11.05.2015 13:08

Վ. Կարապետյան. Մի քանի նկատառում Սերժ Սարգսյանի այցերի մասին

Վ. Կարապետյան. Մի քանի նկատառում Սերժ Սարգսյանի այցերի մասին

Մայիսի 6-ից 9-ը Սերժ Սարգսյանը այցելեց Վաշինգտոն, ապա Մոսկվա՝ մասնակցելու մի շարք արարողակարգային միջոցառումների՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի հետ կապված: Երկու այցելությունները վաղoրոք ծրագրված և նախապատրաստված էին, և ակնհայտ էր, որ Հայաստանը պետք է փորձեր նաև քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել այդ այցելություններից: Առաջին հերթին՝ դրանք երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներն ու ձեռք բերվելիք պայմանավորվածությունները պետք է լինեին, որոնք բարդ վիճակում գտնվող Հայաստանին հնարավորություն պետք է տային վերականգնել հեղինակությունն ու ավելի ամուր դիրքերից դիմագրավել մեր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները:  Այսպիսով, կարելի է չկասկածել, որ ՀՀ ԱԳՆ-ն գործադրել էր ջանքեր՝ կազմակերպելու Ս. Սարգսյանի հանդիպումները բարձր մակարդակում: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի ցածր վարկանիշը, անհետևողական քաղաքականությունը, Հայաստանի ներսում դրական արդյունքների բացակայությունը հանգեցրին նրան, որ Իտալիա կատարած այցի օրինակով ՀՀ դիվանագիտությունը չկարողացավ պատշաճ մակարդակի երկկողմ հանդիպումներ ապահովել ո՛չ Մոսկվայում և ո՛չ էլ Վաշինգտոնում:

Ընդ որում՝ ԱՄՆ մայրաքաղաքում Ս. Սարգսյանին ընդունած գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակը դեսպան էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջ. Ուորլիքը: Դա ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում Ս. Սարգսյանին Միացյալ Նահանգներում, երբ անգամ ԱՄՆ պետքարտուղարը չի համաձայնում ընդունել արդեն իսկ Ուորլիքի հետ հանդիպելու համար պետքարտուղարություն ժամանած հայաստանյան բարձրաստիճան հյուրին (Հռոմում Ս.  Սարգսյանը հանդիպել էր Իտալիայի պաշտպանության նախարարի հետ):

Պաշտոնական Երևանը ձախողեց, չնայած այն նպաստավոր պայմանների, որ առկա էին այցից առաջ.

Ցեղասպանության ճանաչման շուրջ ԱՄՆ նախագահի որդեգրած դրիրքորոշումը որոշ չափով մեղմելու նպատակահարմարությունը,

Ադրբեջան -ԱՄՆ հարաբերություններում լարվածության որոշակի աճը և դրան ուղեկցող՝ ԱՄՆ հասցեին Բաքվի շարունակական հարձակումները,

ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության՝ ԱՄՆ-ի հետ վերընթաց հարաբերություններով հավասարակշռելու հանգամանքը:

Այցի ընթացքում ստորագրված առևտրի  ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրն է՛լ որևէ նորություն իր մեջ չի պարունակում՝ դրա հինական կետերը գրեթե կրկնում են Առևտրի Համաշխարհային Կազմակերպության կանոնադրական դրույթները: Այն հազիվ թե դառնա շրջադարձային՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման համար, հատկապես հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ում անգամ խոսք չասվեց «Հազարամյակի մարտահրավեր»՝ մեզ համար կենսական նշանակության ծրագրի վերականգնման մասին:

Անհնարին է գերագնահատել ԱՄՆ կարևորությունը Հայաստանի համար: Մենք մեզ չենք կարող թույլ տալ բարձրաստիճան այցը Վաշինգտոն վերածելու զբոսաշրջայինի՝ այն պայմաններում, երբ մեր հակառակորդները օգտվում են նման իրավիճակներից և ամրապնդում իրենց դիվանագիտական դիրքերը, ինչպես դա եղավ Իտալիայի պարագայում: Հայաստանը պետք է օգտագործեր ընձեռված՝ վերջին տարիներին հազվագյուտ այս հնարավորությունը՝ նոր մակարդակի բարձրացնելու Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը՝  նկատի ունենալով վերջինիս ակնհայտ դրական վերաբերմունքը մեր նկատմամբ, Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնում որդեգրված նոր մարտավարական շեշտադրումները: Այնինչ՝ մենք ունեցանք հերթական անպտուղ այցը, որը բացի ներքին քարոզիչներին (հիմնականում՝ նախկին ընդդիմադիր) ակտիվացնելուց, առարկայական օգուտներ Հայաստանին չի բերել: Սերժ Սարգսյանի՝ Իտալիա, ԱՄՆ, ՌԴ կատարած այցերի ընթացքն ու արդյունքները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանության մակարդակը չի համապատասխանում այն խնդիրներին, որ կանգնած են Հայաստանի առջև: