12.05.2015 17:04

Խմբագրական. Սերժ Սարգսյանի «դրսի» խայտառակությունները. Իտալիա

Խմբագրական. Սերժ Սարգսյանի «դրսի» խայտառակությունները. Իտալիա
Սերժ Սարգսյանի հանդիպումը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ:

Մենք արդեն տեղեկացրել ենք օրեր առաջ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած այցի խայտառակ մանրամասները: Տեղեկացրել էինք, որ Սարգսյանը ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Ռիդին շփոթել էր դեմոկրատ մեկ այլ սենատոր Ռիդի հետ եւ վերջինիս հետ հանդիպումը ներկայացրել որպես առաջինի հետ հանդիպում: Բայց իմանալով Սերժ Սարգսյանի «խասիաթը», պիտի որ արդեն սովոր լինեինք նրա կողմից թույլ տրված նման կիքսերի, քանի որ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը կլինի:

Նման մի խայտառակ այց էլ Սերժ Սարգսյանն ունեցել է անցած ամիս՝ Իտալիայում: Իտալիայում մեր աղբյուրները մի շարք ուշագրավ մանրամասներ են տրամադրել մեզ, որոնք մենք ներկայացնում ենք ստորեւ՝ համադրելով նույն այդ այցի վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի ներկայացրած կեղծիքների հետ:

Իշխանական կեղծիք՝ Սերժ Սարգսյանը Իտալիա էր մեկնել պաշտոնական այցով:

Իրականում այցը պաշտոնական չի եղել: Պաշտոնական այցն իր դիվանագիտական ձեւակերպումներն ունի, եւ ընդունող երկրի կողմից համապատասխան հրավերի առկայությունը պարտադիր է: Այնինչ, Իտալիայում որեւէ տեղ Սարգսյանի պաշտոնական այցի մասին խոսք անգամ չի եղել: Սա,  լավագույն դեպքում, աշխատանքային այց էր, որի ծախսերը ոչ թե հրավիրողն է հոգում, ինչպես պաշտոնականի դեպքում, այլ՝ մեկնողը: Իտալական մամուլում այդ օրերին նշվում էր, որ Սարգսյանի այցի նպատակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Իտալիայի հայկական համայնքին զորակցելն է: Իտալական մի քանի այլ լրատվամիջոցներում էլ նշվում էր, որ Սարգսյանը Իտալիա է մեկնել ինստիտուցիոնալ այցով, որն էլի գրեթե համարժեք է աշխատանքային այցին: Այսքանը: Բացի այդ, Իտալիայում Սերժ Սարգսյանը այդ երկրի դե-ֆակտո ղեկավարի՝ վարչապետի հետ հանդիպում չի ունեցել, Սարգսյանը հանդիպել է միայն Իտալիայի նախագահի հետ, ինչն էլ իր հերթին է ապացուցում, որ այցը պաշտոնական բնույթ չուներ: Հիշեցնենք, որ Իտալիան խորհրդարանական հանրապետություն է, եւ պետության իրական գլուխը ոչ թե նախագահն է համարվում, այլ՝ վարչապետը: 

Այցի արդյունքների մասին:

Իշխանական կեղծիքը պնդում էր, թե Սարգսյանը մի «ֆանտաստիկ» այց է ունեցել:

Իրականում, սակայն, այցը կարելի է համարել երկրի համար անպտուղ եւ աննպատակ: Պարզապես՝ բյուջեից անիմաստ տեղը գումարներ են վատնվել: Որովհետեւ որեւէ առարկայական հանդիպում տեղի չի ունեցել, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ (ինչի՞ համար), Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ (արարողակարգային, անարդյունք հանդիպում), Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ (նորից անարդյունք, բարեւ ձեզ, բարեւ ձեզ, լա՞վ եք, հա, լավ ենք, դո՞ւք), հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ (հազիվ իր հետ հանդիպելու ցանկություն ունեցող մարդ էին գտել), ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ,  հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ (որ ի՞նչ), ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը, մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի կողմից տրված ընթրիքին (որին ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի մասնակցել), հետո վերջապես Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին եւ հենց տեղում էլ «առանձնազրույց» է ունեցել հետն ու լուսանկարվել:

Լուսավորչի մասունքների մասին:

Իշխանական կեղծիքը պնդում է, թե հերթական աննախադեպ երեւույթն է արձանագրվել.  Լուսավորչի մասունքներն են բերվել Հայաստան:

Իրականում. Լուսավորչի մասունքները պահվում էին Նեապոլի ամենահին թաղամասերից մեկում՝ Սան Գրեգորիո Արմենիո փողոցում գտնվող վանքի նկուղում:

Վանքի պատմությունը սկսում է 8-րդ դարից, երբ Բյուզանդիայից Իտալիա է գաղթում հույն կանանց վանական համալիրն ամբողջությամբ՝ իր հետ տանելով Գրիգոր Լուսավորչի մասունքները: Մասունքների մի մասը Հայաստանին են հանձնվում 2000 թվականին, որոնք առայսօր պահվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մյուս մասը մնացել էր Նեապոլում: Ամբողջ խնդիրն այն է, որ թեեւ ավանդաբար փողոցն ու եկեղեցին ասոցացվում են Գրիգոր Լուսավորչի ու հայերի հետ, այսինքն՝ Նեապոլի այդ հին հատվածն, ըստ էության, հայկականացված էր (թեեւ այնտեղ են պահվում նաեւ իտալացիների այլ սրբերի մասունքներ եւս, օրինակ՝ Ս. Յանուարի), սակայն հատկապես վերջին շրջանում իտալացիների մոտ հայկականության այդ հետքը մոռացության մատնելու միտում էր նկատվում: Բայց Լուսավորչի մասունքները այդ հետքի վերացմանը խոչընդոտող եզակի «իրերից» էին: Եւ ահա, ՀՀ իշխանությունները որոշում են սեփական կարճաժամկետ PR-ի համար վերացնել այդ վերջին խոչընդոտն ու դարեր շարունակ հայերի մասին հիշեցնող փոքրիկ անկյունը: Այնպես որ՝ իտալացիների համար ձեռնտու էր մասունքների դուրս բերումը Հայաստան, մեզ համար՝ պետք է որ ձեռնտու չլիներ:

Շնորհակալություն պարոն Տարոնին կամ պատարագ Վատիկանում

Վատիկանում  Ցեղասպանության զոհերի հիշատակին անցկացված պատարագի եւ Հռոմի պապի կողմից «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն» բառակապակցությունն արտասանելու կապակցությամբ արված PR-ի առյուծի բաժինը իշխանական քարոզչամեքենան նվիրեց Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, եւ մասամբ՝ Սերժ Սարգսյանին: Եւ միայն ի միջի այլոց հիշատակվեց Հայ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ներսեսի անունը:

Իրականում՝ հենց վերջինս է ամենամեծ ու զգալի ներդրումն ունեցել այն հարցում, որ այդ պատարագն անցկացվի: Նախ, 2013 թվականին Ներսես պատրիարքը հանդիպում է ունենում Հռոմի պապի հետ: Պատրիարքն իր հետ հանդիպմանը տանում է նաեւ Հայոց ցեղասպանությունը վերապրածներից մեկի թոռանը: Եւ այդտեղ էլ ահա Հռոմի պապն արտասանում է «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն» բառակապակցությունը: Դա 2013-ի հունիսին էր, Սարգսյանի փեսան դեռ նոր-նոր էր դեսպան նշանակվել:

Ինչ վերաբերում է պատարագին, ապա պապի այդ մտադրության մասին բարձրաձայնվում է 2014-ի օգոստոսին՝ Բուենոս-Այրեսի Ս. Նարեկ եկեղեցում: Պապի մտադրության մասին պատարագի ժամանակ խոսում է Բուենոս-Այրեսի Արքեպիսկոպոս կարդինալ Մարիո Պոլին: Եկեղեցու պաստոր Պաբլո Հակիմյանը հետո հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ անցկացնելու որոշումը Վատիկանում կայացրել են՝ ի պատասխան Հայ Կաթոլիկ եկեղեցու առաջարկի:

Այնպես որ՝ ո՛չ Միքայել Մինասյանը եւ ո՛չ էլ, առավելեւս, Սերժ Սարգսյանն այս ամենի հետ որեւէ կապ չեն ունեցել: Պարզապես՝ իմանալով, որ նման միջոցառում է նախատեսված, Սերժ Սարգսյանը վեր է կացել եւ որպես մասնավոր անձ մեկնել է Վատիկան, բայց որպեսզի այցի իրական նպատակը այդքան ակնառու չերեւա, ձեռքի հետ կազմակերպվել է Իտալիայի այդ խայտառակ այցը, որպեսզի հետո ասեն, թե Սարգսյանն այդ օրերին պաշտոնական այցով գտնվում էր Իտալիայում, եւ այդ պատճառով էլ «ձեռքի հետ» այցելել է նաեւ Վատիկան եւ մասնակցել պատարագին:

***

Եւ վերջում: Ապրիլի 24-ին Հռոմի պապի Երեւան չգալը՝ հայկական դիվանագիտության եւ իշխանությունների խայտառակությունն էր: Բանն այն է, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ 2014-ի վերջերին պապը՝  Թուրքիայից բացի, պետք է այցելի նաեւ Հայաստան: Այցի մասին նույնիսկ Վատիկանի պաշտոնական կայքում տեղեկատվություն կար՝ պապի այցերի ցանկում:

Բայց ՀՀ իշխանություններին խիստ անհրաժեշտ է եղել, որ այցը տեղի ունենա 2015-ի ապրիլին: Հենց այդ պատճառով էլ, ամիսների տարբերությամբ, Վատիկան են այցելում Գարեգին Բ-ն, ապա Արամ Ա-ն, եւ ապա Սերժ Սարգսյանը՝ համոզելու համար, որ Պապը մի փոքր հետաձգի իր այցը Հայաստան: Արդյունքը լինում է այն, որ կայքից անհետանում է 2014-ին Հայաստան այցելելու մասին տեղեկատվությունը,  Պապն իրոք հետաձգում է իր այցը, բայց ոչ այնպես, ինչպես խնդրել էին Հայաստանից, այլ՝ մինչեւ 2016 թվականը, եւ փաստացի՝ ոչ ապրիլի 24-ին, եւ ո՛չ էլ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին Պապը Հայաստան չի գալիս:

Ի դեպ, թեեւ իշխանական քարոզչամեքենան պնդում էր, թե Սերժ Սարգսյանը հանդիպել է Հռոմի պապի հետ, նման հանդիպում չի եղել: Դա եղել է ոտքի վրա կարճատեւ զրույց՝ պատարագի մատուցումից անմիջապես հետո: Այնինչ,՝ Հռոմի պապը պաշտոնապես Սերժ Սարգսյանին չի հանդիպել, չի ընդունել նրան նստավայրում, ինչպես որ դա հավուր պատշաճի արվում է այլ պաշտոնյաների դեպքում: Իսկ ահա նույն օրերին Վատիկանում գտնվող Վրաստանի նախագահին Պապն ընդունել է: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ:

Հ.Գ. Ապրիլի 24-ին Իտալիան, որը միշտ համարվել է ՀՀ բարեկամ երկրներից մեկը, այդպես էլ բարձր մակարդակի պատվիրակություն չուղարկեց Երեւան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Իտալիայից Երեւան եկան միայն խորհրդարանի երկու փոխխոսնակները:

Քրիստինե Խանումյան