27.04.2015 18:59

Գրանորություն. «Վան Գոգ» ալբոմը՝ Էդուարդ Հարենցի թարգմանությամբ

Գրանորություն. «Վան Գոգ» ալբոմը՝ Էդուարդ Հարենցի թարգմանությամբ

Նկարչական ալբոմները, որպես կանոն, կիսով չափ են տեսանելի: Կամ տեսանելի են չափից ավելի: Որոշ նկարիչների աշխատանքներ ալբոմային մակերեսի վրա ձեռք են բերում գերադրական տպավորություն՝ ի վերջո վերածվելով կարծրատիպի, իսկ որոշ դեպքերում դրանց ներքին «տեսանելիությունը» խամրում, դառնում է գրեթե լուսանկարչական փաստ-պատկեր: Հետսովետական տարիներին վանգոգյան վերատպությունները «հալածում» էին ինձ, մերթ դառնում էին մասնակիորեն տեսանելի, մերթ գունաշեշտվում, մերթ մշուշվում էին: Վան Գոգը ինձ համար մնում էր չբացահայտված: Ի վերջո, Ամստերդամում կանգնեցի «Արևածաղիկիների» առաջ: Առաջին զգացողությունը, որ ունեցա. ինձ թվաց՝ ամեն ինչ սկսվում է զրոյից: Ընդ որում՝ էդ պահին, «ամեն ինչ» ասելով՝ չգիտեի ինչ նկատի ունեմ: Թվաց՝ նոր եմ գույները հայտնաբերում, ընդ որում՝ տեսածս երանգների մեծ մասը անուն չուներ, երևի տարօրինակագույն էր: Գույներից հետո նկարների մեջ նամակներ երևացին: Ուրիշի նամակները կարդալ չեմ սիրում, չնայած՝ Թեոյի բառերը աչքերս ծակում էին: Էդպես փակ աչքերով կտավները կոպերիս տակ պահած՝ գնում էի, երբ մի պահ կայծկլտաց Վան Գոգի՝ ինձ հասցեագրված նամակը: Չհասցրի կարդալ: Չհասցրի՞ կարդալ… Երևան գալով՝ կրկին բացեցի ալբոմն ու…

 «Ինչ վերաբերում է ինձ, շատ լավ կհասկանաս, որ եթե ես ընտրելու լինեի, չէի վերցնի խելագարությունը՝ մասնավորապես, բայց երբ այդպիսի բեռ է ընկնում ուսերիդ, ոչինչ անել չես կարող: Ամենաքիչը գուցե ինձ կմնա գեղանկարչությամբ մի քիչ աշխատել շարունակելու մխիթարությունը»:

«Անտարես» հրատարաչկչության «Գեղանկարչության մեծ վարպետները» մատենաշարով լույս ընծայված «Վան Գոգ» ալբոմը՝ Էդուարդ Հարենցի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան