22.04.2015 13:14

Երբ ուրանալը սովորություն է

Երբ ուրանալը սովորություն է

Վերջերս կայքերից մեկում հրապարակվել է Ս. Սարգսյանի հետ Թոմաս դը Վաալի՝ 2000թ. մի հարցազրույցից հատված։ Դրանում հետաքրքիր է Ս. Սարգսյանի ուրացման մի փաստը։ Հետաքրքիր է նրանով, որ մի քանի տարի առաջ նա ուրացավ ոչ այլ ինչ, քան Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն թե՝ ուրանալը նրա էության մի մասն է՝ գուցեեւ ի ծնե հատկանիշ։

Իսկ 2000թ. դը Վաալի հետ հարցազրույցում նա ուրացել էր իր՝ ՀՀՇ անդամ լինելը. «Ես երբեք ՀՀՇ անդամ չեմ եղել»,- վստահ ասում է Ս. Սարգսյանը եւ հավաստիացնում, որ երբեք չի ընտրվել  ՀՀՇ-ի ղեկավար մարմիններում, չնայած այդ հնարավորությունն ամեն քայլափոխի եղել է։ Ասում է՝ եղել եմ ՀՀՇ անդամ, որպես այդպիսին էլ մասնակցել նրա համագումարներին, բայց ոչ ՀՀՇ կուսակցության, ու հռետորական հարց է տալիս. «Իսկ ո՞վ այն ժամանակ Հայոց համազգային շարժման անդամ չէր»։ Այսինքն թե՝ եթե բոլորն էին իրենց համարում Հայոց համազգային շարժման անդամ, ինքն ուրիշ ի՞նչ պիտի աներ։

Այո, դա համարյա այդպես էր՝ 1988-90 թվականներին, կարելի է ասել, որ բոլորն էին իրենց համարում Հայոց համազգային շարժման անդամ։ Բայց, նախ՝ համագումարին մասնակցում էին քաղաքական կառույցի անդամները՝ մանդատներով, ինչպես մասնակցել է նաեւ Ս. Սարգսյանը։ Եւ ոչ միայն մասնակցել, այլեւ հայտ է ներկայացրել ընտրվելու նրա ղեկավար մարմնում՝ ՀՀՇ վարչությունում։ Հիմա մեր ձեռքի տակ ՀՀՇ երկրորդ համագումարի հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունն է՝ հանձնաժողովի նախագահ Գ. Արզումանյանի եւ քարտուղար Լ. Խաչատրյանի ստորագրությամբ։ Արխիվային այս փաստաթղթից իմանում ենք, որ 1990 թ. նոյեմբերին կայացած ՀՀՇ երկրորդ համագումարում վարչության կազմի համար քվեարկվել է 120 թեկնածու։ Սերժիկ Սարգսյանը (այն ժամանակ այսպես էր նրա անձնագրային անունը) քվեաթերթիկի 57-րդ համարն է, նրա անվան դիմաց, որպես բնակավայր՝ նշված է Ստեփանակերտը, հավաքել է 298 ձայն, ինչը, սակայն, բավարար չի եղել վարչության կազմում ընտրվելու համար։ Ստեփանակերտ բնակավայրը այս ցուցակում նշված է մեկ էլ Ռ. Քոչարյանի համար, որը, սակայն, հավաքել է բավարար ձայներ եւ ընտրվել ՀՀՇ վարչության կազմում։

Դե եթե մարդը մի օտարերկրացի լրագրողի հետ, հանուն օրվա կոնյունկտուրայի՝ ուրանում է իր քաղաքական կենսագրության, թերեւս՝ ամենալուսավոր պահերից մեկը, պարզ չէ՞, որ հանուն իշխանության՝ կուրանար նաեւ Հայոց ցեղասպանությունը։