13.05.2015 19:45

Գամբիայի նախագահը սպառնացել է իր երկրում կտրել բոլոր միասեռականների կոկորդը

Գամբիայի նախագահը սպառնացել է իր երկրում կտրել բոլոր միասեռականների կոկորդը

Գամբիայի նախագահ Յահյա Ջամմեն սպառնացել է իր երկրում կտրել բոլոր միասեռականների կոկորդը, հաղորդել է The Independent-ը:

«Ես կսպանեմ այն մարդկանց, ովքեր դա անում են Գամբիայում: Եթե այս պետությունում մի տղամարդ  ցանկանա ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ, մենք նրան կբռնենք, և այլևս ոչ ոք նրան չի տեսնի»,- հայտարարել է նախագահը երկրում իր շրջագայության ընթացքում:

Անցյալ տարվա նոյեմբերին Ջամմեն օրենք ընդունեց՝ «հոմոսեքսուալիզմ՝ ծանրացուցիչ հանգամանքներում» հանցագործության համար ցմահ ազատազրկում սահմանելու վերաբերյալ: Կյանքի մնացած մասը ճաղերի ետևում կարող են անցկացնել ՍՊԻԴ-ով և ՄԻԱՎ-ով հիվանդ գեյերն ու լեսբուհիները, նաև նրանք, ովքեր առաջին անգամը չէ, որ պատասխանատվության են ենթարկվում համասեռական կապերի համար: Մինչ այս օրենքի ընդունումը՝ Գամբիայում համասեռական կապերի համար նախատեսված էր մինչև 14 տարվա ազատազրկում:

2008 թ. երկրի ղեկավարը գեյերին և լեսբուհիներին խորհուրդ էր տվել հեռանալ Գամբիայից՝ հակառակ դեպքում սպառնալով կտրել նրանց գլուխները:

Յահյա Ջամմեն հայտնի է ոչ միայն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց դեմ իր ակտիվ կամպանիայով, այլև իր սկանդալային նախաձեռնություններով: Այսպես, 1999 թ. նա իր մորաքրոջ մահվան մեջ մեղադրեց կախարդներին, և այդ ժամանակ երկրում «վհուկների որս» սկսվեց: Պետության ղեկավարը հայտարարել է նաև, որ գտել է ՍՊԻԴ-ի բուժման դեղամիջոցը՝ առաջարկելով այն բուժել դեղաբույսերի թուրմերով: Փոխանցում է lenta.ru-ն: