26.05.2015 12:19

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներն ու մեր անելիքները

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներն ու մեր անելիքները

Մայիսի 21-22–ին Ռիգայում տեղի ունեցավ Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների գագաթնաժողովը, որի հիմնական արդյունքը ընդունված հռչակագիրն է:

Քանի որ գործ ունենք ԵՄ և 6 տարբեր պետությունների միջև համագործակցության աննախադեպ ձևաչափի հետ, հենց նման փաստաթղթերով է նշմարվում գործողությունների և մտադրությունների այն շրջանակը, որի սահմաններում էլ տեղի են ունենում բուն համագործակցությունը և դրա շրջանակում բազմաթիվ միջոցառումներ, ստորագրվում են գործողությունների ծրագրեր և այլ փաստաթղթեր ՝ մինչև հաջորդ գագաթնաժողովում դրանց ամփոփումն ու նոր ծրագրերի մշակումը:

Նախորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին, և Հայաստանի համար այն նշանավորվեց Ս. Սարգսյանի սեպտեմբերերեքյան կտրուկ շրջադարձի հետևանքները մեղմելու քայլերով: Այսօր արդեն երևում է, որ այդ ջանքերը, չնայած Վիլնյուսում ստորագրված Համատեղ հռչակագրին, չեն հանգել շոշափելի արդյունքների, քանի որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում չի գրանցվել որևէ առաջընթաց այդ օրերից ի վեր: Ավելին, մեկուկես տարվա ընթացքում մենք չկարողացանք պայմանավորվել իրավապայմանագրային մի նոր շրջանակի մասին, և առայսօր Հայաստան-ԵՄ համագործակցությունը հիմնված է 1996թ. (!) ստորագրված Գործընկերության և համագործակցության Համաձայնագրի (այն սահմանում է երկկողմ համագործակցություն քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսական և օրենսդրական ոլորտներում), 2006թ. ընդունված Գործողությունների ծրագրի (երկկողմ ֆորմատ), ինչպես նաև 2009 թ. մեկնարկած ԵՄ Հարևանության ծրագրի վրա (բազմակողմ ֆորմատ):

Ռիգայի գագաթնաժողովն էլ աչքի չընկավ առանձահատուկ առաջընթացով: Եթե Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում ԵՄ-ն համաձայնում է հաշվի առնել այդ երկրների եվրոպական ձգտումները, Հոդված 7 (այսինքն՝ ընձեռելով ապագայում ԵՄ անդամակցության հնարավորության), մեր պարագայում չկա ոչ մի պայմանավորվածություն առ այն, թե ինչ տեսք պետք է ունենա նոր մշակվելիք փաստաթութղը:

Ինչպես հայտնի է, Ռիգայի գագաթնաժողովի նախօրեին Եվրոպական Հանձնաժողովը (ԵՀ) դիմեց Եվրոպական խորհրդին, որպեսզի նա լիազորի ԵՀ-ին սկսել բանակցություններ Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագիր նախապատրաստելու համար:

Հրաժարվելով նախաստորագրված Ասոցացման համաձայնագրից, որը նախատեսում էր ԵՄ հետ խորացված գործընկերություն բոլոր ոլորտներում, հիմա մենք պետք է զրոյից նոր փաստաթուղթ մշակենք, որը ստորագրելուց հետո պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր 28 երկրների խորհրդարանների կողմից: Եթե Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հասարակությունները հստակ գիտեն, թե ուր են շարժվում, որն է վերջնական նպատակը, և ինչպես նրանք պետք է դրան հասնեն (նոր բան հորինելու կարիք չկա՝ այդ ճանապարհը անցել են վերջին 15 տարվա ընթացքում ԵՄ անդամակցած Արևելյան Եվրոպայի բոլոր պետությունները՝ Լեհաստանից մինչև Լատվիա), ապա Հայաստանի պարագայում անհայտ է թե՛ նպատակը, թե՛ ռազմավարական ծրագիրը, և թե՛ ինչ տեմպով պետք է առաջ շարժվենք ԵՄ հետ համագործակցության ուղղությամբ: Մեր պաշտոնյաները անգիր արած կրկնում են. «պատրաստ ենք ԵՄ-ի հետ համագործակցությանը Եվրասիական տնտեսական միությանը չհակասող բոլոր ոլորտներում»՝չպարզաբանելով, թե որքա՞ն խորն են պատրաստ տանել Հայաստանը Եվրոպական ուղով, համատեղ ի՞նչ ծրագրեր են կարող իրականացնել: Հարկ է նաև նկատել, որ բանակցային բոլոր փուլերում եվրոպական մեր գործընկերները ծանրաբեռնված են լինելու նախկին փորձի նախադեպով. մինչև 2013 թ. սեպտեմբեր Եվրոպական ամենաբարձր պաշտոնյաներն էլ վստահ էին, որ 3,5 տարի բանակցված և վերջնական տեսքի բերած Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է Հայաստանի կողմից, և այդ համոզմունքը հիմնված էր Ս. Սարգսյանի՝ անձնամբ տրված հավաստիացումների վրա: Առաջիկա բանակցությունների ընթացքում եվրոպական մեր գործընկերները շատ ավելի շրջահայաց կլինեն՝ հասկանալով, որ Սերժ Սարգսյանի բանակցող թիմը ցանկացած պահի կարող է հետ կանգնել պայմանավորվածություններից և զրոյացնել արված աշխատանքը:

ԵՄ-ի հետ համագործակցության առումով ի՞նչ տվեց Ռիգայի գագաթնաժողովը

Եվրոպական տեսլականի, ոլորտային համագործակցության առումով Ռիգայի գագաթնաժողովը մեզ համար պարզություն չմտցրեց: Միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ Եվրոպային մոտենալու առումով Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան այլևս  ինստիտուցիոնալ համագործակցության մեջ են, առաջիկայում ակնկալում են լրացուցիչ օժանդակություն ժողովրդավարության ամրապնդման, տնտեսության արդիականացման համար, կոնկրետ քայլեր են ձեռնարկում վիզաների հանման, բարեփոխումների անցկացման համար ֆինանսական նշանակալի օժանդակություն ստանալու, պետական կառույցների, օրենսդրության՝ եվրոպական ստանդարտներին ադապտացնելու ուղղությամբ, ակնկալում են ներդրումներ մասնավոր հատվածում, բազմաթիվ այլ գործողություններ: Հռչակագրի 9-րդ հոդվածում հստակ նշվում է, որ այդ երկրների հետ ստորագրված Ասոցացման համաձայնագրերի դրույթների իրագործումը լինելու է ԵՄ և գործընկերների առաջնայնությունը առաջիկա տարիներին: Հայաստանն այսօր չի կարող հավակնել թվարկվածս առավելություններից և ոչ մեկին:

Այնուամենայնիվ, Ռիգայի գագաթնաժողովը փայլուն մի պատուհան է նախատեսել Հայաստանի համար. Հռչակագրի նույն հոդվածում դրվատանքի խոսքեր են ասվում Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան եռակողմ խորհրդակցությունների ֆորմատին, որի ընթացքում ձեռք բերվեցին բոլոր կողմերի համար ընդունելի պայմանավորվածություններ: Այսպես, մայիսի 18-ին եռակողմ խորհրդակցություններին ՌԴ-ն ներկայացնող՝ տնտեսական զարգացման նախարար Ա. Ուլյուկաևը հայտարարեց, որ ՌԴ վերապահումներ չունի ԵՄ-Ուկրաինա Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ, և մի քանի ամիս անց այն կմտնի ուժի մեջ:

Այս եռակողմ ձևաչափի օգտակարության մասին առաջին անգամ խոսեց Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013 թ. սեպտեմբերի 7-ին՝ ընդգծելով մեր բոլոր գործընկերների հետ բաց և թափանցիկ երկխոսության անհրաժեշտությունը (ԵՄ-ի համագործակցության վերաբերյալ գրեթե 2 տարի առաջ Լ.Տեր-Պետրասյանի արված մի շարք կանխատեսումներ իրականություն են դարձել): 

Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրում եռակողմ խորհրդակցությունների ձևաչափի արժեւորումը գերազանց նվեր է Հայաստանի համար: ՀՀ բանակցային թիմը պարտադիր պետք է օգտվի այդ հնարավորությունից ԵՄ-ի մեկնարկելիք նոր բանակցություններում: Ստեղծելով փոխվստահության մթնոլորտ Հայաստան-ԵՄ-ՌԴ եռանկյունում՝ մենք կկարողանանք հասնել առավելագույն արդյունքների հենց ԵՄ-ի հետ համագործակցության խորացման առումով:

Վ. Կարապետյան