28.04.2015 20:25

Բուկովսկուն մանկապղծության մեղադրանք է ներկայացվել

Բուկովսկուն մանկապղծության մեղադրանք է ներկայացվել

Խորհրդային այլախոհ և գրող Վլադիմիր Բուկովսկին Մեծ Բրիտանիայում կկանգնի դատարանի առջև՝ մանակական պոռնկագրություն պատրաստելու և պահելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է Թագավորական դատախազական ծառայության կայքը: Դատախազության ներկայացուցչի  խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ նրան 11 մեղադրանք է ներկայացվել:

72-ամյա գրողն ինքը հերքում է բրիտանացի դատախազների մեղադրանքները: «Ես կտարականապես հերքում եմ երեխաների որևէ անպատշաճ կամ արգելված լուսանկար կամ տեսագրություն պատրաստելու մեղադրանքները»,- հայտարարել է Բուկովսկին՝ հավելելով նաև, որ ներկայումս ինքը ծանր հիվանդ է:

Վլադիմիր Բուկովսկին ԽՍՀՄ-ում այլախոհական շարժման հիմնադիրներից մեկն է: Խորհրդային ժամանակներում նա, ընդհանուր առմամբ՝ 12 տարի անցկացրել է կալանավայրերում և հոգեբուժարաններում: 1976 թ. խորհրդային կառավարությունը նրան փոխանակեց Չիլիի կոմունիստների առաջնորդ Լուիս Կոռվալանի հետ: Այդ ժամանակից ի վեր Բուկովսկին ապրում է Քեմբրիջում, որտեղ ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում: Նա մոսկովյան Օլիմպիադա-80-ը բոյկոտելու կազմակերպիչներից մեկն էր, 1983 թ. մասնակցել է միջազգային հակակոմունիստական «Դիմադրության ինտերնացիոնալ» կազմակերպության ստեղծմանը, այնուհետև ընտրվել է այդ կազմակերպության նախագահ:

1992 թ. Բորիս Ելցինի հրամանով Բուկովսկուն վերադարձվեց ռուսաստանյան քաղաքացիությունը, սակայն հետագայում ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին, թե նա հրաժարվել է քաղաքացիությունից: Բուկովսկին հերքել է այդ լուրերը:

2004 թ. Վլադիմիր Բուկովսկին դարձավ «Կոմիտե 2008. Ազատ ընտրություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիրներից մեկը, որի կազմում ընդգրկվեցին մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ Գարրի Կասպարովը, Բորիս Նեմցովը, Վլադիմիր Կարա-Մուրզան, Եվգենի Կիսելյովը:

2007 թ.  մոտավորապես 800 անդամներից բաղկացած  նախաձեռնող խմբի կողմից Բուկովսկին առաջադրվեց որպես  ՌԴ նախագահի թեկնածու, սակայն ԿԸՀ-ն մերժեց նրա հայտը՝ մերժումը հիմնավորելով նրանով, որ նա վերջին տասը տարիներին ապրել է ՌԴ տարածքից դուրս:  Փոխանցում է gazeta.ru-ն: