25.05.2015 19:40

Կադիրովը դարձել է Չեչնիայում «Գիշերային գայլերի» մասնաճյուղի ղեկավարը

Կադիրովը դարձել է Չեչնիայում «Գիշերային գայլերի» մասնաճյուղի ղեկավարը

«Գիշերային գայլեր» ակումբի բայքերները պաշտոնապես իրենց մասնաճյուղն են բացել Չեչնիայի մայրաքաղաքում, և դրա առաջնորդն է դարձել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: Այդ մասին Կադիրովը գրել է Ինստագրամում:

«Ես հաճույքով ընդունեցի բաժանմունքի պատվավոր առաջնորդ դառնալու առաջարկը, քանի որ լիովին կիսում եմ մոտոակումբի գաղափարներն ու նպատակները»,- գրել է Կադիրովը: Նրա խոսքով՝ մասնաճյուղի բոլոր անդամները ստորագրել են «Գիշերային գայլերի» երդման տակ և ակումբի առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովից (հայտնի՝ Խիրուրգ մականունով) ստացել են կաշվե բաճկոնակներ՝ ակումբի խորհրդանշանով: Առաջին բաճկոնը ստացել է Կադիրովը, որի նստավայրում էլ տեղի է ունեցել Գրոզնու մասնաճյուղի բացման արարողությունը:

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ «Գիշերային գայլերը» ստացել են Սևաստոպոլի քաղխորհիդին պատկանող 267 հա հող: Ինչպես հաղորդվել է քաղաքային իշխանությունների կայքում, մոտոցիկլիստները մտադիր են այնտեղ զարգացնել «հայրենասիրական մարզաձևը»: «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» աշխատակից Գերորգի Ալբուրովի հաշվարկներով՝ բայքերների համար մեկ քառակուսի մետր հողի վարձակալության արժեքը կազմում է 50 կոպեկ (մոտավորապես ԱՄՆ մեկ ցենտ):

Ավելի վաղ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Գիշերային գայլերն» իրենց ղեկավարների անունով գրանցված կազմակերպությունների միջոցով ռուսաստանյան բյուջեից ստացել են առնվազն 56 մլն ռուբլի: Ակումբի անդամները հաստատել են, որ ստացել են այդ փոխանցումները: Փոխանցում է BBC-ն: