01.06.2015 15:57

Մոսկվայում դժգոհ են «սև ցուցակի» հրապարակումից

Մոսկվայում դժգոհ են «սև ցուցակի» հրապարակումից

Մոսկվան հաստատել է, որ ԵՄ երկրներին է ուղարկել այն անձանց ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելվում է, սակայն չի ցանկանում մեկնաբանել այդ ցուցակն ըստ անձերի, հայտարարել է ռուսաստանյան ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը: Նրա խոսքով՝ փաստաթուղթը փոխանցվել է վստահության ձևաչափով, այլ ոչ թե հրապարակման նպատակով: Այնուամենայնիվ, այդ ցուցակը հայտնվել է մամուլում: ԱԳՆ աղբյուրը հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է խորհուրդ տվել երկրի դեմ պատժամիջոցներ սահմանած պետությունների ներկայացուցիչներին՝ այցից առաջ դիմելու ռուսաստանյան հյուպատոսական հիմնարկներ՝ պարզելու, թե արդյո՞ք իրենց մուտքը Ռուսաստան արգելված չէ: «Սակայն մեր գործընկերները գերադասել են դա չանել և խնդրել են իրենց տեղեկացնել դիվանագիտական խողովակներով: Հենց դրա համար էլ ուղարկվել է վերհիշյալ ցուցակը»,- նշել է աղբյուրը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստան մուտք գործելու արգելքը ԵՄ մի շարք երկրների ներկայացուցիչների համար սահմանվել է բացառապես որպես պատասխան քայլ Եվրամիության գործողություններին:

Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն փոխադարձ «սև ցուցակների» առումով իրեն շատ ավելի ադեկվատ է պահում, քան ԵՄ-ն:

Չնայած ռուսատանյան դիվանագետների խնդրանքին՝ ցուցակը հայտնվել է մամուլի տրամադրության տակ, և ֆիննական ԶԼՄ-ները հրապարակել են այն: Ցուցակում ընդգրկված են Եվրախորհրդարանի նախկին և ներկա անդամների, ԵՄ երկրների հատուկ ծառայությունների և զորահրամանատարների անուններ: Փոխանցում է Interfax-ը: