01.12.2012 17:05

Իրանը ցուցադրել է անսովոր՝ փիրուզագույն սուզանավ

Իրանը ցուցադրել է անսովոր՝ փիրուզագույն սուզանավ
Լուսանկարը՝ Screenshot from Press TV

Իրանի ՌԾՈՒ-ն տեղական ԶԼՄ-ներին է ցուցադրել մի սուզանավ, որն անսովոր՝ վառ փիրուզագույն է ներկված, այսօր հաղորդում է Yahoo news-ը: Ghadir դասի (սուզանավերի գերփոքր դաս) Sina 7 նոր սուզանավի ցուցադրությունը կայացել է անցյալ հինգշաբթի, Բանդար-Աբաս նավահանգստային քաղաքում, Իրանի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարիի ներկայությամբ, որը նշել է սուզանավի մեծ կարողությունները երկրի պաշտպանությունն ապահովելու հարցում:

Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ հարց են տալիս, թե ինչու է նոր սուզանավի համար այդքան յուրօրինակ գույն ընտրվել: Մասնավորապես, Daily Mail պարբերականը գրել է, որ հնարավոր է՝ այդ գույնը սխալմամբ է ստացվել, երբ փորձել են այնպիսի երանգ ստանալ, որը կօգներ, որպեսզի սուզանավը ձուլվեր ծովին և աննկատ դառնար հակառակորդի համար: Իրանական արտադրության Sina 7 սուզանավը սպառազինված է հականավային տորպեդներով և, ՌԾՈՒ ղեկավարության խոսքերով՝ իսլամական հանրապետության պաշտպանական նոր ռազմավարության կենտրոնական օղակներից մեկն է: Նախկինում Իրանի ՌԾՈՒ-ն իր սուզանավերը ներկում էր ավանդական սև և կապույտ գույներով: