30.04.2015 16:05

Մահացել է մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

Մահացել է մեծանուն ծանրորդ Վարդան Միլիտոսյանը

Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը ցավով տեղեկացնում է, որ ծանր  հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ,  վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:

Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ.  հուլիսի 8–ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Վարդան Միլիտոսյանը զինծառայության  ժամանակ,1964–ից,  մարզվել է  ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ  Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Նա  շռնդալից հաղթանակներ է  տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը, դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976 թ.), աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և  միջազգային  պաշտոնական  մրցաշարերում: 

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո (1980թ.).  մեծանուն  մարզիկը   համալրել է  հարազատ քաղաքի  ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի  մարզիչների շարքը  ու  դարձել հմուտ ուսուցիչ: Նա շատերին է վարպետության դասեր տվել. մարզել է  նաև  եղբորորդուն`  Իսրայել Միլիտոսյանին՝  նրան  դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի  արծաթե (1988 թ.) և ոսկե (1992 թ.) դափնեկիր:  

Երբեք  չէր խոսում, չէր հիշատակում  իր  մեծ  նվաճումների  ու կատարած   մարզական սխրանքների մասին, քանզի նա  բարձր էր ու ցանկանում էր  մշտապես  բարձրացնել գործընկերներին;  Ահա թե ինչու մարզադպրոցի աշխատակազմը   չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն: 

Վերջին տասնամյակում,  սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով,  նա ստիպված  եղավ այլ աշխատանքի անցնել:  Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին  ու հոգով – սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է  հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին: 

Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական  ու համաշխարհային  սպորտի պատմագրքում: