28.04.2015 17:45

Միլլեր. ռուսական գազի գինը 1000 խ/մ համար Հայաստանում կնվազի մինչեւ 165 դոլար

Միլլեր. ռուսական գազի գինը 1000 խ/մ համար Հայաստանում կնվազի մինչեւ 165 դոլար

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 1000 խ/մ համար ներկայիս 190 դոլարից կիջեցվի 165 դոլարի, «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցումը ԵԱՏՄ-ին, նրա համար գազի գինը կնվազի, այն կկազմի 165 դոլար 1000 խ/մ համար, մինչ վերջին ժամանակները այն կազմում էր 190 դոլար: Գնի այդ մակարդակը, միեւնույն ժամանակ, թույլ է տալիս գազատրանսպորտային համակարգի վերանորոգման եւ արդիականացման համար ներդրումներ կատարել»,-ասել է Միլլերը:

Նրա խոսքերով՝ հայ գործընկերների հետ գազաֆիկացման եւ մատակարարման գլխավոր սխեմայի մշակման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ինչը պատրաստ կլինի այս տարվա աշնանը:

«Այդ գլխավոր սխեմայում կսահմանվեն նաև նոր օբյեկտների առաջնայնությունները: Մենք նպատակ ենք դնում երկրի գազաֆիկացումը հասցնել 100 տոկոսի»,- նշել է Միլլերը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նման համաձայնություններ ձեռք են բերվել Միլլերի՝ Հայաստան ապրիլյան այցի ժամանակ, Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում: 

«Газпром Армения»-ն ռուսական «Գազպրոմի»՝ Վրաստանից տարանցիկ կարգով ստացվող ռուսական գազի մատակարարման եւ բաշխման հարյուրտոկոսանոց «դուստրն» է Հայաստանի ներքին շուկայում:

2013թ. դեկտեմբերին «Газпром» եւ «Газпром-Армения» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ 2014-2018թթ. Հայաստան ռուսական գազի մատակարաման համար «Газпром»-ը պարտավորվում է ապահովել տարեկան մինչեւ 2,5 մլդ խ/մ գազի մատակարարումը, ինչի գինը սահմանվում է ռուսական գազի գնագոյացմանը կցված բանաձեւին համապատասխան: