02.06.2015 13:00

Հավատացյալների զգացմունքները վիրավորելու կասկածով կստուգեն Սոբչակի լուսանկարը

Հավատացյալների զգացմունքները վիրավորելու կասկածով կստուգեն Սոբչակի լուսանկարը

Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունը ստուգում է սկսել հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի նկատմամբ: Վարույթի համար առիթ է հանդիսացել լուսանկարը, որտեղ լրագրողուհին պատկերված է եկեղեցական հանդերձանքով եւ կեղծ մորուքով: Այս մասին Facebook-ում գրել է ստուգումը նախաձեռնած փաստաբան Յարոսլավ Միխայլովը:

«Սոբչակն անցել է ամենաթողության բոլոր սահմանները եւ վիրավորել հավատացյալների զգացմունքները»,- նշել է նա: Հայցվորը կարծում է, որ լրագրողի գործողությունները Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 148 հոդվածով («Խղճի ազատության եւ դավանանքի իրավունքի խախտում») նախատեսված հանցագործության հանցանշաններ են պարունակում: Այն պատիժ  է նախատեսում ընդհուպ մինչեւ 2 տարի ազատազրկում:

Սոբչակը լուսանկարը Instagram-ում հրապարակել է ապրիլի վերջին: Նկարի մեկնաբանություններում լրագրողը տեղեկացրել է, որ այն «Сноб» ամսագրի հերթական համարում Եկեղեցու մասին պատրաստվող նյութի համար է արված: Լուսանկարը միկրոբլոգի բազմաթիվ հետեւորդների բացասական արձագանքին է արժանացել: