28.04.2015 14:07

Վլադիմիր Կարապետյան. Հետապրիլքսանչորսյան խոհեր

Վլադիմիր Կարապետյան. Հետապրիլքսանչորսյան խոհեր

Փորձենք գնահատել վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի կողմից գործադրած ջանքերի արդյունքները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, աշխարհին Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու գործում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

Հարկ է նշել, որ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություն հանդիսացող Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, համաձայն ՀՀ ԱԳՆ կայքի, մենք ունենք Ցեղասպանությունը ճանաչած միայն մեկ նոր պետություն՝ ի լրումն նախորդ տարիներին Ցեղասպանությունը ճանաչած ավելի քան երկու տասնյակ պետության: Դա Ավստրիան է, որը, ֆորմալ առումով, չի քվեարկել որևէ հռչակագրի կամ բանաձևի համար (հետևաբար՝ այն պետական դիրքորոշում չէ), այլ ընդունել է վեց կուսակցությունների հայտարարություն: Առիթ ունեցել ենք մատնանշելու, որ թե՛ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և թե՛ Եվրոպական խորհրդարանի՝ բարոյական բարձր նշանակություն ունեցող ճանաչումները նորություն չեն՝ Վատիկանը դա արել է դեռևս 2001թ.,  իսկ ԵԽ-ն՝ 1987 թվականին:

Ինչ վերաբերում է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, մեր երկրի մասին միջազգային լրատվամիջոցների անդրադարձերի աճին, ապա այս հարցում ակնհայտ դրական դինամիկա կա, և հարկ է նշել, որ համաշխարհային բոլոր նշանակալի լրատվամիջոցները մի քանի տասնյակ հաղորդումներ էին հեռարձակել Հայոց ցեղասպանության, նաև Հայաստանի մասին: Մեր երկրի մասին լրատվական հոսքի առանձնահատուկ ակտիվացում տեղի ունեցավ Քարդաշյանների այցի ժամանակ, այն շարունակվեց մինչ ապրիլի 25-ը և 26-ը: Այստեղ կարևոր է արձանագրել, որ հետաքրքրության նման աճը ուղիղ կապ չունի ՀՀ իշխանությունների ծավալած քարոզչության հետ, և դրանում համոզվելու համար առաջիկա օրերին և շաբաթներին կհետևենք ՀՀ պատկան մարմինների գործողություններին: Վերջիններս պետք է անեն հնարավորը՝ Հայաստանի մասին վերջին շրջանում հիշատակումների աննախադեպ հոսքը քաղաքական, դիվանագիտական, տուրիստական այլևայլ դիվիդենտների, գործողությունների վերածելու ուղղությամբ: Նման դրական էներգիան չի կարող արագ վերանալ ու անհետանալ, և այս առումով պրոֆեսիոնալ, հետևողական և պատշաճ մշակված գործողությունները պետք է արդեն սկսված լինեին: Այս պահի դրությամբ՝ այս ուղղությամբ որևէ բան չի արվում, հանրությանը չի ներկայացվել որևէ ծրագիր, ռազմավարություն՝ Հայաստանի շուրջ ստեղծված նպաստավոր իրավիճակից օգտվելու համար:

Դրա փոխարեն՝ ականատեսը դարձանք, որ 2008թ. Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած հայ-թուրքական գործընթացը շարունակում է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային վարկի վրա: Այս անգամ այն դրսևորվեց նրանով, որ մի քանի տասնյակ պետություններ, փաստորեն,  արհամարհեցին Ս. Սարգսյանի հրավերը և Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին կամ չմասնակցեցին, կամ Երևանում էին բավականին ցածր մակարդակով: Քանի որ բացակայում է պաշտոնական տեղեկատվությունը՝ ոգեկոչման միջոցառումներին տարբեր պետությունների մասնակցության մակարդակի վերաբերյալ, բավարարվենք ՀՀ ԱԳՆ և ԱԺ մամուլի հաղորդագրություներով՝ բոլոր քիչ թե շատ բարձրաստիճան պատվիրակություններն արժանացել են հանդիպման Ազգային ժողովում կամ ԱԳՆ-ում:

Ըստ այդմ՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք պետություններ ներկա են գտնվել ցածր մակարդակով՝ Վրաստան, Իրան, Բելառուս, Իտալիա (օրերս Ս. Սարգսյանի՝ Իտալիա պաշտանական այցի հետևանքն է), ՀԱՊԿ անդամ Ղազախստանն ընդհանրապես չի ընդունել հրավերը: Նույնիսկ Թուրքիայում արհեստական պատրվակով նախաձեռնած միջոցառումներին ավելի մեծ թվող նախագահներ (շուրջ՝ 20) և պատվիրակություններ (շուրջ՝ 70) էին ժամանել:

Սրանք պարզ համեմատություններ չեն, և Հայաստանը պետք է շարունակի գործակցել աշխարհի տարբեր երկրների հետ, և նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ ոչ միայն խորհրդանշական, այլև կոնկրետ՝ պրակտիկ նշանակություն ունի:

Հայ-թուրքական հարթություն

Մի քանի ամիս առաջ ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական հռչակագիրը: Դրանում առկա որոշ դրույթներ բնորոշում են Ս. Սարգսյանի՝ Թուրքիայի նկատմամբ վարվող անհետևողական և տատանվողական քաղաքականությունը: Դա առավել ցայտուն է դառնում, երբ Հռչակագրի դրույթները համեմատում ենք թուրքական լրատվամիջոցին Ս.Սարգսյանի հայտնած դիրքորոշումների հետ: Այսպես, Հռչակագրում արժեւորվում են Սևրի պայմանագիրը, ԱՄՆ նախկին նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար վճռի դերը և 1915թ. մայիսի 24-ին Անտանտի պետությունների հռչակագրում շեշտադրված՝ Օսմանական իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքը: Հռչակագրով նաև պարտվավորվում է «մշակել իրավական պահանջների թղթածրար»՝ Թուրքիային ներկայացնելու նպատակով: Հույս է նաև հայտնվում,  որ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար»:

Իսկ ահա Հյուրիեթ օրաթերթի հետ զրույցում Ս. Սարգսյանը խոսում է առանց նախապայմանների  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Զարմանալի է, որ նրան չեն հարցնում, թե Հռչակագրում հաշտեցման մեկնակետ է (!) համարվում  «Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը», այսինքն՝ հստակ դրվում է նախապայման: Հարցազրույցում Ս. Սարգսյանը նաև ընդգծում է, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ, մինչդեռ Հռչակագրում նա «արժեւորել էր Սևրի պայմանագիրը»:

Քաղաքականությամբ զբաղվողների համար ակնհայտ է, որ թուրքական օրաթերթին հայտնած Հռչակագրի ոգուն և տառին չհամապատասխանող դիրքորոշումները չեն թուլացնելու թուրքական դիվանագիտության ջանքերը՝ Հռչակագրի դրույթները ներկայացնելու որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնայնություն, ընդսմին՝ Թուրքիան շարունակելու է պնդել, որ «Հայաստանը չի հրաժարվել տարածքային պահանջներից, հայ –թուրքական հարաբերությունների կարգավորման համար էլ գոյություն ունեն նախապայմաններ» (Թուրքիան դա անելու է, որպեսզի հիմնավորի սահմանը փակ պահելու իր, փաստորեն՝ թշնամական քայլը): Միջազգային հանրությունն էլ, հատկապես նրա այն հատվածը, որին չի կարողանում հասնել մեր դիվանագիտությունը, հավատալու է փաստաթղթին (Հռչակագրին), ոչ թե հարցազրույցներից մեկին:

Սրանով կարող ենք եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հասցված է բավականին լուրջ հարված, և ես չեմ կիսում այն մոտեցումը, որ Թուրքիայում հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո սկսվելու է հայ-թուրքական հաշտեցման նոր գործընթաց:

Հայ-թուրքական նոր նախաձեռնությունների հավանականությունը

Հայ-թուրքական արձանագրությունները դեռևս կատարում են իրենց սև գործը. պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմանը համաձայնած Հայաստանը շարունակում է բազմաթիվ խոչընդոտների բախվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Այս առումով դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է գնալ լրացուցիչ զիջումների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:  Նույնիսկ բանակցային սեղանին նստելը Հայաստանի համար կնշանակի անարգանք սեփական ստորագրությունների նկատմամբ՝ ստորագրված Արձանագրությունները չեն վավերացվել:

Չբացառելով, որ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, այնուամենայնիվ, կփորձեն նախաձեռնել ինչ-ինչ քայլեր այս ուղղությամբ, քիչ հավանական եմ համարում, որ Թուրքիան կցուցաբերի անհրաժեշտ ճկունություն: Վերջինիս կոշտ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բերում է շոշափելի արդյունք՝ Հայաստանի բնակչությունը կրճատվում է ամեն տարի 1,5-2 տոկոսով, տնտեսությունը կանգնած է լուրջ ճգնաժամի առջև, ժողովրդավարական ցուցանիշները նվազում են, միջազգային կազմակերպություններում Հայաստանը չի կարողանում զսպել Թուրքիայի դերակատությանը աճը: Այս պայմաններում դժվար է հավատալ, որ Թուրքիան կգնա որդեգրած քաղաքականության վերանայման. Հայաստանն էլ, իր հերթին, լրացուցիչ զիջումների տեղ չունի:

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ տեղաշարժ կլինի միայն Հայաստանում արմատական փոփոխություններից հետո: Այն օրը, երբ ժողովրդավարական Հայաստանում ներգաղթը փոխարինի արտագաղթին, երբ մենք գրանցենք հեղինակության կտրուկ աճ միջազգային ասպարեզում, Թուրքիան շտկումներ կմտցնի իր քաղաքականության մեջ՝ հասկանալով, որ նախկին ռազմավարությունն այլևս արդյունավետ չէ: