27.04.2015 19:12

«Բոկո Հարամ» խմբավորումը փոխել է անունը

«Բոկո Հարամ» խմբավորումը փոխել է անունը

«Բոկո Հարամ» խմբավորումը անվանափոխվել է ««Իսլամական պետության» արևմտաաֆրիկյան նահանգ»-ի  (Islamic State's West Africa Province, ISWAP): Այդ մասին հաղորդել է The Independent-ը:

Լրատվամիջոցի հաղորդման համաձայն՝ անվանափոխությունը գրոհայինները նշել են Կարամգա կղզու վրա հարձակմամբ, որտեղ գտնվում է Նիգերի զինված ուժերի ռազմակայանը: Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը, իսլամիստները շարժիչավոր 10 կանոեներով ափ են դուրս եկել կղզում և մարտի բռնվել կայազորի հետ: Զինվորականները ծանր կորուստներ են կրել:

Խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն «Իսլամական պետությանը» հավատարմության երդում է տվել դեռևս մարտի սկզբին, սակայն ISWAP անվանումը թռուցիկներում միայն հիմա է հայտնվել: Բացառված չէ, որ ԻՊ-ի հետ կապերն ամրապնդելուց հետո իսլամիստների գործողություններն Աֆրիկայում ավելի կատիվանան:

«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը ստեղծվել է 2002 թ.: Այն հիմնականում գործում է Նիգերիայի և նրա հարևան երկրների տարածքում: Խմբավորման կողմնակիցները հանդես են գալիս ի պաշտպանություն շարիաթի և ընդդեմ Արևմուտքի ազդեցության: Փոխանցում է lenta.ru-ն: