28.05.2015 11:22

Ռուսաստանի մասնակցությունը պատերազմին ապացուցում են Google Maps-ի օգնությամբ

Ռուսաստանի մասնակցությունը պատերազմին ապացուցում են Google Maps-ի օգնությամբ

Վաշինգտոնյան «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնը հրապարակել է զեկույց, որում, ինչպես հեղինակներն են պնդում, «անհերքելի փաստեր» են բերվում Ուկրաինայի արևելքում ռուսաստանյան բանակի մասնակցության վերաբերյալ: Այդ փաստերը հիմնված են հանրամատչելի տվյալների վրա, ինչպիսիք են Google-ի քարտեզագրական ծառայությունները:

Ռուսաստանը հերքում է իր զորքերի ներկայությունը Դոնբասում և բազմիցս հերքել է ռազմական գործողություններին իր մասնակցության վերաբերյալ բերված բոլոր ապացույցները: Ռուսաստանի պաշտոնատար անձինք պնդում են, որ Ուկրաինայի արևելքում կռվում են միայն ռուսաստանցի կամավորականներ, իսկ հակառակն ապացուցող բազմաթիվ տեսագրություններն ու լուսանկարներն ընդամենը կեղծիք են:

Այս ամիս ուկրաինական իշխանությունները գերի են վերցրել Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ Ալեքսանդր Ալեքսանդրովին և Եվգենի Երոֆեևին, ովքեր բազմիցս հաստատել են, որ իրենք ռուսաստանյան բանակի գործող զինվորականներ են, մինչդեռ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ նրանք ազատվել են ծառայությունից:

Ռուսաստանյան իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ատլանտյան խորհրդի նոր զեկույցը, որ վերնագրված է՝ «Ակնհայտորեն թաքնվողները. Պուտինի պատերազմն Ուկրաինայում»: Փոխանցում է BBC-ն: