14.04.2015 20:16

Ականատեսներ Նիգերիայում. «Բոկո Հարամի» առևանգած աղջիկները ողջ են

Ականատեսներ Նիգերիայում. «Բոկո Հարամի» առևանգած աղջիկները ողջ են

Անցյալ տարի Նիգերիայում իսլամիստների առևանգած ավելի քան 50 աղջիկներ, ինչպես պնդում են ականատեսները, ողջ են:

Տեղացի կանանցից մեկը BBC-ին պատմել է, որ երեք շաբաթ առաջ աղջիկներին տեսել է երկրի հյուսիս-արևելքի Գվոզա նահանգում:

«Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները մեկ տարի առաջ Նիգերիայի հյուսիսի ինտերնատից առևանգել էին առնվազն 219 աղջիկների: Միջադեպը զայրույթի մեծ ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ը, Չինաստանը և մյուս երկրները նիգերիական իշխանություններին խոստացան օգնել աշակերտուհիների որոնման աշխատանքներում: Անցյալ տարվա մայիսին Նիգերիայի  ոստիկանությունը 300 հազար դոլար պարգև խոստացավ տեղեկատվության համար, որը կօգներ ազատագրել աղջիկներին: Չնայած դրան՝ առևանգվածների ճակատագիրը մինչ օրս, փաստորեն, անհայտ է:

Ականատեսների խոսքով՝ Գվոզայում աղջիկները եղել են մուսուլմանական հագուստներով, նրանց ուղեկցել են գրոհայիններ:

«Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբդուբաքար Շեկաուի խոսքով՝ աշակերտուհիներին «իսլամի են դարձրել և ամուսնացրել են»: Փոխանցում է BBC-ն: