29.04.2015 12:02

«Պատմաբանասիրական հանդեսը»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի առթիվ

«Պատմաբանասիրական հանդեսը»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդեսը» 2015 թվականի 1-ին համարում ընդարձակ հրապարակում է զետեղել Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի առիթով (էջ 247-283, նյութի հեղինակներ՝ Աշոտ Սարգսյան եւ Ավետիս Ավագյան)։

Հրապարակման համառոտ նախաբանում մասնավորաբար ասվում է. «Նկատի ունենալով մեկ անձի մեջ գիտնականի եւ պետության ղեկավարի զուգակցման հազվադեպ պատահող հանգամանքը՝ պատշաճ համարեցինք այդ հիշարժան տարեթիվը նշել ոչ թե ավանդական կարգով, այլ հոբելյարին վերաբերող արխիվային, հուշագրական եւ մատենագիտական որոշ նյութերի հրապարակմամբ, որոնք լավագույնս են բացահայտում գիտնականի եւ պետական գործչի նրա կերպարը»։

Արխիվային նյութերի մեծագույն մասն առաջին անգամ է հրապարակվում։ Նկատի ունեալով գիտական այս հանդեսի սահմանափակ տարածվածությունը, iLur-ը ստորեւ լայն ընթերցողներին է ներկայացնում հիշյալ հրապարակումից համառոտ մի ակնարկ։

Հոբելյանական հրապարակումը բաղկացած է վեց բաժնից։

Առաջին բաժնում՝ «Գիտական շրջանակների բնութագրումներ», նշանավոր գիտնականների՝ տարբեր առիթներով Լեւոն Տեր-Պետրոսյանին տված գնահատականներ ու բնութագրումներ են՝ թե՛ որպես գիտնական, թե՛ որպես քաղաքական ու պետական գործիչ։ Այս բաժնի առաջին նյութը հայտնի պատմաբան, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի՝ դեռ 1996 թ. հեղինակած մի հոդվածն է՝ «Գիտնականը եւ նախագահը» վերնագրով։ Նա իր հոդվածի սկզբում որպես բնաբան դրել է հորոսկոպի՝ Այծեղջյուրի նշանի տակ ծնվածների հետեւյալ բնութագիրը. «Բնավորությունը համառ է։ Ուղեղը՝ զարգացած... Հոյակապ աշխատող է... Տաղանդավոր պետական գործիչ, գիտնական։ Փայլուն խելքի եւ հոյակապ հիշողության տեր է...»։ Ապա ընդարձակ ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի մեջ զուգակցված ու ներդաշնակված նույն այս որակները՝ համարելով, որ հենց դրա շնորհիվ է, որ «նա ղեկավարում է երկիրը... ելնելով գիտնականի իր պատրաստությունից»։  Ինչպես տեղեկանում ենք հրապարակման հեղինակների ծանոթագրությունից, այս հոդվածը 1996-ին չի հրապարակվել Նախագահի խնդրանքով՝ «ընտրությունների նախօրյակին հեղինակի բարեկամական վերաբերմունքը չչարաշահելու նկատառումով»։

Երկրոդ փաստաթուղթը ֆրանսիացի հայտնի հայագետ, ակադեմիկոս Ժան-Պիեռ Մահեի՝ հայերեն գրված մի նամակն է՝ թվագրված 1989 թ. հունվարի 6-ով, հասցեագրված՝ Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Կառլեն Դալլաքյանին։ Նամակի ամսաթիվը հուշում է արդեն, թե այն ինչ խնդրի պետք է նվիրված լիներ։ Այդ ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղ Կոմիտեի» իր ընկերների հետ ձերբակալված էր։ Հայտնի ֆրանսիացի հայագետը խնդրում է ազատ արձակել Մատենադարանի գիտնական քարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր իր «պաշտոնակցին», որը, չնայած «համեմատաբար երիտասարդ հասակին, մեծ վաստակ ունի հայագիտության մեջ»։ Հրապարակման հեղինակները ծանոթագրության մեջ նկատում են, որ նման մի քայլը  ֆրանսիացի հայագետի կողմից որոշակի խիզախություն էր պահանջում, քանզի, եթե իրերն այլ կերպ դասավորվեին, ապա Ժան-Պիեռ Մահեն կարող էր դառնալ անցանկալի անձ եւ զրկվել Մատենադարան այցելելու ու նրա նյութերից օգտվելու հնարավորությունից։

Հաջորդ փաստաթուղթը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի մի հոդվածն է «Պատմությունը չի ներում փաստերի խեղաթյուրումը» վերնագրով՝ հրապարակված «Գոլոս Արմենիի» թերթի 2014 թ. նոյեմբերի 11-ի համարում։ Ակադեմիկոսը հոդվածը գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների մասին մեր պատմագրության մեջ կատարված հարյուրավոր կեղծիքներից ու վերագրումներից մեկի առիթով (իբր՝ Վիկտոր Համբարձումյանը ժամանակին ԳԱ նախագահի պաշտոնից հեռացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետապնդումների պատճառով), մի դրվագ, որին ինքն անձամբ, որպես ԳԱ ակադեմիկոս քարտուղար, պարզապես՝ ներկա ու մասնակից է եղել։ Ներկայացնելով Վ. Համբարձումյանի նկատմամբ Հանրապետության նախագահի ճիշտ հակառակ՝ չափազանց հարգալից վերաբերմունքը և երկուստեք ջերմ հարաբերությունները, Բարխուդարյանը հիշում է, թե ինչպես մեծանուն գիտնականի՝ որպես Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ՝ թոշակի գնալու անձնական որոշումից հետո, հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանությամբ ու միայն Վ. Համբարձումյանի համար, հիմնվեց Ակադեմիայի պատվավոր նախագահի կոչումը։

 Այս շարքում չորրորդ փաստաթղթի հեղինակը հայտնի իրավաբան գիտնական, ակադեմիկոս Յուրի Բարսեղովի անձնական մի նամակն է՝ գրված 2005 թ. մայիսին։ Նա հայտնում է, որ Մոսկվայում իր ղեկավարած միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը ձեռնամուխ է եղել «Համահայկական ազգային գաղափարի» մշակման։ Այդ առիթով նա դիմում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով հայտնել իր կարծիքը այդ նախաձեռնության առիթով եւ մի շարք հարցերում նրա օժանդակությունը՝ «Ճանաչելով Ձեզ որպես ականավոր ինտելեկտուալ եւ նկատի ունենալով Ձեր մեծ քաղաքական փորձը»։

Երկրորդ բաժնը  «Հայոց եկեղեցու առաջնորդների օրհնություններն» են։

Վազգեն Ա. Վեհափառի մի օրհնության խոսքը վերաբերում է 1992 թ. պատրաստված, բայց ինչ-ինչ պատճառներով չհրապարակված մի հատորի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կյանքի ու գործի մասին։ Վեհափառը նրան գնահատում է որպես «հմուտ գիտնական Մատենադարանի», «բարեխիղճ դասախոս հայ միջնադարյան մատենագրության», շեշտում նրա գործակցությունը՝ որպես «Սուրբ գրքի, մասնավորապես՝ Սաղմոսաց գրքի» թարգմանիչ։ Նույն կերպ գնահատում է նաեւ նրա քաղաքական գործունեությունը. «Մեր վերածնած մայր երկրի ազգընտիր նախագահի մէջ մենք տեսնում ենք նույն գիտնականի մտածումի պայծառությիւնը եւ ժողովրդին ծառայելու նույն ինքնավստահ եռանդն ու նվիրումը»։

Գարեգին Ա. Վեհափառի մի խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին հնչել է 1995 թ. ԱՄՆ-ում՝ Ամերիկայի հայկական համագումարում մեծարման երեկոյի ընթացքում։ Ժամանակի եւ Նախագահի մասին նրա գնահատականն այսպիսին է. «Ես քաջ գիտակցում եմ, թե ինչպիսի դժվարին պարտականություն է դրված մեր Նախագահի վրա մեր պատմության մի այնպիսի վճռորոշ ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը բազում զրկանքներ եւ զանազան անտանելի դժվարություններ է դիմագրավում... հիրավի մի մարտահրավեր, որի դիմակայումը մեծագույն պատասխանատվություն եւ պարտքի զգացում է պահանջում։ Մեր Նախագահն, ահա, քաջությամբ, ոգու տոկունությամբ ու անսահման նվիրումով օժտված այդ մարդն է»։

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի մի նամակը Լեւոն Տեր-Պետրոսյանին, թվագրված 2006 թ. հունվարի 3-ով, շնորհակալական խոսք է նրա՝ «Խաչակիրները եւ հայերը» հայտնի աշխատության երկրորդ հատորը ստանալու առիթով։ Վեհափառը, որպես պատմական նույն շրջանի հարցերով զբաղված գիտնական, բարձր է գնահատում կատարած գիտական աշխատանքը՝ համոզված, որ այն կարեւոր նպաստ է բերում Կիլիկյան շրջանի Հայոց պատմությանը։

Երրորդ բաժինը վերնագրված է «Արտասահմանյան պետությունների ղեկավարների եւ պետական-քաղաքական գործիչների կարծիքներ»։ Ստորեւ՝ դրանցից կարճ քաղվածքներ.

Ջորջ Բուշ (ԱՄՆ նախագահ). «Ես վայելել եմ Հայաստանի անկախության առաջին տարվա ընթացքում Ձեզ հետ համագործակցելու հաճույքը եւ հավատացած եմ, որ միասին մենք կերտել ենք հայ-ամերիկյան ապագա հարաբերությունների ամուր հիմքերը»։

Բորիս Ելցին (Ռուսաստանի Դաշնության նախագահ). «Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես հեղինակավոր պետական գործչի, որը անձնական մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»։

Բիլ Քլինթոն (ԱՄՆ նախագահ). «Մինչ նորանկախ Հայաստանը դիմագրավում էր անհամար մարտահրավերներ, Դուք առանցքային դերակատարում ունեցաք Հայաստանի՝ որպես անկախ, ինքնիշխան պետության կայացման գործում։ Դուք հիշվելու եք Հայաստանի տնտեսության վերափոխման եւ բոլոր հայերի կյանքի բարելավման խնդրում ներդրած մնայուն ավանդի համար։ Ես հատկապես գնահատում եմ Ձեր խիզախ առաջնորդությունը՝ վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ կատարած աշխատանքի համար...»։

Եվգենի Պրիմակով (ՌԴ արտաքին գործերի նախարար, ակադեմիկոս, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1998 թ. փետրվարի 3-ի հրաժարականի առիթով). «Մենք հասկանում ենք, որ  խոշոր և պատասխանատու պետական գործչի այդ խիզախ քայլը թելադրված էր Հանրապետության համար դժվար ժամանակ ազգի միասնության մասին հոգածությամբ… Բարձր եմ գնահատում  Ձեր հրաշալի որակները՝ որպես մարդ և քաղաքական գործիչ, գիտնական-էնցիկլոպեդիստ: Ձեր շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները նոր զարգացում ստացան, դաշնակցային բնույթ ձեռք բերեցին:  Հայաստանն ու Ռուսաստանը միասին կարող են հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները: Համոզված եմ, սիրելի Լևոն Հակոբի, որ Դուք դեռ Ձեր խոսքն ասելու եք կյանքում և քաղաքականության մեջ»:

Անատոլի Չուբայս (ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ). «Դուք բացառիկ, պատմության տեսակետից կարևոր ավանդ եք բերել Հայաստանի պետականության կայացման գործում, որը մեծապես հենց Ձեր՝ առաջին նախագահի անձնական ջանքերով է դարձել ազատ երկիր: Համոզված եմ, որ Ձեր նախագահության վեց տարիների ընթացքում ստեղծվել է, ըստ էության՝ նոր Հայստան, որն անդառնալիորեն հավատարիմ է ժողովրդավարական վերափոխումներին»:

Յոզեֆ Լիբերման (ԱՄՆ Սենատի անդամ). «Պատմաբաններն իրավամբ կարող են արձանագրել, որ կոմունիզմի փլուզումը խորհրդային բլոկի ներսում սկսվեց ոչ թե Ռուսաստանի սրտից կամ Կենտրոնական Եվրոպայից, այլ Հայաստանից.... 1991 թ. սեպտեմբերին հանրապետության ընտրողների ճնշող մեծամասնությունը  կողմ քվեարկեց անկախությանը, իսկ հոկտեմբերի 16-ին քվեների 83 տոկոսով նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նախագահ Տեր-Պետրոսյանն արժանի է ոչ միայն մեր հիացմունքին, այլեւ մեր օժանդակությանը»։

Չորրորդ բաժնում  հայաստանյան եւ ղարաբաղյան քաղաքական գործընկերների գնահատականներն են։ Կրկին՝ մի քանի կարճ քաղվածքներ դրանցից.

Բաբկեն Արարքցյան (ՀՀ Ազգային ժողովի նախագահ). «Բացարձակապես չիդեալականացնելով մեր Նախագահին՝ կասեի, որ նա ունի բոլոր այն մարդկային հատկանիշներն ու այն պատրաստվածությունը, որոնք անհրաժեշտ են երկրի ղեկավարին»։

Գագիկ Հարությունյան (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ). «Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչին ամենից առաջ բնորոշ են մտավոր մեծ ներուժը, բարդագույն հասարակական երեւույթները դեռեւս սաղմնավորման փուլում խորությամբ ընկալելու, դրանց զարգացման միտումները բացառիկ նրբանկատությամբ զգալու, գործնական քաղաքականության մեջ իրավիճակային գրեթե անգերազանցելի վերլուծություն կատարելու եւ ճգնաժամային  իրադրություններում համբերատար, հետեւողական ու միակ հնարավոր քայլը գտնելու՝ ղեկավարի համար անչափ կարեւոր հատկանիշները։ ... մի շարք խոշոր, միջազգային մակարդակի քաղաքական դեմքեր անթաքույց ձեւով իմ ներկայությամբ  իրենց հիացմունքը, ինչու չէ՝ նաեւ բարի նախանձն են արտահայտել մեր նախագահի՝ որպես մեր ժամանակի խոշոր քաղաքական գործիչներից մեկի այդ որակների հանդեպ»։

Հայաստանյան եւ ղարաբաղյան ես մեկ տասնյակ քաղաքական գործիչներից բերված են տարբեր ժամանակներում տրված նույնպիսի գնահատականներ. Հրանտ Բագրատյան (ՀՀ վարչապետ), Վազգեն Սարգսյան (ՀՀ Պաշտպանության նախարար), Ռոբերտ Քոչարյան (ԼՂՀ նախագահ), Արթուր Թովմասյան (ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ), Լեոնարդ Պետրոսյան (ԼՂՀ վարչապետ), Սամվել Բաբայան (ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար), Դավիթ Շահնազարյան (ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության նախագահ), Էդուարդ Եգորյան (ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ), Ալեքսանդր Արզումանյան (ՀՀ արտաքին գործերի նախարար), Ֆելիքս Մամիկոնյան (Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպան), Մանվել Գրիգորյան (ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ)։

Հինգերորդ բաժինում «Սփյուռքից արձագանքներն» են։

Ալեք Մանուկյանը («Հայ բարեգործական ընդհանուր միության» նախագահ) ընդարձակ մի նամակում իր տպավորություններն է հաղորդում 1994 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ կատարած այցից հետո. «Այսօր մեր ժողովուրդն ամէնէն աւելի կարիք ունի խաղաղութեան։ Մենք ուրախ ենք, որ այսօրուան փոթորկալի կեանքին մէջ Հայաստանը Ձեզի նման խոհեմ եւ ինքնավստահ նաւապետ մը ունի, եւ վստահ ենք, որ շնորհիվ Ձեր կամքին  եւ իմաստութեան մեր հայերնիքի նաւը պիտի հասնի ապահով նավահանգիստ»։

Վահե Օշական (Սփյուռքահայ հեղինակավոր մտավորական, գրող, գրականագետ). «Ինծի համար միշտ հպարտութեան առիթ եղած է գիտնալ թե նորանկախ Հայաստանի նախագահը մտավորական մըն է, թրծված ակադեմիական տիսիփլինին մէջ, եւ հմուտ՝ հին-հին ազգաց պատմութեան ու մշակոյթի բաւիղներու բովանդակութեան ուր կը մխրճվին մեր ազգին ալ արմատները։ Պատմաբան, բանասէր, լեզուագէտ, ըմբոստ ու ժողովրդային ոգիի պարագլուխ – քանի՞ ազգ աշխարհի երեսին օժտված է նման ղեկավարով մը»։

Վենետիկի «Բազմավէպ» հանդեսի խմբագիր հայր Սահակ Ճեմճեմյանի՝ 1988 թ. ապրիլի 30- ի նամակը վերաբերում է այդ հանդեսում շարունակաբար տպագրվող՝ «Ասորիների դերը Հայկական Կիլիկիո մշակութային կյանքում» աշխատությանը. «1987 –ին «Բազմավէպին մէջ արդեն հրապարակեցինք Ձեր հօդուածին առաջին մասը, զարմանալով միանգամայն, թե նման գանձ ինչո՞ւ մնացած է ցարդ դարակին մէջ։ Ամէն կերպով կը գնահատեմ Ձեր աշխատութիւնը, որու նմանը դժուար է գտնել։ Այսքան խոր, գիտութեամբ լեցուն, հմտութեամբ տարածուն հեղինակը թող վստահ ըլլա, թե անկեղծօրէն կը գնահատուի այս ուսումնասիրութիւնը»։

Եւ այս բաժնի վերջին նյութը Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագիր Րոպեր Հատտեճյանի՝ 1997 թ. հղած մի նամակն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց համազգային շարժման համագումարում ունեցած ելութի առիթով, որն արեւմտահայերենի վերածելով՝ անմիջապես զետեղել է թերթում.«Անձնական համոզումս այն է, որ աշխարհի վրայ սակաւաթիւ, շատ սակաւաթիւ Հանրապետութեան նախագահներ կրնան խօսիլ այնքան իրատես, այնքան անկեղծ, այնքան կառուցողական, այնքան նաեւ ինքնաքննադատական կամ ինքզինք եւս վերլուծող, մանաւանդ այնքան ակադեմեական մերձեցումով, որքան Դուք ըրած եք»։

Վեցերորդ բաժինը Լեւոն Տեր Պետրոսյանի աշխատությունների մատենագիտությունն է՝ գիտական եւ քաղաքական։

Գիտական աշխատությունները վերաբերում են հայ-ասորական հարաբերություններին, հայ մատենագրության այլազան հարցերի, Կիլիկիայի պատմությանը եւ այլն՝ հայերեն, ռուսերեն եւ օտար լեզուներով։ Դրանցից 14-ը մենագրություններ են՝ առանձին գրքերի տեսքով, 32-ը՝ հոդվածներ, 17-ը հայագիտական տարբեր աշխատությունների մասին գրախոսականներ են, 25-ը՝ ամբողջական կամ կիսավարտ անտիպ մենագրություններ ու հոդվածներ, որոնց ավելանում են 8 խմբագրված գրքեր։ Եւ այս ամենը (բացի «Խաչակիրները եւ հայերը» աշխատությունից)` նրա գիտական գործունեության ընդամենը 17-18 տարիների ընթացքում (1971-1988 թթ.)։

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ բազմալեզու մամուլում սփռված հազարավոր քաղաքական հրապարակումներից մատենագիտական ցանկում դրված են միայն առանձին գիրք-ժողովածուներով ու գրքույկներով հրապարակումները՝ 20 միավոր, այդ թվում՝ ընթերցողին արդեն քաջ ծանոթ «Ընտրանին», «Վերադարձը» «Հայ-թուրքական հարաբերությունները»։ Հենց այս ցանկից էլ իմանում ենք, որ բացի վերջին օրերին հրապարակված «Հայոց ցեղասպանությունը. Հայացք պետականության դիտակետից», գրքից, շուտով կհրապարակվի նաեւ նրա՝ 2009-2015 թթ. ելույթների, հոդվածների հարցազրույցների ստվար ժողովածուն՝ «Մաքառում» վերնագրով։

iLur.am