18.09.2012 04:02

Դժբախտ «Ռեալն» ու խաղաղ «Բարսելոնան»

Դժբախտ «Ռեալն» ու խաղաղ «Բարսելոնան»

Իսպանիայի առաջնություն՝ 4-րդ տուր

Այն պահից, երբ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր դժբախտ կյանքի մասին, այդ դժբախտությունը աստիճանաբար տարածվում է նաև Մադրիդի «Ռեալի» և նրա արդյունքների վրա:

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Սևիլյայից» կրած  պարտությունից հետո մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասաց. «Մենք թիմ չունենք»: Թերևս, սրանով ամեն ինչ ասված է: Այն, որ «Ռեալի» ներսում լուրջ խմորումներ են ընթանում, արդեն մեծ դժվարությամբ են կարողանում թաքցնել: Իսպանական մամուլը թմբկահարում է, որ ֆուտբոլիստները բաժանվել են երկու հակամարտող ճամբարների, իրար հետ չեն խոսում, մի մասը նույնիսկ պահանջում է Մոուրինյոյի հրաժարականը: Թե որն է այս ամենում ճշմարտություն, դժվար է ասել, բայց որ կրակն առանց ծուխ չի լինում, դա հաստատ: Իսկ նման իրավիճակը ցանկացած թիմի համար, եթե նույնիսկ դա Ռոնալդուի և Մոուրինյոյի թիմն է, հղի է անկախատեսելի և տխուր հետևանքներով: 4 խաղից հետո ընդամենը 4 միավոր. սա «Ռեալի» համար իսկապես դժբախտ ցուցանիշ է: Թիմը առաջնության առաջատարից ետ է մնում արդեն 8 միավորով:

Իսկ առաջատարի՝ «Բարսելոնայի» մոտ, ընդհակառակը, ամեն ինչ հարթ է և խաղաղ: Թիմը միայն հաղթանակներ է տոնում, գեղեցիկ՝ կատալոնյան խաղաոճը ոչ մի տեղ չի կորել, Մեսին նույնիսկ իրեն հատկացված կարճ ժամանակահատվածում դուբլի հեղինակ է դառնում և գլխավորում ռմբարկուների ցուցակը: Ընդ որում, «Բարսելոնան» «Խետաֆեի» հետ խաղում (4:1) հանգիստ էր տվել իր մի քանի առանցքային խաղացողների, սակայն նրանց փոխարինած ֆուտբոլիստները՝ Մոնտոյան, Ալկանտարան, Տելյոն իրենց հիանալի դրսևորեցին:

Հրաշալի է առայժմ հանդես գալիս Մադրիդի «Ատլետիկոն»: Դիեգո Սիմեոնիի սաները այս առաջնությունում ցուցադրում են բավական դիտարժան, հարձակողական և հասուն ֆուտբոլ: Ունենալով իրենց կազմում Ռադամել Ֆալկաոյի նման հարձակվող, թիմը միգուցե լրացնի այն տեղը, որը ի սկզբանե տրված էր «Ռեալին»: