08.05.2015 19:32

Մադագասկարում գտել են նավապետ Քիդի ծովահենային գանձերը

Մադագասկարում գտել են նավապետ Քիդի ծովահենային գանձերը

Ստորջրյա հնագետները Մադագասկարի ափերի մոտ հայտնաբերել են ծանր՝ 50 կգ-անոց արծաթի ձուլակտոր: Նրանց համոզմամբ՝ այդ գանձը  XVII դարի նշանավոր շոտլանդացի ծովահեն Ուիլյամ Քիդի ավարն է եղել: Արծաթի ձուլակտորը հատուկ արարողության ընթացքում, որին մասնակցել են բրիտանացի և ամերիկացի դիվանագետներ, հանձնվել է Մադագասկարի նախագահին:

Սակայն մի շարք մասնագետներ  հայտարարել են, որ գտածոյի ինքնության ապացույցները բավարար չեն, և լրացուցիչ փորձաքննության կարիք է զգացվում:

Ուիլյամ Քիդը ծնվել էր Շոտլանդիայում, մոտավորապես 1645 թ.:

1695 թ. նավապետը բրիտանական կառավարությունից «կորսարյան արտոնագիր» էր ստացել, որը թույլ էր տալիս թալանել Անգլիայի թշնամի պետությունների առևտրանավերը: 1698 թ. Քիդը հարձակվել է ֆրանսիական դրոշի ներքո լողացող հայկական «Քեդահյան վաճառական» նավի վրա, որը բեռնված էր Արևելյան Հնդկաստանից բերվող ապրանքներով՝ մետաքս, ատլաս, ոսկի, արծաթ:

Նավապետ Քիդի պատմությունը ժամանակին ոգեշնչել է գրող Ռոբերտ Սթիվենսոնին՝ գրելու իր նշանավոր «Գանձերի կղզին» վեպը: Փոխանցում է BBC-ն: