04.06.2015 19:37

Freedom House. ՌԴ իշխանությունները պետք է պաշտպանեն իրավապաշտպաններին

Freedom House. ՌԴ իշխանությունները պետք է պաշտպանեն իրավապաշտպաններին

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարել է, որ Գրոզնիում «Խոշտանգումների դեմ կոմիտեի» գրասենյակի վրա հարձակումը վկայում է, որ կամ ռուսաստանյան իշխանությունները մասնակից են իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ գործադրված բռնություններին, կամ էլ ընդունակ չեն ապահովել նրա անվտանգությունը:

Չորեքշաբթի դիմակավորված անհայտ անձինք Գրոզնիում հարձակում են գործել «Կոմիտեի» գրասենյակի վրա, ավերել են այն և առևանգել Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ընթացիկ հետաքննությունների փաստաթղթերը:

«Կոմիտեի» իրավաբան Անտոն Ռիժովը գրասենյակի վրա հարձակումն անվանել է նախապես ծրագրված գործողություն:

Հակառակ իրավաբանի այս պնդման՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե, հնարավոր է՝ հենց իրավապաշտպաններն են սադրել այդ հարձակումը:

«Կոմիտե՝ ընդդեմ խոշտանգումների» կազմակերպության ղեկավար Իգոր Կալյապինը հավաստիացրել է, որ իրենք շարունակելու են հետաքննել սպանությունները, խոշտանգումները, անօրինական ձերբակալություններն ու մարդու իրավունքների այլ խախտումները Չեչնիայում, բայց կփնտրեն այլ ձևեր ու մեթոդներ: Փոխանցում է BBC-ն: