ և գյուղատնտեսական նշանակության հողեր ոռոգելու համար, և որը սնում է Ամուլսարի ստորոտումձկնաբուծարանները։ Այս ամենի մեջ չի մտնում դեռևս հանքաքարի մշակման արգասիք հանդիսացող պոչամբարը կամ «տարրալվացման հարթակը»՝ բազմատոննայանոց ծանր մետաղներով ու ցիանիդով լեցուն։ Սա Ամուլսարի շահագործման մեկայլ ռիսկերից է։

2. Ոչ մի գնահատում չի արվել՝ պարզելու արդյո՞քշարունակական պայթյուններն ազդելու են, Ջերմուկի տեկտոնական գոյացությունների և ստորգետնյա ջրային պաշարների (գեյզերներ) վրա, որոնք տեղակայված են հանքից 2-10 կմ հեռավորության վրա։ Գնահատումներ չեն անցկացվել նաև պարզելու, թե պայթյուններն ինչպես են ազդելու Արփա-Որոտան թունելի վրա, որը կառուցվել է հատուկ Սևանա լիճը պահպանելու համար։ Ջերմուկի տաք ջրերն այս վայրը դարձրել են աշխարհում հայտնի հանգստավայր, և հանքի շահագործմամբ ոչ միայն Ջերմուկի վարկանիշն է ընկնելու՝որպես մաքուր շրջակա միջավայր ունեցող առողջարանային տարածք,այլ նաև տուժելու են տեղի գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, հանքային ջրի արտադրությունն ու տուրիզմը։

3. Ամուլսարը բարձր ճառագայթման գոտում է գտնվում, հանքաքարերի նմուշները ցույց են տալիս, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400 բեքվերելը խորանարդ մետրում։ Երկրաբանական տվյալները ցույց են տալիս նաև, որ Ամուլսարի հանքը հարուստ է ուրանով։ Ընկերությունը իրավիճակը լուծելու հետ կապված ոչ մի պլան չի ներկայացրել։ Ավելին՝ ոսկու հանքը գտնվում է ուրանի հանքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գնահատված չի նաև՝ պայթյուններն ինչպես են ազդելու ուրանի հանքավայրի վրա։ Գնահատված չէ նաև, թե։ Ընդհանուր առմամբ, սեյսմիկ գնահատումներ արված չեն, մինչդեռ տարածքը տեղակայված է Րիխտերի աղյուսակով 10 բալանոց սեյսմիկ գոտում։

4. Ծանր մետաղներով հարուստ փոշու բացասական ազդեցությունը, որ գոյանալու է արդյունահանման և ոսկու կորզման, ինչպես նաև հանքաքարի տեղափոխման ժամանակ, բացարձակապես գնահատված չէ։ Քամու ուղղությունը նույնպես կեղծված է և չափվել է միայն քամու այն կայանը, որը տեղակայված է կիրճում, և որտեղ այն ունի միայն 2, մինչդեռ Ամուլսարում կա առնվազն 4 ուղղություն։ Արված չէ գնահատում առ այն, թե տասը տարվա ընթացքում տարեկան 700 տոննա ծանր մետաղներով հարուստ փոշին ինչ ազդեցություն կունենա մարդկանց առողջության, վարելահողերի, արոտավայրերի ու կենսաբազմազանության վրա։ Ընդհանուր առմամաբ, առողջության վրա ազդեցության գնահատում չի արվել։

5. Հանքարդյունաբերությունը Ամուլսարում պետք է ճանաչվի անօրինական, որովհետև արգելված է հանք շահագործել բոլոր այն վայրերում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր, ինչպես նաև պատմա-մշակութային ժառանգություն։ Ապացուցված փաստ է, որ այդ տարածքը հարուստ կենսաբազմազանություն ունի, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված ՝ 1 բուսատեսակ, 18 թռչնատեսակ (ի դեպ՝ սա Կարևոր թռչունների և կենսաբազմազանության միջազգային տարածք (IBM) է ճանաչված), թիթեռներ և սողուններ ու 4 տեսակ կաթնասուններ։ Այս փաստերն ապացուցվել են WWF Հայաստանի կողմից և հաստատված են Լիդիանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերում։ Տարածքը հարուստ է նաև ք․ա․ 3-րդ հազարամյակի հնագիտական կոթողներով, որոնք անդառնալիորեն կվերանան պայթյունների արդյունքում։ Հայաստանի պատմության մեջ դեռևս չկա դեպք, որհանքարդյունաբերական ընկերությունները բացահայտեն ու ամբողջությամբ տեղափոխեն ու պահպանեն մշակութային կոթողներ։

6. Պաշտոնական տվյալներով՝ ոսկու կոնցենտրացիան 1 տոննա հանքաքարում 0,8 գրամ է, մնացածը՝ մեծ քանակությամբ կապար, կադմիում, մկնդեղ և այլ թունավոր մետաղներ են, որոնք արտանետվելու են օդ փոշու միջոցով և կուտակվելու պոչամբարում։ Պլանավորված է, որ ավելին քան 342 միլիոն տոննա կոշտ և 122 միլիոն տոննա հեղուկ (ցիանիդով հարուստ) թափոններ պետք է կուտակվեն Հայաստանի ամենահարուստ գյուղատնտեսական և տուրիստական տարածքում։ Դրանց բացասական ազդեցությունը գնահատված չէ ու ավելին՝ ներկայացված չէ հանրությանը։ Պլանավորված է, որ հանքի 10-ամյա շահագործման ընթացքում ավելին քան 20,000 տոննա խիստ թունավոր նյութ հանդիսացող ցիանիդ և 10,000 տոննա աղաթթու է օգտագործվելու է հանքաքար մշակելու համար։ Եվ դա ընդամենը 60 տոննա ոսկու համար։

7. Ամուլսարի հանքի շահագործման վնասերն ու օգուտներն ընդհանրապես գնահատված չեն, գնահատված չէ՝ Հայաստանը տնտեսապես որքան կտուժի՝ գյուղատնտեսական նշանակության հողերի, տուրիստական արդյունաբերության, էկոհամակարգի և դրանց ծառայությունների կորստի հետևանքով: Ի դեպ, հանքարդյունաբերությունը «գտած բան է» արտասահմանյան ընկերությունների համար, որոնք վճարում են ծիծաղելի ցածր շահութահարկ, ոչինչ չեն վճարում միլիոնավոր տոննաներով հանքարդյունաբերական թափոնների համար, չեն կատարում բնապահպանական վճարումներ և այլն: Հայաստանում հանք շահագործման համար վճարվող հարկերը համարվում են աշխարհում ամենացածրերից, իսկ բնապահպանական օրենսդրությունն ու վերահսկողությունը՝ ամենաթույլերից:

8. Տեղական համայնքները կանգնելու են լուրջ սոցիալական մարտահրավերի առաջ՝ կորցնելով իրենց ապրուստի ավանդական միջոցները՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, ձկնաբուծություն: Նրանք հանքարդյունաբերության մեջ զբաղված են լինելու ընդամենը 10 տարի ժամկետով, իսկ դրանից հետո նրանք երբեք չեն կարողանալու հետ բերել իրենց երբեմնի ապրուստի միջոցները. նրանց հողերն արդեն զավթված կլինեն հանքարդյունաբերության համար, նրանց շրջակա միջավայրն աղտոտված կլինի և այլևս ոչ պիտանի գյուղատնտեսության ու տուրիզմի համար, համայնքի կանայք կմնան առանց աշխատանքի այն պարագայում, երբ տղամարդիկ 10 տարի ժամկետով կաշխատեն հանքում: Գնդեվազ համայնքը գտնվում է վերաբնակեցման սպառնալիքի տակ, սակայն այդ մասին չիւ բարձրաձայնում ո՛չ ընկերությունը, ո՛չ էլ կառավարությունը: Այս գյուղը գտնվում է ոսկու վերամշակման նախատեսված գործարանից ավելի քիչ, քան 2 կմ հեռավորության վրա և հանքաքարը բեռնատարներով ամեն օր տեղափոխելու են գյուղի միջով, որը անխուսափելիորեն գյուղը կդարձնի բնակության համար ոչ պիտանի:

Այս փաստերից զատ, բոլոր պոտենցիալ ներդրողները պետք է հաշվի առնեն, որ մենք, որպես ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ բնակչության՝ առողջ եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին ձգտող քաղաքացիական հասարակություն, կանենք հնարավոր ամեն ինչ այս և այլ հանքավայրերի շահագործումը կանխելու համար՝ հեռացնելով կոռումպացված համակարգը ու ռեժիմը:

Ուստի, կոչ ենք անում հայերին եւ ոչ միայն հայերին, ողջախոհ լինել եւ դրսևորել պատասխանատվության մեծ զգացում Հայաստանում ապրող բնակչության հանդեպ եւ մերժել որևէ տեսակի աջակցություն կամ ֆինանսավորում հանքարդյունաբերությանը Հայաստանում, մասնավորապես՝ Ամուլսարի ոսկու հանքի պոտենցիալ շահագործմանը: