09.06.2015 19:26

БОРН-ի ղեկավարի հարցաքննության ժամանակ դատավորը կոտրել է մուրճիկը

БОРН-ի ղեկավարի հարցաքննության ժամանակ դատավորը կոտրել է մուրճիկը

Մոսկվայի քաղաքային դատարանի դատավորը ազգայնական Իլյա Գորյաչովի դատավարության ընթացքում կոտրել է մուրճիկը: Ինչպես հաղորդել է РИА Новости-ն, դա տեղի է ունեցել «Ռուս նացիոնալիստների ռազմական կազմակերպության» (БОРН) առաջնորդներից մեկի՝ Նիկիտա Տիխոնովի հարցաքննության ժամանակ:

Դատավորը փորձել է դադարեցնել Տիխոնովի փաստաբանի և դատախազի «լեզվակռիվը» և մուրճիկով այնքան ուժեղ է հարվածել սեղանին, որ այն կիսվել է: Դա, սակայն, չի խոչընդոտել դատավարության ընթացքը:

Գորյաչովը մայրաքաղաքի քննչական մեկուսարանում է գտնվում 2013 թ. նոյեմբերից, երբ նրան Սերբիայից տեղափոխեցին Ռուսաստան: Ազգայնականը մեղադրվում է բանդայի ստեղծման, ինը սպանությունների մասնակցության և զենքի ապօրինի շրջանառության մեջ:

Այս տարվա հունվարին դատարանն ուժի մեջ թողեց Նիկիտա Տիխոնովի դատավճիռը՝ 18 տարվա ազատազրկում: Նա մեղադրվում էր վեց սպանության, սպանության երկու փորձի և զենքի ապօրինի պահման մեջ:

Հետաքննության վարկածի համաձայն՝ Տիխոնովն ու Գորյաչովը БОРН ծայրահեղական կազմակերպությունն ստեղծել են 2008 թ. Մոսկվայում՝ գաղափարական և ազգային ատելության ու թշնամանքի դրդումներով սպանություններ գործելու, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու նպատակով: Փոխանցում է lenta.ru-ն: