11.05.2015 11:10

Ժաննա Գալստյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը

Ժաննա Գալստյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը

Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանին շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում ՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։

2015 թվականի ապրիլի 21-ին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելու, մարտում անձնական արիություն ու խիզախություն ցուցաբերելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 հոգի։

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 17 հոգի:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 303 հոգի, որից 11-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 25 հոգի, որից 1-ը` հետմահու:

Հայրենիքի արժանավոր զավակներ դաստիարակելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումները հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 3 զինծառայողների ծնողներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է 3 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 6 հոգի: Եվրոպական ատյաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերն ու իրավունքները հետևողականորեն ներկայացնելու համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել է 1 հոգի: