21.04.2015 16:40

Ազնավուր. Առավոտն իր մեջ հույս է կրում

Երեկ ռուսական Առաջին ալիքի հեղինակավոր «Познер» հաղորդման հյուրն էր Շառլ Ազնավուրը: Եւ բնականաբար, հաղորդման հեղինակ Վլադիմիր Պոզները չէր էլ փորձելու հեռուստադիտողին ներկայացնել իր հյուրին. նա ճանաչված է ամենուր: 

Ազնավուրը ծնվել է 1924 թ., իր ասելով՝ ընդամենը «մի քանի տարի առաջ, Փարիզում»: Բեմի վրա է հայտնվել մանուկ հասակում: Շառլը պատմեց իր հոր սրճարանի մասին, դրա դիմաց գտնվող թատրոնի, որտեղ քրոջ հետ ելույթներ էին ունենում մանկական ներկայացումներում, եւ Պոզների հարցին, թե դժվար չէ՞ր միաժամանակ կրթություն ստանալը՝  պատասխանեց. «Անհրաժեշտ էր ընդամենը անցնել փողոցը»:

Պոզների խոսքով՝ մարդուն ձեւավորող տարիքը Շառլի դեպքում համընկնում էր Երկրորդ աշխարհամարտի տարիների հետ: Ի՞նչ էր նա անում այդ տարիներին, ինչպե՞ս էր հաղթահարում դժվարությունները, հետաքրքրվեց հաղորդման հեղինակը եւ ստացավ պատասխան, որտեղ էլ եւ թաքնված է Ազնավուրի հաջողության գաղտնիքը. «Ես խաղում էի թատրոնում, երգում էի, ես շարունակում էի ապրել իմ մասնագիտությամբ: Ժամանակը զարդարվում էր զբաղվածությամբ»:

Պոզները հիշեց, թե ինչպես է 1947 թվականին, Նյու Յորքում, պատանի հասակում տեսել Էդիտ Պիաֆի համերգը: Այնտեղ էր նաեւ Շառլ Ազնավուրը: 8 տարի նրանք միասին են ապրել, եւ Ազնավուրը հիացմունքով է հիշում Պիաֆին. «Նա գովերգում էր փողոցը, նա երգչուհի էր փողոցից, ով ինքն էր իրեն կերտել, հայտնի մարդկանց աջակցությամբ, ովքեր սիրել էին այդ երգչուհուն, ով հրաշալի ձայն ուներ: Նա երբեք չէր դադարում սովորել: Ես էլ էի այդպես անում»:

«Ձեզ չէին ընդունում որպես երգիչ, քննադատությունը շատ խիստ էր: Ասում էին՝ ցածրահասակ եք եւ ձայն չունեք»,- նկատեց Պոզները:
«Նրանք բոլորը սխալվեցին»,- ժպտաց Ազնավուրը: Իսկ թե եղե՞լ են պահեր, երբ ինքն էլ է մտածել, որ պետք է ամեն ինչ թողնել,՝ Ազնավուրն ասաց. «Քնելուց առաջ՝ այո, առավոտյան՝ երբեք: Առավոտն իր մեջ հույս է կրում»:
Հիշո՞ւմ է նա իր առաջին հաջողությունը: Ինչպե՞ս նա առաջ գնաց:
«Այն ժամանակ ընդունված էր, որ երգիչները հայտարարեն երգերի հեղինակների անունները: Էդիտ Պիաֆը այդպես էր անում: Այդպես էին անում նաեւ արտիստները, որ կատարում էին իմ երգերը: Իմ անունը հետաքրքիր դարձավ»,- պատասխանեց նա:
Ազնավուրը հիշեց, որ առաջին վեց երգերն իսկական աղետ էին՝ ոչ մի ծափահարություն եւ զրո հաջողություն:
«Յոթերորդ երգից ամենինչ սկսվեց: Ես ստեղծել էի մի երգ, որից հրաժարվեց Մոնտանը: Նա ասում էր ինձ, որ մեր մասնագիտության մասին երգերը երբեք հաջողություն չեն ունեցել: Նրանք դա ասում էին՝ Սիմոնա Սենյորեի հետ միասին: Երկուսն էլ սխալվեցին: Ես արդեն տեսնում էի ինձ»:
Նա ձայնագրվել է աշխարհահռչակ երգիչների հետ, նկարվել է 7 տասնյակ ֆիլմերում, նույնպես շատ հայտնի ռեժիսորների ղեկավարությամբ, իսկ ամենասիրելի ֆիլմը, որտեղ նա խաղացել է, «Կրակեք դաշնակահարին» ֆիլմն է: 1998 թվականին, Times ամսագրի եւ CNN-ի հարցումների արդյունքում, նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչը: Իսկ ո՞ւմ կնշեր ինքը:
«Ռեյ Չարլզը: Նա լավագույնն էր: Գիտե՞ք, որ նրա զավակներից մեկը կիսով չափ հայ է»:
Երկուսն էլ ծիծաղեցին եւ հետո հիշեցին այլ անուններ՝ երգիչների, որոնք պակաս հռչակավոր չեն եղել: Եւ Պոզները հարցրեց՝ որտե՞ղ են բոլորը կորել:
«Կորել են չճանաչված լինելու վախի մեջ: Միջազգային կարերիայի դժվարությունը նրանում է, որ ձեզ ինչ-որ տեղ ներկայացնում են, եւ ոչ ոք ձեզ չի ճանաչում: Պետք է ռիսկի դիմել եւ հաղթահարել դա: Հեշտ է վերադառնալ հայրենիք եւ ասել, որ իրենք ոչինչ չեն հասկանում»:
Մաեստրոն խոսեց նաեւ այսօրվա կատարողների մասին՝ առաջինը նշելով Զազի անունը: «Կարծում եմ՝ նա առաջ կանցնի բոլորից»:

Ժամանակին Ազնավուրը ասել էր, որ նկարիչը պետք է չեզոք լինի: Հիմա նա պարզաբանում է. «Չեզոքությունն էլ սահման ունի: Չի կարելի ամբողջովին չեզոք լինել: Ես չեզոք եմ, նախեւառաջ՝ քաղաքականապես: Ես չեզոք եմ, չկա մի կրոն, որ ուղղված է իմ դեմ, եւ ոչինչ չունեմ ընդդեմ կրոնների»:

Բնականաբար, զրուցակիցները անդրադարձան նաեւ Ցեղասպանության 100-ամյակին, եւ Պոզների՝ «100-րդ տարեդարձ» արտահայտությանը Ազնավուրն անմիջապես հակադարձեց. «Ո′չ, դա ծննդյան տարեդարձ չէ, ցավոք»:
«Ցեղասպանությունը, նախեւառաջ, մորս դժբախտությունն էր: Հորս ընտանիքում ես ճանաչում էի պապիկիս, տատիկիս, որի հետ շատ ուշ եմ ծանոթացել՝ 1963 թվականին, երբ Հայաստանում էի առաջին անգամ: Իսկ ահա մայրիկիս ամբողջ ընտանիքը սպանվել էր: Մենք նրանց մասին ոչինչ այլեւս չէինք լսել: Բայց մայրս, նախեւառաջ, ատելություն չուներ թուրքերի նկատմամբ: Նա ասում էր, որ թուրքերի մեջ էլ շատ լավ մարդիկ կան»,- պատմում է նա:
Ազնավուրը նշեց, որ ապրիլի 24-ին անպայման գնալու է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին: «Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել,- ասում է նա: – Թուրքերին հարկ է ասել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»:
Շանսոնյեի կարծիքով` թուրքերը Հայոց ցեղասպանությունը հրաժարվում են ճանաչել երկու պատճառով. «Նրանք չեն կարող դա ընդունել՝ որպես փաստ, քանի որ նրանց համար գլխավորը՝  իրենց «պատիվն» է, և դա դեռ կարելի է հասկանալ: Սակայն մեկ այլ բան էլ կա` մարդիկ խիստ հարստացել են հայերի ունեցվածքի հաշվին»:
Նա բարձր է գնահատում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկն էր եւ առաջին ցեղասպանությունը: «Հռոմի պապն այն հազվադեպ մարդկանցից է, որոնք ասում են ճշմարտությունը և ճշմարտության կողմնակից են` անկախ որևէ բանից, չվախենալով ոչ մի բանից, առանց վախի և նախատինքի»,- ասում է  Ազնավուրը:
Պոզները հետաքրքվեց նաև Ազնավուրի երկարակեցությամբ:

«Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ, ես ոչնչով չեմ մտահոգվում: Ես չգիտեմ` հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ նա, ում Աստված են անվանում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն ինչ»:

Նա խոստովանեց, որ հատուկ սննդակարգի չի հետևում. «Պետք չէ ուտել աղ, պետք չէ օգտագործել շաքարավազ, պետք չէ ուտել ճարպոտ սնունդ… Ես այդ ամենն ուտում եմ»:
«Դուք միշտ ձեր մեջքը ուղիղ եք պահում»,- նկատեց Վլադիմիր Պոզները:
«Որովհետեւ երբ սկսում ես կորանալ, սկսում ես ոտքերդ քարշ տալ, սակայն նաև պետք է միշտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե քեզ մոտ ամեն ինչ կարգին է»:

Խոսելով Ազնավուրի անցած դժվար ճանապարհի մասին՝ Պոզները հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է նա ուժ գտնում. «Ես չգիտեմ: Ես անհաջողակ չեմ, կան մարդիկ, որոնք անհաջողակ են գրեթե ծնվելու պահից, իսկ ես անհաջողակի հակապատկերն եմ»,- պատասխանեց Ազնավուրը:
«Երբ դու գիտես, որ ցանկացած դժբախտություն հնարավոր է, դու հանգիստ ես, դու գիտես այդ մասին: Դու պատրաստ ես աշխատել` ազատվելու այդ դժբախտությունից,- պարզաբանեց Ազնավուրը: - Իսկ նա, ով ի սկզբանե չգիտի, որ գոյություն ունի դժբախտություն, ու երբ դա միանգամից շուռ է գալիս իր վրա, նա  նախապես մահանում է»:
Հիշելով 1988 թվականի երկրաշարժի մասին, Ազնավուրը ասաց, որ դրանից հետո իր կյանքը փոխվեց. «Մենք հասկացանք, որ պետք ենք մեր ժողովրդին, մեր արմատներին»:
 
Եթե նա հայտնվեր Լուի 14-րդի առաջ, կներկայանար որպես գրչով աշխատող մարդ:
Եթե հայտնվեր անմարդաբնակ կղզում, կվերցներ իր հետ այն, ինչով գրում են:
Նա չի սիրում «անշնորհակալ» բառը, որովհետեւ դա նշանակում է այն, ինչ ինքը չի սիրում:
Թեպետ դա այդպես էլ տեղի չի ունեցել, բայց  նա կցանականար երգել Ռեյ Չարլզի հետ:
Եթե ունենար հանդիպելու եւ զրուցելու մեկ հնարավորություն, նա դա կաներ Լաֆոնտենի հետ:
Ընկերությունը չի կարելի դիտարկել առանց սիրո:
Նրա համար բաժակը կիսով չափ լիքն է, եւ ոչ հակառակը:
Եթե հանդիպեր Աստծո հետ, կասեր.

«Salut: (Ողջույն-ֆր.) Ի՞նչ կարող եմ ես ավելին ասել նրան: Հետո պետք է խոսի Նա, որովհետեւ միգուցե ես սխալներ եմ գործել երկրային կյանքում, բայց Նա էլ քիչ սխալներ չի  գործել: Հարկ կլինի, որ նա ինձ բացատրություններ տա»:


Շառլ Ազնավուր. Երեւան 1996