23.04.2015 12:52

Մոսկվայում համերգից հետո Ազնավուրը հանդիպել է Լիդա տատիկի հետ. Տեսանյութ

Ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգից հետո ետնաբեմում հանդիպել է իր տարեց ֆանատուհու՝ Լիդա տատիկի հետ, հաղորդել է «Комсомольская правда» թերթը:

Լիդիա Իվանովնան շնորհակալություն է հայտնել 90-ամյա երգչին՝ իրեն համերգի հրավիրելու համար, ու նրա հետ միասին երգել է մի երգ՝ ֆրանսիական «Խաղալիք» կինոնկարից:

Ազնավուրն իր երկրպագուհուն վարդերի մի հսկայական փունջ է նվիրել:

Հանրահայտ դարձած Լիդա տատիկին համերգից առաջ Ազնավուրի տաղանդի շատ երկրպագուներ են ճանաչել դահլիճում և խնդրել են լուսանկարվել նրա հետ:

Ֆրանսիացի շանսոնյեի երկրպագու մոսկվացի տատիկի մասին լուրը արագ տարածվել էր սոցցանցերում: Լրագրող Ալեքսանդր Չեռնիխը Մոսկվայի մետրոյում պատահաբար հանդիպել էր տարեց կնոջը, որը տնտղում էր երգչի լուսանկարով ամսագիրը: Լրագրողը սկսել էր զրուցել տատիկի հետ, և վերջինս հանկարծ սկսել էր երգել ֆրանսերեն: Պարզվել էր՝ Լիդա տատիկը վաղուց է հետևում Ազնավուրի արվեստին:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ազնավուրը մոսկվացի տատիկին հրավիրել է իր համերգին: Փոխանցում է gazeta.ru-ն: