07.05.2015 15:23

Սկանդալ. ԱՄՆ-ում անտեսված Սերժ Սարգսյանը «սխալ» Ռիդի հետ է հանդիպել

Սկանդալ. ԱՄՆ-ում անտեսված Սերժ Սարգսյանը «սխալ» Ռիդի հետ է հանդիպել

Չէինք էլ հասցրել մարսել Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած անպտուղ եւ առանց բարձր մակարդակի հանդիպումների անցնող այցի հետ կապված լուրը, երբ պարզվեց, որ նույնիսկ Սարգսյանի՝ ցածր մակարդակներով կայացած հանդիպումների վերաբերյալ մեզ նոր սենսացիաներ են սպասվում:

Մասնավորապես, երեկ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել՝ այսպիսի բովանդակությամբ. «Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սենատի հանրապետական և դեմոկրատ մի շարք այլ անդամներ:Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը: Հանրապետության Նախագահի (նկատի ունեն Սերժ Սարգսյանին-խմբ.) խոսքով, նաև սենատորներ Միտչ Մըքոնելի և Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք և հոգածություն ցուցաբերելու համար: Սարգսյանը և ԱՄՆ սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Ներկա բոլոր սենատորներն իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:

Հիմա՝ ամենազավեշտալին: Սերժ Սարգսյանը իսկապես հանդիպել է սենատոր Ռիդի հետ: Բայց ո՛չ այն Ռիդի հետ, որի մասին խոսվում է հաղորդագրության մեջ: Սերժ Սարգսյանի զրուցակիցը ոչ թե Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդն է եղել (Harry Reid), այլ՝ դեմոկրատ սենատոր Ջոն (Ջեք) Ֆրենսիս Ռիդը (Jack Reed): 

Երկու լուսանկարներում էլ ակնհայտ երեւում է հենց վերջին Ռիդը: Իսկ հաղորդագրության մեջ նշված Ռիդը ոչ հանդիպման լուսանկարում կա, ոչ էլ՝ հանդիպումից հետո արված լուսանկարում: Եւ դա՝ այն դեպքում, երբ ըստ պաշտոնական հաղորդագրության Սարգսյանը հանդիպման ժամանակ Ջոն (Ջեք) Ֆրենսիս Ռիդին երախտիքի խոսքեր է ասել, որոնք իրականում ուղղված են եղել դեմոկրատների խմբակցության ղեկավար Հարրի Ռիդին: 

Իսկական՝ Հարրի Ռիդը

Հիմա բնական հարց է ծագում. Սերժ Սարգսյանն ու նրա այդ հանդիպման կազմակերպիչները, հանդիպման մյուս մասնակիցները՝ ԱԳ նախարար Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հակոբյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդպես էլ չե՞ն իմացել, թե որ Ռիդի հետ են «հանդիպեցնում» Սարգսյանին, թե՞ իմանալով հանդերձ՝ միտումնավոր են այսպես կազմել հաղորդագրությունը՝ Սարգսյանի հանդիպման առանց այդ էլ ցածր մակարդակը արհեստականորեն «բարձրացնելու» համար: Մնում է, որ Սարգսյանի աշխատակազմը պաշտոնական պարզաբանումներ տա, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ հաղորդագրության տեքստի մեջ տեղերով փոխել են Ռիդերին եւ իրենց ղեկավարին «հանդիպեցրել սխալ» Ռիդի հետ:  

Ի դեպ՝ հանդիպման մակարդակների մասին: Սերժ Սարգսյանի այցը պլանավորվածի պես խայտառակ է անցնում: Նա մինչ այս պահը որեւէ բարձր մակարդակի հանդիպում չի ունեցել եւ, ըստ ամենայնի, էլ չի էլ ունենալու:  Այս ամբողջ ընթացքում նա, բացի սենատորներից, հանդիպել է մեկ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր թանգարան ու ԱՄՆ Կոնգրեսի գրադարան: Ու այս անհասկանալի այցի համար նա իր հետ տարել է մի հսկա շքախումբ՝ Կաթողիկոսով, նախարարներով-բանով:

Հ.Գ. Փաստորեն՝ սենատորները Սարգսյանի հանդիպումների ամենաբարձր մակարդակն էին: Բայց դա նույնն է, որ Հայաստան որեւէ երկրի նախագահ գա եւ, լավագույն դեպքում, նրան ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդունի, հա ու մեկ էլ՝ մի քանի այլ խմբակցությունների պատգամավորներ: Ի՞նչ կմտածեիք մի «նախագահի» մասին, որին հյուրընկալող երկրում ոչ մի պաշտոնյա «լայաղ» էլ չի անում ընդունել: