04.06.2015 12:53

Գրանորություն. Ինչպես ուռին եւ բարդին. Թանկան թանկ ա

Գրանորություն. Ինչպես ուռին եւ բարդին. Թանկան թանկ ա

Հեռավոր Սյուկոկու քաղաքի ռազմական հոսպիտալի դռները բացվեցին, եւ ներս մտավ մեղմաժպիտ Նակի Տակեբան: Սպիտակ գլխարկի վրա ձեռագործ կարմիր խաչը հուշում էր, որ նա պատերազմի այդ ծանր օրերին բուժքույր է աշխատում: Նա շարունակում էր մեղմիկ ժպտալ, եւ միաժամանակ ախտահանման նպատակով եռացնում էր բազմակի օգտագործման ներարկիչը: Նա ժպտում էր անգամ այն ժամանակ, երբ ներկարիչի մեջ էր պարպել մորֆինի մի ամբողջ սրվակ, եւ նաեւ այն ժամանակ, երբ ներարկիչի ասեղը հպեց հենց նոր հոսպիտալ բերված ռազմագերու երակին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մոտավորապես այսպիսի տեսք ուներ Գրետայի մայրիկը՝ չքնաղ բուժքույր Նակին

Հեռավոր Դալարիկ գյուղի բնակիչ Մելս Բուռնազյանի դեմքին նույնպես ժպիտ հայտնվեց, եւ նա՝ մոռանալով իր վիրավոր ոտքի մասին, ժպտաց հեզաճկուն Նակիին, եւ առաջին իսկ հայացքից սիրեց նրան: Նակին երկար բուժեց սովետական գերի զինվորին, եւ երբ բախտի բերմամբ ողջ մնացած Մելսը գնացքով վերադառնում էր Սովետների մեծ երկիրը, նա արդեն գիտեր, որ իր կապն այդ երկրի հետ այլեւս չի կտրվելու, որովհետեւ այնտեղ արմատներ ու սերմեր է գցել: Ամիսներ անց ծնվեց նրանց դուստրը՝ Գրետան: Բայց այն ժամանակ մայրն, իհարկե, նրան այլ անունով էր կոչել: Իզենեմի: Այսինքն, կին, որը հրավիրում է: Փոքրիկ Իզենեմին իր գոյությամբ արդեն պիտի հետ կանչեր սիրելի հայրիկին: Բայց չքնաղ Նակիին բախտ չէր վիճակված այլեւս հանդիպել Մելսին, նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին, ու նորից բախտի քմահաճույքով փոքրիկ Իզենեմին հայտնվեց Սովետների երկրում, եւ ապա փոքրիկ լեռնային Հայաստանում, որն այնքան նման էր այն երկրին, որտեղ նա ծնվել էր: Դպրոցում գեղեցկադեմ ու շեղաչյա Իզենեմին դարձավ Գրետա՝ ի պատիվ տատիկի, եւ հայրը նրան պատիվ արեց տալ իր ազգանունը՝ Բուռնազյան:

Վրույր Յաբլուկյան կրտսերին բախտ վիճակվեց ծնվել Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանի հանրակացարանում: Այո, այո, հենց այնտեղ: Հենց այդ հանրակացարանի բակում ծանոթացան այդ համալսարանում սովորող Վրույր Յաբլուկյանն ու սեւահեր Միզուկին: Երբ ծնվեց նրանց զավակը, Միզուկին պիտի ընտրություն կատարեր: Բայց քանի որ նա իր հայրենիքի հատուկ ծառայությունների գործակալ էր նաեւ, ու չէր կարող կտրել Տայրա գերդաստանի զավակներին տված սուրբ երդումը, նախընտրեց կյանքից հեռանալու ճապոնական տարբերակը. խարակիրի:

Վրույր Յաբլուկյանը, որ Լոռվա մարզից էր սերում, վերցրեց իր զավակին եւ արցունքն աչքերին եկավ Հայաստան եւ անվանեց իր զավակին իր անունով, այնպես, ինչպես որ սիրում էր չքնաղ Միզուկին:

Տարիներ անց Երեւանի Մեղեդի սրճարանում նրանք պատահաբար հանդիպեցին իրար: Գրետան նայեց Վրույրին եւ, օ՜, զարմանք, նա էլ իր պես շեղաչք էր:

-Ախպեր, հա՞յ ես,- հարցրեց նա Վրույրին:

-Հայ եմ, բայց ճապոնացի էլ եմ:

-Որքան երկար եմ սպասել այդ օրվան,- հուզվեց Գրետան եւ գրկաբաց Վրույրին առավ իր կարոտած գիրկը: Եւ նրանք նայում էին Արարատին, եւ նրանց աչքերում երբեմն-երբեմն արտացոլվում էր նաեւ հեռավոր Ֆուձիյաման:

Եւ մի պայծառ օր Վրույրը մի բանաստեղծություն գրեց:

-Այդ ի՞նչ գրեցիր,- հարցրեց Գրետան:

-Թանկա,- պատասխանեց Վրույրը:

-Շատ թանկ ա՞,- հարցրեց Գրետան:

-Ահավոր:

-Թանկաբազա՞ր:

-Էն էլ ինչպիսի:

-Էհ՜՜՜՜...

-Կեձին…

Անցան ամիսներ, եւ նրանց թանկաները արդեն մեկը եւ երկուսը չէին: Եւ եկավ այն պատմական օրը, որ նրանք պիտի լույս ընծայեին իրենց թանկաները:

Գրախոսական

Գրետա Բուռնազյանի եւ Վրույր Յաբլուկյանի ստեղծագործությունները նոր խոսք են հայ գրականության մեջ: Հիրավի, մեր գրականությունը վաղուց էր սպասել այդ օրվան: Խոսք, որ թարմություն եւ նորություն կլինի, ազատված կլինի տարատեսակ կարծրատիպերից, սովետական գրականության ավանդույթներից, եւ իր թեթեւությամբ կգերի բոլորին: Այս գրական զույգի թանկաները, կարելի է ասել, որ նաեւ նոր էջ են բացում արդի հայ գրականության ասպարեզում: Այսպիսի խոսք դուք դեռ չեք լսել, սա աննախադեպ գրականություն է, նրանք դուրս են բոլոր կարծրատիպերից, եւ խոսքով, եւ գործով: Նրանք ավանդական հայ գրողներ չեն, ցերեկը երկու տող գրող, իսկ ամառները Գրողների միության ուղեգրով Ծաղկաձոր գնացող: Նրանց խոսքը սուր է, արագ է՝ ինչպես սամուրայի թուրը, ինչ- որ տեղ՝ անգամ սլացիկ է՝ ինչպես նաիրյան դալար բարդին: Հայ գրակությունը 20-րդ դարի առաջին կեսերից հետո դեռ այսպիսի խոսք չի տեսել եւ լսել, դեռ ոչ ոք մուտք չի գործել հայ գրականություն այսպես սրընթաց ու շռնդալից: Նրանք մեր գրականության Իլֆն են ու Պետրովը, մեր նոր Բորխեսն ու Մարկեսը, Շորն ու Շորշորը, նրանք մեր նորօրյա գրականության դոնքիշոտներն են, որոնք, սակայն, ի տարբերություն մեր բարի ասպետի, իզուր չեն պայքարելու հայ գրականության հողմաղացների դեմ, նրանք մեր գրականության Տրիստանն ու Իզոլդան են, Գարգանտյուան ու Պանտագրյուելը, Սանդն ու Շոպենը, Հոմերոսն ու Էսքիլեսը, այս ժողովածուն մի նոր Շահնամե է, սա նոր երգ է՝ նոր Գիլգամիշի մասին:

Կարդացեք եւ հաճույք ստացեք:

Հ.Գ. Ի՞նչ․ Գրետա Բուռնազյանի եւ կրտսեր Վրույր Յաբլուկյանի թանկաների երկար սպասված ժողովածուի շնորհանդես-լվացք
Որտե՞ղ․ «Մեղեդի» սրճատանը
Ե՞րբ․ Հունիսի 6-ին (շաբաթ), 16։00֊- ից սկսյալ
Ծրագրում՝ 
Բացման խոսք հրատարակչի կողմից
Համաժամանակյա ասմունք-լվացք
Բարեգործական վաճառք։